Հայերեն   English   Русский  

​Եվ այսպես` «Ուշադրությո՛ւն, սկսվում է»...


  
դիտումներ: 798

Երիտասարդ գրողների գործերը ներկայացնող թերթի հրատարակմամբ զբաղվող ճանաչված արձակագիր Գուրգեն Խանջյանն ասում է,

թե ուղղակի ապշել էր՝ պարզելով, որ ջահելներին ծանոթ չեն Ռաֆայել Նահապետյանի գործերը:

«Ուշադրություն, սկսվում է» ժողովածուն ներկայացնում է արձակագիր Ռաֆայել Նահապետյանի տարբեր ժամանակահատվածներում գրված լավագույն պատվածքները: Վերնագիրը սիմվոլիկ է՝ փորձ է արվում մոռացությունից փրկել արձակագրի շատ արժեքավոր գործեր: Հունիսի 8-ին՝ արձակագրի ծննդյան օրվա առիթով գրքի շնորհանդեսին այս մասին ասաց Նահապետյանի որդին՝ Հայկարամ Նահապետյանը, որը կազմել է ժողովածուն:

Պարզվում է, ինչ-որ տեղ ինչ-որ կարևոր գրակապ կտրվել է: Բայց նա հուսով է, որ իր արձակագիր ընկերոջ նոր լույս ընծայված գիրքը պետք է անպայման լրացնի այդ կապը: Եվ այսպես` «Ուշադրությո՛ւն, սկսվում է»...

Խոստովանեք`, ե՞րբ եք վերջին անգամ հեքիաթ կարդացել: Իսկ ավելի որոշակի՝ մեծահասակների համար հեքիաթ, որ այնքան էլ հեքիաթ չէ: Եթե չեք հիշում, ապա իսկը ժամանակն է: Մանավանդ, որ Ռաֆայել Նահապետյանի «Ուշադրություն, սկսվում է...» վիպակ-հեքիաթն ու հեղինակի ևս 14 պատմվածք ամփոփող գիրքն արդեն հասանելի է:

Գրողի որդին ու առաջին ընթերցող-քննադատը՝ մեր գործընկեր Հայկարամ Նահապետյանը, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը, Ռաֆայել Նահապետյանի ընկեր և գործընկերներ Գուրգեն Խանջյանն ու Շանթ Մկրտչյանը ներկայացրեցին «Անտարես» հրատարակչության «Պարտադիր ընթերցանություն» մատենաշարով նոր-նոր լույս տեսած գիրքը:

Իրադարձության ամսաթիվը պատահական չէր ընտրված. հունիսի 8-ին Ռաֆայել Նահապետյանի ծննդյան օրն է: Ստեղծագործական առումով խորհրդային վերջին ու անկախության վերականգնման առաջին տասնամյակները յուրովի միավորող Ռաֆայել Նահապետյանը, ում երկրային ուղին ընդհատվել է 2010-ին, կդառնար 73 տարեկան:

Ժամանակին իր «խոսքն ասած» ու նաև գրական կերպար դարձած Գրամեքենան, որից գրողը չի հրաժարվել անգամ համակարգչային դարաշրջանում, նույնպես ներկա էր: «Այս գրքով փորձում ենք ընթերցասեր հասարակայնությանը վերադարձնել գործեր, որոնք անտիպ չէին, բայց, ըստ էության, մոռացված էին»,-ասում է Հայկարամ Նահապետյանը:

Պատմելով հոր գրամեքենայի մասին` որդին նկատում է, որ «Գրամեքենա» պատմվածքը վերջին տարիներին բավականին տարածվեց, մասնավորապես, այն բանից հետո, երբ Ամերիկյան համալսարանի ուսանողները կարճ ֆիլմեր նկարեցին պատմվածքի հիման վրա։ Դա էլ, ի դեպ, պատահականություն չէր. պետք է գնահատել հայ գրականության դասախոս Վահրամ Դանիելյանի մոտեցումը, որ Ռաֆայել Նահապետյանի այդ ստեղծագործությունը մտցրել էր ուսանողների համար նախատեսված «պարտադիր ընթերցանության» ենթակա գործերի շարքում:

Հետաքրքիրէ, որ «Անտարեսի» ներկայացված և Գուրգեն Խանջյանի հաջորդ՝ «Համբերություն քեզ, մարդ» գիրքը գրեթե միաժամանակ է ուղարկել տպարան: Բայց առաջինը Ռաֆայել Նահապետյանի գիրքը լույս տեսավ, ինչի համար Գուրգեն Խանջյանն անկեղծորեն ուրախ է:

«Երբ ես առաջին պատմվածքներս էի գրում, «Գարունում» հանդիպեցի Ռաֆիկի՝ «Մուտքում երկու անծանոթ էին կանգնած» վիպակին: Ու ապշել էի, որ սովետ երկրում, սոցռեալիզմի պայմաններում, այդ սապոգի տակ, հանկարծ այս մարդը երևակայության աբսուրդի խաղ է խաղում, և դա ինձ ահագին ոգևորեց: Հետո ծանոթացանք: Եվ ես ինձ համար պարզեցի, որ ՌաֆայելՆահապետյանը բոհեմական ռոմանտիզմի վերջին, բայց ամենացայտուն ներկայացուցիչներից էր: Ռաֆիկի ապրելը արվեստ էր... Նույնիսկ 90-ականների էն ծանր տարիներին, Ռաֆոն վերևից էր նայում, ինքն ավելի խորքային էր տեսնում: Ինքը խաղում էր կյանքի հետ: Դա իր արտիստիկ բնույթն էր:

Եվ իր պատմվածքներն էլ... Ոնց ապրել է, էդպես էլ գրել է»,-նշում է Գուրգեն Խանջյանը:

Եվ դա ամենատպավորիչ բնութագրումն է, քանզի շատ չեն հեղինակները, որոնց մասին ասեն՝ գրել է այնպես, ինչպես ապրել է:

Շանթ Մկրտչյանն էլ հավելում է. «Ամբողջ իր ստեղծագործությունը իր բնույթի բացահայտումն է: Բնույթ, որ չի կեղծում ու քեզ չի խաբում: Դերասանի խաղ է, բայց ոչ՝ դերասանություն: Իր ոճը գեղեցկագրության սահմաններից դուրս է»:Շանթ Մկրտչյանը մեծապես կարևորեց, որ գիրքն ընդգրկված է «Պարտադիր ընթերցանության» մատենաշարում: «Շատ ճիշտ է, իսկապես Ռաֆայել Նահապետյանի արձակ էջերը պետք է պարտադիր ընթերցանություն ունենան: Կարող եմ ասել, որ նա նման չէ որևէ մեկին, ողջ ստեղծագործությունը կարծես նրա բնույթի բացահայտումն է, նա չի կեղծում, չի խաբում»,-ասաց Մկրտչյանը:

Իսկ Գուրգեն Խանջյանի պատմածը, թե ինչպես էին «Բանգլադեշ» թաղամասում 9 հարկանի շենքի վերին հարկում բնակարան ստացած գրող ընկերոջն օգնում իրերը տեղափոխել, միանգամայն երևանյան ու բնութագրական է.

«Ռաֆոն էր, պոետ Աշոտ Խաչատրյանը, ես: Տարանք, վերելակն աշխատում էր, իրերը հատ-հատ դրեցինք, բարձրացրինք: Մի ծանր պահարան կար: Անընդհատ շրջանցում էինք, թողնում էինք վերջում, չգիտեմ՝ ինչ հույսով: Բայց պարզվեց այդ հույսը կար. լույսերն անջատեցին, լիֆտը չի աշխատում: Ռաֆոն ուրախացել է, ինքն էլ ազատվեց, կարծես: Առաջին հարկի հարևանի դուռը բախեց, թե՝ կներեք, այս պահարանը հենենք ձեր պատին, դուք ներսուդուրս անելուց մեկ-մեկ նայեք, մենք վաղը կբարձրացնենք վերև:

Դե ելանք, մոմ վառեցինք, գինի բացեցինք, նորամուտը նշեցինք: Հաջորդ օրը Ռաֆոյին հանդիպեցի, ասեցի՝ դե Ռաֆո ջան, գնանք էդ պահարանի հարցն էլ լուծենք, չմնա: Տեսնեմ՝ ծիծաղում է, ուրախ, զվարթ:

Ասում եմ՝ ի՞նչ ա եղել: Ասում է՝ պրծանք էդ պահարանը վերև քարշ տալուց, ախպեր, գիշերը գողացել-տարել են...»:

Ժամանակի կտրուկ վայրիվերումներն ու գուցե էլի բաներ, որոնց աններելի ներողամտությամբ բացթողումներ ենք ասում, պահարանով հանդերձ տարել ու մոռացության գզրոցներում էին դրել այս գործերը: Բայց մեքենագիր ձեռագրերն էլ չեն այրվում: Ու գնահատելի է, որ գրական մի կարևոր օղակ վերադարձվում է ընթերցողներին, գրքասերներին, գրական ընթացքին:

Նշենք, որ Ռաֆայել Նահապետյանը ծնվել է 1946 թվականի հունիսի 8-ին Երևան քաղաքում։

1965 թվականին ավարտել է Երևանի էլեկտրամեխանիկական տեխնիկումը, ապա աշխատել է որպես ավագ լաբորանտ էլեկտրամեխանիկայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի հայկական մասնաճյուղում։ 1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1971-1973 թվականներին ծառայել է ԽՍՀՄ բանակում որպես սպա։ 1974-1983 թվականներին աշխատել է Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում, որպես գրական հաղորդումների գլխավոր խմբագրության խմբագիր, ապա՝ ավագ խմբագիր։ 1985 թ-ին դարձել է ԽՍՀՄ գրողների միության անդամ։ Հայաստանի անկախության հռչակումից հետո զբաղեցրել է ԳԽ լրատվական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետի պաշտոնը։ Հայաստանի գրողների միությունում վարել է Գրական հինգշաբթի ամենշաբաթյա միջոցառումը։

Տպագրվել է 1970 թվականից։ Առաջին հրապարակումը՝ «Հայրենիքի ժամանակը» պատրաստել է համակուրսեցի Արա Մնացականյանի հետ և հրատարակել Գարուն հանդեսում։ Հոդվածը սփյուռքահայերի՝ դեպի Խորհրդային Հայաստան ներգաղթի թեմայով էր։ Հեղինակել է պատմվածքներ, ռադիոպիեսներ, վիպակներ, հեռուստատեսային ներկայացումներ։ 60-ականների վերջերին Ռաֆայել Նահապետյանը և Արա Մնացականյանը փոքր խմբակով իրականացրել են ազգայնական բնույթի գործունեություն, ծավալել ազգայնական քարոզչություն։ Խմբակի աշխատանքը կասեցվել է ԽՍՀՄ Պետանվտանգության մարմինների կողմից։ Ռաֆայել Նահապետյանը և Արա Մնացականյանը կարճաժամկետ ազատազրկվել են։

Ռաֆայել Նահապետյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, լիտվերեն, լատիշերեն, չեխերեն, ռումիներեն և այլ լեզուներով։ Հեղինակել է նաև Անջո հեծանիվը, Անջո ֆուտբոլի գնդակը, Անջո ոստիկանության սերժանտը մանկական վիպակները։ Ռաֆայել Նահապետյանի Մթի մեջ արևի ցոլքերում վեպը մնացել է անավարտ։ Արժանացել է մի շարք մրցանակների:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: