Հայերեն   English   Русский  

Մալխաս Ամոյան. «Հաղթանակի բերկրանքն ու համը զգալի են դառնում հայրենիքում»


  
դիտումներ: 997

Վերջերս Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մեկը մյուսի հետևից տպավորիչ գոտեմարտեր անցկացնելով իրեն փայլուն դրսևորեց և չեմպիոնի տիտղոսը նվաճեց Մալխաս Ամոյնանը:

Երիտասարդ մարզիկը ոսկե մեդալը վիճարկեց մոլդովացի Միհայ Պետիչի հետ` հաղթելով 8:0 հաշվով:
Անկախի հետ զրույցում նորընծա չեմպիոնը կիսվում է տպավորություններվ՝ կարևորելով յուրաքանչյուր հաղթանակ նորանոր բարձունքներ նվաճելու ճանապարհին:

-Շնորհավորում ենք 72 կգ քաշային կարգում աշխարհամասում լավագույնը ճանաչվելու կապակցությամբ:

Մալխաս Ամոյան 2019

-Շնորհակալ եմ: Հրաշալի նախապատրաստական շրջան էի անցել` հագեցած մարզումներով: Ինձ շատ լավ ու վստահ էի զգում: Գերազանց մարզավիճակում, մարտական տրամադրված մեկնեցի մրցավայր:
Իսպանիայում ամեն ինչ հրաշալի էր. գոտեմարտերն անցկացվում էին երկրպագուների աջակցությամբ, մթնոլորտն իսկապես շատ լավն էր: Ուրախ եմ, որ կարողացա բոլորի սպասելիքներն արդարացնել և հաղթել:

-Չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար 5 տպավորիչ գոտեմարտ անցկացրիք. որևէ մեկը կառանձնացնե՞ք:

-Բոլոր գոտեմարտերն էլ կարևոր են հաղթանակի ճանապարհին, ոչ մի գոտեմարտ հեշտ չի տրվում, սակայն ես կառանձնացնեմ կիսաեզրափակչի մրցակցությունը ռուս ըմբիշի հետ, որին հաղթեցի 5:4 հաշվով: Հաղթանակն ինձ դժվար տրվեց: Ընթացքում պարտվում էի և միայն վերջին 15 վայրկյաններին կարողացա շտկել իրավիճակը, հաղթել և դուրս գալ եզրափակիչ: Իսկ եզրափակչում լարվածությունն ավելի է մեծանում, գիտակցում ես պատասխանատվությունն ու լրջությունը, քանի որ շատ մոտ է բաղձալի տիտղոսի նվաճումը: Ամեն ինչ լավ դասավորվեց, կարողացա հաղթել և կանգնել պատվո հարթակի առաջին աստիճանին:

-Գոտեմարտելիս Ձեզ լսելի՞ են երկպագուների արձագանքները. դրանք խանգարու՞մ են, թե՞օգնում:

-Ուրախալի է, որ գալիս են երկրպագելու ու հետևելու մարզիկների ելույթներին, հանդիսատեսի արձագանքն ուժ է տալիս, երբեմն նաև օգնում, սակայն լարված ու կարևոր գոտեմարտերում միայն լսում եմ մարզիչներիս խորհուրդներն ու հրահանգները, մնացած բոլոր ձայները լսելի չեն:

-Մարզիկների հաղթանակները մեծ ուրախություն են պարգևում երկրպագուներին: Հայրենիքում Ձեզ մեծ շուքով դիմավորեցին:

-Երբ հաղթում եմ ու կանգնում պատվո հարթակին, զգացողություններն անբացատրելի են. վայրկյանների ընթացքում անցած ողջ ճանապարհը, հաղթահարած դժվարությունները, ամենօրյա մարզումներն եմ տեսնում ու հասկանում, որ ոչինչ զուր չի անցնում: Փշաքաղվելու աստիճան հուզիչ է, երբ հնչում է հիմնը, ծածանվում` եռագույնը:

Մալխաս Ամոյան 2019

Հայրենիքում արդեն, երբ գալիս են դիմավորելու հարազատները, ընկերներն ու երկրպագուները, հաղթանակի բերկրնաքն ու համը ավելի շոշափելի են դառնում: Այդ ժամանակ մարզիկները գիտակցում են, որ կարևոր գործ են անում երկրի ու հայրենակիցների համար` ուրախություն պարգևելով շատ-շատերին:

Մրցաշարից մրցաշար, հաղթանակներից հետո փորձն ու վստահությունն ավելանում են, բայց նաև մեծանում է պատասխանատվությունը, քանի որ բոլորը հաղթանակիդ են սպասում: Պետք է ամեն ինչ անեմ, ձեռքբերումներն ու նվաճումները պահելու, հաղթանակների թիվն ավելացնելու համար:

Ուզում եմ անպայման շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որոնք ինձ օգնել են այսքան հաջողությունների հասնել. հավաքականի մարզիչներ՝ Արմեն Բաբալարյանին, Մովսես Կարապետյանը, իմ անձնական մարզիչներ՝ Համլետ Հովհաննիսյանին, Ազատ Ամոյանին, որը իմ հորեղբայրն է, Արսեն Մակվեցյանին, իմ ավագ ընկերներ՝ Արսեն Ջուլֆալակյանին, Արթուր Ալեքսանյանին, Մաքսիմ Մանուկյանին, որոնք մարզումների ընթացքում ու նաև մարզումներից դուրս շատ են օգնում ու աջակցում: Շնորհակալ եմ նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային և «Դինամո» մարզական կազմակերպությանը, որտեղ մարզվում եմ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: