Հայերեն   English   Русский  

Էրիկ Բազինյան. «Պետք է անեմ ամեն ինչ աշխարհի բացարձակ չեմպիոն դառնալու համար»


  
դիտումներ: 2117

Պրոֆեսիոնալ ռինգում հանդես եկող հայազգի բռնցքամարտիկ, անպարտելի Էրիկ Բազինյանը վերջերս Լաս Վեգասում տոնեց հերթական 23-րդ հաղթանակը` մենամարտելով մեքսիկացի Ալան Կամպայի հետ և պաշտպանելով իր նվաճած WBA և WBO վարկածներով գերմիջին քաշային կարգի չեմպիոնական գոտիները:

Անկախի հետ զրույցում Էրիկը կիսվում է վերջին հաղթանակի տպավորություններով, խոսում մարզաձևի ընտրության և աշխարհի չեմպիոնի գոտին նվաճելու բաղձալի ցանկության մասին:

- Որևէ նվաճման հասնելը բարդ է, իսկ այն պահելն` առավել դժվար: Շնորհավորում ենք, տպավորիչ մենամարտ անցկացնելու, հաղթարշավը շարունակելու և գոտիները պաշտպանելու կապակցությամբ:

-Շնորհակալ եմ: Յուրաքանչյուր մենամարտի նախապատրաստվում եմ առավելագույն ուժեր ներդնելով: Այս մեկն առանձնահատուկ էր, քանի որ առաջին անգամ էի հանդես գալու Միացյալ Նահանգներում: Պետք է ամեն ինչ անեի, որ հաղթեի: Տրամադրությունս բավական բարձր էր, մարտական էի տրամադրված: Լաս Վեգասում ինձ աջակցելու ու երկրպագելու էին եկել ընկերներս, հարազատներս, հայրենակիցներս: Նրանք ինձ հետ էին թե՛ մենամարտից առաջ, թե՛ հետո: Նրանցից մեծ ուժ և էներգիա ստացա:

Մեքսիկացի Ալան Կամպան փորձառու բռնցքամարտիկ էր: Ուրախ եմ, որ ռինգում ամեն ինչ լավ դասավորվեց և հաղթեցի միավորների ակնհայտ առավելությամբ (99:90, 97:92, 99:90):

-Պրոֆեսիոնալ ռինգում 23 մենամարտ եք անցկացրել և նույնքան հաղթանակ տոնել: Սովորական չե՞ն դարձել հաղթանակները:

- Հաղթանակի ձգտում և գնում է յուրաքանչյուր մարզիկ իր մարզումներով, քրտնաջան աշխատանքով,

Էրիկ Բազինյան

գործին նվիրումով: Հաղթանակի բերկրանքը վայելելն ամենալավ ու բաղձալի պահն է: Յուրաքանչյուր ձեռքբերում ինձ համար կարևոր է ու հիշարժան: Ամեն անգամ նորովի եմ զգում բերկրանքն ու գնահատում ձեռքբերվածը, քանի որ գնալով ավելի դժվար է դառնում հաղթելը: Ցանկացած հաջողությունից հետո կրկնակի եռանդով եմ սկսում մարզվել:

- Ինչու՞ ընտրեցիք բռնցքամարտը և սկսեցիք զբաղվել ոչ այնքան հեշտ մարզաձևով:

-Բռնցքամարտով սկսել եմ զբաղվել 13 տարեկանից: Հեռուստացույցով միշտ դիտում էի Արթուր Աբրահամի և Վիկ Դարչինյանի մենամարտերը: Մի անգամ մարզահամերգային համալիրում գնացի հետևելու Ռուսաստանի և Հայաստանի հավաքակնների միջև մրցումների: Կարելի է ասել, այդ օրվանից սիրահարվեցի մարզաձևին և սկսեցի սիրողական մակարդակով մարզվել: Հենց առաջին իսկ մարզումից հասկացա, որ պետք է ամեն օր մարզվեմ և ամեն ինչ անեմ այս ասպարեզում հաջողության հասնելու, նվաճումներ ունենալու համար:

Մենամարտելն իմ տարերքը դրաձավ, առանց որի կյանքս այժմ չեմ կարող պատկաերացնել: Սպորտը դաստիարակում է` դարձնելով նպատակասլաց ու համառ:

16 տարեկանից ապրում եմ Կանադայում` շարունակելով կարիերաս սիրողական ռինգում և 2 անգամ հռչակվելով երկրի չեմպիոն: 18 տարեկանում որոշեցի ուժերս փորձել պրոֆեսիոնալ ռինգում, քանի որ չէի ցանկանում 4 տարի սպասել ու հետո մասնակցել օլիմպիական խաղերին: Ես սիրում եմ հաղթահարել դժվարություններ, ուժերս փորձել բարդ իրավիճակներում: Պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելը կարևոր ու պատասխանատու քայլ էր ինձ համար: Պետք է անեմ ամեն ինչ աշխարհի բացարձակ չեմպիոն դառնալու համար:

Էրիկ Բազինյան

-Ձեր մենամարտերի ընթացքում մշտապես նկատելի է հայկական եռագույնը: Աշխարհին մշտապես հայտարարում եք Ձեր հայ լինելու մասին:

-Փորձում եմ ամեն տեղ բարձր պահել Հայաստանի պատիվը: Ցանկանում եմ շարունակել հաղթանակներիս անպարտելի շարքը և ամենուր ծածանել հայոց եռագույնը: Հպարտ եմ որ հայ եմ, իմ հողն ու արյունն ինձ մեծ ուժ են տալիս:

Ցավոք, առայժմ չեմ կարող վերադառնալ հայրենիք, ուստի ինձ մնում է միայն իմ գործով ճանաչելի դարձնեմ հայրենիքս միջազգային ասպարեզում:

-Ե՞րբ կկայանա Ձեր հաջորդ մենամարտը:

- Վերջին մենամարտիս ժամանակ վնասվածք եմ ստացել: Այն ամբողջովին կբուժեմ և հավանաբար սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին կկայանա հաջորդ մենամարտս, որից հետո հաջորդ տարի կմենամարտեմ աշխարհի գոտու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: