Հայերեն   English   Русский  

Հանդիպում հանքարդյունաբերողների հետ


  
դիտումներ: 831

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը հանդիպել է ՀՀ-ում մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքօգտագործման իրավունքը կրող ավելի քան 20 տնտեսավարող սուբյեկտների ղեկավար կազմի հետ։

Վ.Ավետիսյանն իր ողջույնի խոսքում կարևորել է Տեսչական մարմնի և տնտեսավարող սուբյեկտների միջև փոխգործակցությունը, մասնավորապես վերահսկողության ոլորտում հնարավոր խախտումները կանխարգելելու և հանրային շահերը պաշտպանելու նպատակով։ Ավետիսյանն ընդգծել է, որ Տեսչական մարմինը մշտապես բաց է տնտեսավարող սուբյեկտների գործունեության ընթացքում առաջացած հարցերի, խոչընդոտների քննարկման և իր լիազորությունների շրջանակում դրանց լուծումների աջակցման համար, միաժամանակ տնտեսավարող սուբյեկտներին հորդորել է իրենց գործունեությունն իրականացնել օրենքի շրջանակներում։

Կողմերը քննարկել են թափոնների կառավարման, ջրօգտագործման, սահմանային թույլատրելի արտանետումների, տնտեսավարող սուբյեկտների դեմ դիմում-բողոքների, վարչական վարույթների, դատական գործերի, արդյունահանման աշխատանքներ չիրականացնելու օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների, մշտադիտարկումների արդյունքների հրապարակման, օրենսդրական բացերի, լեռնային աշխատանքների նախագծերում փոփոխությունների իրականացման ընթացքում առաջացող և մի շարք այլ հարցեր։

Քննարկման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն հնչեցված հարցերն առավել հանգամանորեն ներկայացնել Տեսչական մարմնին՝ իր լիազորությունների շրջանակում խնդիրների լուծումներին աջակցություն ցուցաբերելու համար։ Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են նմանատիպ հանդիպումների արդյունավետությունը և պատրաստակամություն հայտնել շարունակել համատեղ աշխատանքը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: