Հայերեն   English   Русский  

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը ինքնաբացարկ է ներկայացրել դատավոր Արմեն Դանիելյանին


  
դիտումներ: 190

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը քիչ առաջ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատախազության և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքները քննող դատավոր Արմեն Դանիելյանին։

Ալումյանը ևս մեկ անգամ խոսել է այն մասին, որ դատարանի աշխատակազմը չի մեկնաբանել, թե ինչու է հենց այս դատավորին մակագրվել երկու գործերը. Քոչարյանին ազատ արձակելու և Քոչարյանի ու մյուսների գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու դատարանի որոշման դեմ բողոքները։

«Մինչ այժմ Քոչարյանի գործով բազմաթիվ բողոքներ են բերվել և որևէ դեպք չի եղել, որ բողոքը քննի այնպիսի դատավոր, որին նույն գործով մեկ այլ բողոք է մակագրված եղել։ Կասկածելի է դատախազ Պետրոս Պետրոսյանի կողմից ներկայացված բողոքները Ձեզ մակագրելը: Դատարանի կազմը ձևավորվել է կամայականորեն, և նա պետք է այս գործով ինքնաբացարկ հայտնի»,–ասաց Ալումյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20-ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին որոշել էր փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ հիմք ընդունելով Արցախի Հանրապետության նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությունը:

Իսկ արդեն մայիսի 20-ին, դատարանը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու համար այս գործով կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչեւ 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության պահանջներին:

Սահմանադրական դատարանն էլ երեկ հայտարարեց, որ մեկ ամսով երկարաձգել է Քոչարյանի և մյուսների գործով դատավորի դիմումն ուսումնասիրելու ժամկետը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: