Հայերեն   English   Русский  

ՈՉ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՀՈՒՇԱՄԱՏՅԱՆ


​Խոսք ընթերցողի


  
դիտումներ: 790

Երբ ծանոթացա ինձ համար գաղափարական համակիր և բարեկամ դարձած Հասմիկ Կուլակյանի հրապարակախոսությունների «Պատառիկներ» ժողովածուին

,մտադրվեցի անպայման արձագանքել ու որոշել էի խոսքս վերնագրել «Չյուրացված դասեր»: Բայց գրքի ուսումնասիրությունը ավարտելիս նրա հրատարակած գրքերի ցանկից տեղեկացա, որ2015թ. այդ խորագրով գիրք է հրատարակել ու միանգամից ծնվեց «Ոչ սովորական հուշամատյան» վերնագիրը:

... Ընթերցողն անշուշտ գիտի այս անունը՝ Գևորգ Յազըճյան, ով նաև այս գրքի խմբագիրն է:

Նա Հասմիկ Գուլակյանի «Հայագիտության և հայապահպանության հարցեր» երկհատորյակի /«Էդիթ Պրինտ» 2010թ./ առաջաբանում գրել է «Հասմիկը ճշմարտություն որոնող է, որքան էլ այն լինի դառը և ոմանց քիմքին տհաճ...»

Հենց այսպիսին եմ ես տեսնում Հասմիկ Գուլակյանին, անկախ թե ձեռքիս նրա որ աշխատությունն է, կամ ականջիս նրա որ խոսքն է հնչում ռադիոեթերից ու կենդանի հանդիպումներից: Ժամանակին շատ եմ կարդացել Արմեն Հովհաննիսյանի խոսքը և նրա մտքի ու համարձակության գուլակյանական արժևորումը, այս գրքի առաջնախոսքում գնահատում եմ որպես արժեք հենց իր Գուլակյանի հրապարակախոսությունների համար:

Այս ժողովածուն ընդգրկում է 1983-2000թթ հանրային ռադիոյի արտասահմանցիների համար հաղորդումները: Եթե այս ամենը (ավելի քան 660 էջ) ընդամենը պատառիկներ են, ուրեմն հասկանալի է, թե ինչ արժեքավոր խոսքեր են հնչել ռադիոյի եթերից ու հազար ափսոս, որ դրանց մի մասը արդեն հասու չէ մեզ:

Հայ գրատպության 500 ամյակին նվիրված այս ոչ սովորական մատյանը բացվում է Աբովյան փողոցի նկարագրությամբ.

-Հաճախ Աբովյանով քայլելիս ինձ թվում է, թե ինչ-որ բան եմ որոնում, որոնում ու չեմ գտնում: Նման պահերին երբեմն անցյալի ոտնաձայներ են հասնում ինձ,- գրում է Հասմիկ Գուլակյանը, հետո ընթերցողի հետ տոնում Սարդարապատի 66 ամյակը, վավերագրում «Իջևան-Հրազդան» երկաթուղու շինարարությունը, օգնում եզրակացնելու, որ «Հաղթանակը ձեռք է բերվում կյանքի գնով, կյանքի համար»...

Արվեստը մարդկային հոգու տոնն է, իսկ առողջությո՞ւնը.... Առողջության համաշխարհային օրը չէ, որ պիտի հիշենք առողջության մասին, կամ թե քաղաքացու օրը չէ, որ պիտի հիշենք քաղաքացուն /փառք Աստծո, որ առողջապահության նախարարությունն էլ մշակույթի նման չլուծարվեց/:

Ժողովածույի առաջին մասում նյութերն ընդգրկված են ժամանակագրական կարգով: Օրինակ՝ 1996թ. Լևոն Շահինյանը իր նույնանուն աշխատությամբ մեկնաբանում է Ուրարտուի առեղծվածը:

Գրքի երկրորդ մասում «Ազատ խոսափող», « Համատեղ ձեռնարկություններ», «Դիմացի՛ր, Մեղրի՛», «Աղետի գոտի», «Շինարարական գործընթացներ», «Արցախ. ազատագրական պայքար» բաժնում նույն ոգով, տագնապով, սրտացավությամբ ու ապագայի հույսով ներկայացվում է մեր նոր հեռավոր պատմության էջերը, որոնցից շատ բան, այնուամենայնիվ, հասցրել ենք մոռանալ:

- Օրերդ պարապ մի անցկացրու, - հորդորում է Հասմիկ Գուլակյանը, հետո ընթերցողին ներկայացնում Ջաջուռի ավետիսյանական գույները: Ամենևին էլ պատահական չէ, որ գիրքը եզրափակվում է Արցախյան գոյամարտին նվիրված հրապարակումով՝ գոյամարտ, որ 1988թ-ին սկսվել ու այդպես էլ չի ավարտվել:

- Ապրելու իրավունքը չեն հայցում, այլ պաշտանում են, - գրել են շատերը, բայց Հասմիկ Գուլակյանի շեշտադրումները ուրիշ են՝ առավել համոզիչ:

Իսկ գրքի ամենավերջում «Նա սերում էր քաջազնունիների փաղանգից» հրապարկումը բազմակողմանի և փաստագրական հիմնավորումներով ներկայացնում է լեգենդար Ավոյին՝ նույն ինքը Մոնթե Մելքոնյանին:

Կարելի էր տասնյակ էջերով գովեստի խոսքեր ասել այս արժեքավոր աշխատության մասին: Բայց ես այս սրբացած մասունքների ոչ սովորական մատյանը, պարբերաբար վերընթերցելու համար, տեղավորում եմ իմ գրասեղանի անկյունում, իսկ մնացյալը պատվիրում եմ ընթերցողին. «Ոչ միայն նայիր Հասմիկ Գուլակյանի դեմքին, այլև փնտրի՛ր, գտի՛ր և կարդա՛ նրա գրքերը»:

Համոզված եմ, որ դու էլ ինձ նման նրան որպես հեղինակ-հրապարակախոս պաշտելու ես....:

Վաղարշակ Ղորխմազյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: