Հայերեն   English   Русский  

Այնպես ենք ասֆալտապատել աղբավայրի ճանապարհ, ինչպես ասֆալտապատում են Եվրոպայի կամ Ամերիկայի ճանապարհները. Հայկ Մարության


  
դիտումներ: 244

«Ես շաբաթը մեկ անգամ այցելում եմ աղբավայր, տեսել եմ, թե ինչպես է փոխվել այնտեղ վիճակը: Մենք այնպես ենք ասֆալտապատել աղբավայրի ճանապարհը, ինչպես ասֆալտապատում են Եվրոպայի կամ Ամերիկայի ճանապարհները»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Վերջինս նշում է, որ տեղին չեն Սանիթեք ընկերության այն դժգոհությունները, որ աղբատար մեքենաները փչանում են վատ ճանապարհների պատճառով:

«Սանիթեք ընկերությունն է արձանագրել, որ սա լավագույն իրավիճակն է աղբավայրում: Իսկ ինչ վերաբերում է տուգանքներին, որ քաղաքապետարանը կիրառում է ընկերության նկատմամբ, ապա պետք է ասեմ, որ դրանք սահմանված են պայմանագրով: Մենք ամեն սանտիմետր քայլը անում ենք իրավական ճանապարհով և պայմանագրի շրջանականերում: Տուգանքները պահվում են իրենց հասանելիք գումարներից»,-ասաց Մարությանը:

Մարությանը նշեց, որ ծրագրով նախատեսված աղբատար 34 մեքենայից 5-ն արդեն իսկ ձեռք են բերել, իսկ մնացած 29 առաջիկայում կգնեն: Դրանք, ըստ Մարությանի, կօգնեն շատ լավ կերպով կլազմակերպել աղբահանությունը մայրաքաղաքում:

Քաղաքապետը անդրադարձավ նաև Սանիթեք ընկերության այն դժգոհություններին, որ հեղափոխության օրերին Երևանում 2000 աղբաման է վնասվել:

«Իրենց գույքի համար պատասխանատու են իրենք, և պայմանագրով, եթե չեմ սխալվում, այդ աղբամանները պետք է ապահովագրված լինեն։ Թող ապահովագրեն, դա բիզնես է, ամբողջ աշխարհում լինում են ֆուտբոլային ֆանատների կողմից կազմակերված գործողություններ, կամ Ֆրանսիայում տեսաք՝ ինչ էին անում դեղին ժիլետները: Հայաստանում ժողովուրդն ապրում է Սահմանադրությամբ, և օրենքների շրջանակներում կարող է անել ինչ ցանկանա։ Ասեմ ավելին, որ օրինակ տարբեր վթարների պատճառով վնասվում են սյուները, այսինքն մարդկանց ասենք մի քշեք մեքենա։ Ոչ մի ապացույց չկա իրենց ասածի մեջ, բացարձակ չեմ հավատում այդ թվերին։ Այդ խնդիրը եղել է վերջին տարիներին, իրենք չորս տարվա ընթացքում ոչ մի աղբաման չեն փոխել, նույնիսկ չեն լվացել»,-նշեց Մարությանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: