Հայերեն   English   Русский  

Անցնող շաբաթը Հայաստանում


  
դիտումներ: 509

Անցնող շաբաթը նշանավորվեց իշխող «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նոր կազմով, որը ձևավորվել էր նախորդ օրը՝ կուսակցության 5-րդ համաժողովում:

Շաբաթը սկսվեց ու շարունակվեց բողոքի ցույցերով: Նախագահական նստավայրի մոտ ցույց էր անում «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպությունն ընդդեմ նախագահ Արմեն Սարգսյանի։ Ցույցի մասնակիցները պաղպաղակ բաժանեցին նախագահական նստավայրի մոտ հավաքվածներին՝ այդ կերպ ցույց տալով, որ նախագահի գործը ոչ թե պաղպաղակ բաժանելն է, այլ սահմանադրությանը հետևելը։

Հաջորդ օրը Ազգային ժողովի դիմաց բողոքող ցուցարարներն էլ դեմ էին Վահե Գրիգորյանի՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածությանը։ Նրանք պնդում էին, որ նա Լևոն Տեր-Պետրոսյանի կադրն է, դատավոր է դառնում իշխող կուսակցության նախաձեռնությամբ, և կոչ էին անում ԲՀԿ-ին և «Լուսավոր Հայաստանին» բոյկոտել քվեարկությունը։

Մյուս օրն էլ ՀՅԴ երիտասարդական միության «Ահազանգ» նախաձեռնության մի խումբ երիտասարդներ նստացույց էին անում Ազգային ժողովի դիմաց՝ պահանջելով, որ պատգամավորները դեմ քվեարկեն եկամտային հարկի համահարթեցման մասին օրենքի նախագծին։ Նրանք պնդում են, որ բոլորի համար հավասար 23 տոկոս եկամտահարկ սահմանելու դեպքում բարձր աշխատավարձ ստացողները շահելու են, ցածր աշխատավարձ ստացողները՝ տուժելու։

Շարունակվում էին վերաքննիչ դատարանի բակում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությանն ուղեկցող ցույցերը իշխանության և Քոչարյանի աջակիցների հակադիր խմբերով, նույնիսկ բախումներ տեղի ունեցան ոստիկանության հետ:

Այս ցույցերի շարանում բավական ուշագրավ, ավելի ստույգ զվարճալի էր քաղաքացի Ռազմիկ Դավթյանի բողոքն արտահայտելու հնարամիտ «ձևաչափը»: Անցած երկուշաբթի նա կառավարության շենքի մոտ էր եկել ավանակով, փուչիկներով և «Թան խմեք, դինջացեք» գրությամբ պաստառով: Նրա բողոքն ուղղված էր արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի զարմուհու ամուսնուն, որը, ցուցարարի համոզմամբ, խաբեությամբ իրենից խլել է իր բնակարանը։ Ավանակն ու ցուցարարը, սակայն, շուտով հայտնվեցին ոստիկանությունում կենդանիների հետ վարվեցողության կարգը խախտելու համար։

Մի օր հետո էլ մի ուրիշ քաղաքացի կառավարության շենքի մոտ ոչխար տարավ և կապեց ծառից: Սա էլ բողոքում էր վարչապետի այն հայտարարության դեմ, թե ոչխար պահելը ձեռնտու է գյուղացուն: Եվ որոշ լրատվամիջոցներ շտապեցին արձանագրել, որ նոր՝ կառավարության առջև ընտանի կենդանիներ բերելու մշակույթ է ձևավորվում Հայաստանում։

Հունիսի 20-ին էլ կառավարության շենքի դիմաց շարվեցին մետաղական աղբի վերամշակումով զբաղվող քաղաքացիների մետաղական աղբով բարձած մեքենաները: Այդ կերպ նրանք իրենց գործունեությունը շարունակելու հնարավորություն էին պահանջում։

Հունիսի 18-ին Ազգային ժողովը վերջապես Սահմանադրական դատարանի դատավոր ընտրեց Վահե Գրիգորյանին, որի թեկնածությունը երկար ժամանակ բուռն քննարկումների թեմա էր և նույնքան բուռն շարունակեց քննարկվել նրա ընտրվելուց հետո: Մասնավորապես կասկածի տակ էր դրվում Արմեն Սարգսյանի կողմից երկրորդ անգամ Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելու օրինականությունը։ Բայց առանձնապես մեծ իրարանցում առաջացրեց երդում տալու ընթացքում նրա արած հայտարարությունը, ըստ որի՝ ինքը Սահմանադրական դատարանի երկրորդ դատավորն է, և քանի որ տվյալ պահին մյուս դատավորը երկրում չէ, ինքը ստանձնում է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը: Այս հայտարարությունը անակնկալ էր անգամ «Իմ քայլի» խմբակցության համար, որի ղեկավարի և մյուս անդամների մեկնաբանությունները հետագայում ցույց էին տալիս նրանց շփոթահար վիճակը:

Բանն այն է, որ 2015 թվականին ընդունված Սահմանադրությունում առկա են անցումային դրույթներ, որոնցով էլ կարգավորվում են Սահմանադրական դատարանի դատավոր և անդամ եզրույթները։ Անցումային փուլի ավարտից հետո բոլորը կլինեն ՍԴ դատավոր, իսկ ներկայումս միայն երկուսն են այդպիսին, մնացածը դեռ անդամներ են։ Եվ որքան էլ հստակ է Սահմանադրությունից, որ ՍԴ անդամի և դատավորի լիազորությունները նույնն են, օգտվելով տվյալ եզրույթների բառախաղից՝ իշխանամետ իրավաբանները պնդում են անգամ, որ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո ՍԴ-ի ընդունած բոլոր որոշումները կարող են առ ոչինչ ճանաչվել: Վերջիններիս հակադարձող մասնագետները, սակայն, մանրամասն գիտականորեն մեկնաբանելով սահմանադրության համապատասխան հոդվածները, հանգեցին այն եզրակացության, որ տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան Սահմանադրության թաղում, ինքնիրավչություն և իշխանության զավթում, որի համար այդ գործընթացի ճարտարապետներն իրենց մատնում են ապագայում քրեական պատասխանատվության ենթարկվելու վտանգին:

Նյարդային մթնոլորտում անցավ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքի քննությունը վերաքննիչ դատարանում: Քոչարյանի պաշտպանները երրորդ անգամ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավոր Արմեն Դանիելյանին և դարձյալ մերժում ստացան, իսկ մեղադրող կողմը ներկայացրեց իր բողոքները առաջին ատյանի դատարանի՝ Քոչարյանին ազատ արձակելու և գործը կասեցնելու որոշումների դեմ և միջնորդեց նորից կալանավորել Քոչարյանին: Եվ դատավոր Արմեն Դանիելյանն անսպասելի և աննախադեպ որոշում կայացրեց դատաքննությունն ավարտելու մասին։ Նա, առանց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների առարկությունները լսելու, որոշեց հեռանալ խորհրդակցական սենյակ բողոքների վերաբերյալ որոշումներ կայացնելու։

Հունիսի 20-ին Վաշինգտոնում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Թե՛ համանախագահների հերթական հայտարարությունը, թե՛ Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը արդյունքների մասին դույզն-ինչ որոշակիություն և առաջընթաց չմտցրին բանակցային գործընթացում: Թերևս ամենաուշագրավ կետը շփման գծում ինժեներական աշխատանքների անընդունելիության մասին հայտարարությունն էր, որն արվեց ադրբեջանական կողմի շուրջ մեկ տարվա ակտիվ ինժեներական աշխատանքներից հետո միայն:

Անցած շաբաթվա ընթացքում օրենսդիրները հասցրեցին Բարձրագույն դատական խորհրդի երկու անդամ ընտրել՝ Գրիգոր Բեքմեզյանին և Վիգեն Քոչարյանին, նաև հաստատեցին կառավարության 2018 թվականի բյուջեի կատարողականը, որը, իհարկե, կառավարության ղեկավարը փայլուն որակեց:

Հավանաբար ամենից շատ քննարկված և ուրախալի իրադարձությունը ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հարսանիքն էր: Նա ամուսնացավ «Գրանտ Հոլդինգի» սեփականատերերից մեկի՝ Միքայել Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանի հետ։ Պսակադրությունը կատարվեց Սուրբ Ղազար կղզում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: