Հայերեն   English   Русский  

Դուք ասում եք, որ Հայաստանի Հանրապետության նախագահը լեգիտիմ չէ, եթե լեգիտիմ չի, բա դուք ի՞նչ գործ ունեք էստեղ. Գևորգ Պետրոսյանը Վահե Գրիգորյանին


  
դիտումներ: 293

«Հարգելի պարոն Գրիգորյան, դուք մի քանի անգամ արդեն իսկ հանդես եք եկել ելույթով, և պնդել եք, որ Սահմանադրական դատարանի անդամի ընտրությունը քաղաքական է: Դուք, ինձ թվում է, շատ լավ հասկանում եք, թե ինչ վտանգավոր էլեմենտ է պարունակում ձեր պնդումը»,- այսօր Ազգային ժողովի նիստի ընթացքում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը դիմեց ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին:

Գևորգ Պետրոսյանն իր ելույթում ասաց, որ իրենց խմբակցությունում յուրաքանչյուրը ազատ է լինելու ընտրություն կատարելիս և այդ ընտրությունը կատարելու են նախնական ճանաչողությունը և այսօր հարցերին տված պատասխանները հիմք ընդունելով: Պատգամավորն իր ելույթում նշեց, որ Վահե Գրիգորյանը իրարամերժ հայտարաություններ է անում. նախ ասում է՝ անկախ դատական համակարգ ենք ցանկանում ստեղծել, մյուս կողմից էլ ցանկանում է քաղաքական ազդեցությունը պահպանել:

«Եթե Սահմանադրական դատարանի անդամը լինեք դուք կամ որևէ մեկը, խնդրում եմ անձերից վերանաք և իմ ելույթի մեջ անձնավորում չփնտրեք, եթե ընտրվել եք քաղաքական շարժառիթներից ելնելով, քաղաքական խողովակներով, չեք կարող չծառայել քաղաքական ուժին»:

Գևորգ Պետրոսյանն անդրադառնալով Վահե Գրիգորյանի և Իմ քայլը խմբակցության որոշ պատգամավորների ընկերական հարաբերություններին՝ մտահոգություն հայտնեց, որ եթե Գրիգորյանը ընտրվի նա կաշկանդված է լինելու:

«Ասում եք, որ դատարանների վրա ճնշում իրականացրածների հետ ոչ թե ծանոթացել եք խաշի կամ խորովածի սեղանի շուրջ, այլ ասում եք, որ բանտում եք ծանոթացել, մեկդ մեկին օգնել է: Բա եղբայր, որ հանկարծ ձեզ օգնած մարդը բանտային պայմաններում ձեզնից աջակցություն հայցի, էդ ո՞նց եք բանտային օրերի ձեր վառ հիշողություններն անտեսելու: Իսկ մի՞թե մյուս թեկանծուները, որ էստեղ չընտրվեցին, ավելի ստույգ ինչ-որ իմաստով տապալվեցին, նրանց թերությունն այն էր, որ իրենք բանտում չեն գտնվել»:

Պետրոսյանը նշեց, որ իրենք ընտրություն անելիս պետք է կարևորեն մասնագիտական որակները, ունակությունները, փորձն ու սահմանադրական իրավունքի պաշտպանության գործում կատարված ներդրումները:

Գևորգ Պետրոսյանը նաև նշեց, որ երբ ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը հանդիպել է իրենց խմբակցության հետ, ասել է, որ դատարանների մուտքերն ու ելքերը փակելու գործողությունը Սահմադրության որոշ նորմերի խախտում է, սակայն լրագրողների հետ ունեցած զրույցում հերքել է դա: Պետրոսյանը նաև անդրադարձավ Վահե Գրիգորյանի և նախագահի միջև առկա հակասությանը:

«Դուք ասում եք, որ Հայաստանի Հանրապետության նախագահը լեգիտիմ չէ: Եթե լեգիտիմ չի, բա դուք ի՞նչ գործ ունեք էստեղ, մենք ի՞նչ գործ ունենք էստեղ: Կարո՞ղ է հանկարծ մի օր նախագահը որոշի առաջնորդվել Սահմանադրության 169-րդ հոդվածով, դիմի Սահմանադրական դատարան, դուք էլ ասեք՝ դուք լեգիտիմ նախագահ չեք, ես չեմ ընդունում ձեր դիմումը»:

Ելույթի վերջում Գևորգ Պետրոսյանը կոչ արեց Վահե Գրիգորյանին բացի օրենքներից առաջնորդվել նաև բարոյականությամբ:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում այսօր քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը: Նախագահ Արմեն Սարգսյանի կողմից այդ պաշտոնում առաջադրվել է փաստաբան Վահե Գրիգորյանը: Ազգային ժողովը նախկին 4 թեկնածուներին չէր հաստատել ՍԴ դատավորի պաշտոնում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: