Հայերեն   English   Русский  

Քիմիական կապ կա Սերգեյ Խաչատրյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի միջև


  
դիտումներ: 533

Հունիսի 10-ին Արամ Խաչատրյան լեփ-լեցուն համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և աշխարհում մեծ ճանաչում վայելող ջութակահար Սերգեյ Խաչատրյանի համերգը։ Ծրագրում հնչեցին Մաքս Բրուխի Ջութակի կոնցերտը, լարային նվագախմբի սերենադը՝ ըստ շվեդական ազգային մեղեդիների, ինչպես նաև Սերգեյ Պրոկոֆևի Առաջին սիմֆոնիան «Դասական»։ Մաքս Բրուխի Ջութակի թիվ 1 կոնցերտը Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ Հայաստանում հնչեց առաջին անգամ:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ Պրոկոֆևի Առաջին սիմֆոնիան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից ամենասիրված ստեղծագործություններից է. «Շատ ենք սիրում այդ սիմֆոնիան, քանի որ այն թույլ է տալիս ներկայացնելու նվագախմբի հնարավորությունները լայն առումով»։

Խոսելով ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հետ համագործակցության մասին՝ դիրիժոր Սմբատյանն ընդգծեց, որ նա պետական սիմֆոնիկ նվագախմբի լավագույն ընկերներից է։

«Սերգեյն այսօր աշխարհի լավագույն ջութակահարներից է, նրանով ճանաչում են Հայաստանը, հայկական մշակույթը։ Մենք շատ ենք աշխատում Սերգեյ Խաչատրյանի հետ և՜ Հայաստանում, և՜ Հայաստանից դուրս։ Ամիսներ առաջ որոշեցինք՝ հանդես գալ միասին, և այսօր ահա կրկին նույն բեմում ենք։ Շատ կարևոր է քիմիական կապը, որ կա Սերգեյի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի միջև։ Միշտ դրական էմոցիաներ են փոխանակվում փորձերի ընթացքում, Սերգեյի նման երաժշտի հետ խոսելով երաժշտության գույների, պատկերների մասին՝ նաև մենք ենք հարստանում»,- ասաց մաեստրո Սմբատյանը։

Համերգային երեկոն երկար կհիշվի երաժշտասերների կողմից։ Նվագախմբի և Սերգեյ Խաչատրյանի հուզումնալից կատարումները հանդիսատեսը ողջունում էր հոտնկայս ծափողջույններով և մենակատարին ու դիրիժորին կրկին ու կրկին բեմ հրավիրելով։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: