Հայերեն   English   Русский  

Չեմ հասկանում՝ ինչու եք մտահոգվել «սիրուն աղջիկ» արտահայտությունից. Անի Սամսոնյանը Իմ քայլի պատգամավորներին


  
դիտումներ: 182

Այսօր՝ հունիսի 24-ին, Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը բավական լարված է անցնում:

Լարված քննարկման առիթ դարձավ երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան հայտարարությունը՝ Գյումրիում ռուսական չվերթների թվաքանակի ավելացման անհրաժեշտության վերաբերյալ: Մարուքյանը խոսելով այդ մասին՝ կոչ էր արել «Քաղավիացիայի պետ սիրուն աղջկան և մեր փայլուն աշխատող Կառավարությանը այս օրերի ընթացքում շատ արագ միջոցներ ձեռնարկեն և այդ խնդիրը կարգավորեն»:

Հնչեցվածի վերաբերյալ սուր քննադատություններ արվեցին, ինչից հետո Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ասաց, որ Մարուքյանի արած հայտարարության մեջ ոչ մի վիրավորական արտահայտություն չի եղել:

«Չեմ հասկանում՝ ինչու եք մտահոգվել «սիրուն աղջիկ» արտահայտությունից, որն ընդամենը կոմպլիմենտ էր: Մինչև հիմա այդ սիրուն աղջիկը որևէ գործ, արդյունք չի տվել, և սա կոչ էր, որպեսզի դուք ակտիվացնեք փայլուն կառավարությանն ու սիրուն աղջկան»,-ասաց Սամսոնյանը՝ հավելելով, որ Էդմոն Մարուքյանը կառուցողական առաջարկ է արել Գյումրիի օդանավակայանի տրանզիտային չվերթները ակտիվացնելու համար.

«Գիտեք, որ հարեւան Վրաստանում կատարվում են իրադարձություններ, եւ այդ ֆոնին պարոն Մարուքյանն առաջարկում էր ընդամենը ակտիվացնել Գյումրիի օդանավակայանի տրանզիտային չվերթները՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Հիմա, որպեսզի դուք կենտրոնանանք առաջարկի վրա, կենտրոնացել եք ոճաբանության վրա: Նախ չեմ հասկանում, թե ինչո՞ւ եք մտահոգվել փայլուն կառավարություն արտահայտությունից, որովհետեւ դա ձեր արտահայտությունն է, մի գուցե, ձեր կառավարությունն այդքան էլ փայլուն չէ, եւ այդ բառը ձեզ այդպես անհանգստացրել է: Եթե ձեր անգործությունը պետք է արդարացնեք այսպես, եւ տրանզիտային օդանավակայան դառնա Բաքուն, Անկարան, ապա ես խոսքեր չունեմ ասելու: Դուք կարող եք այստեղ ժամանակ ծախսել բամբասկոտ տղամարդկանց նկատմամբ նման արտահայտություններ անելով, իսկ այդ ընթացքում, իհարկե, կշահեն Բաքուն եւ Անկարան: Շարունակեք այդ գործելաոճը, եւ կենտրոնացեք ինչ-որ ոճաբանությունների վրա, բայց ոչ՝ առաջարկի, եւ այդպես էլ անգործության մեջ մնացեք»:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ արձագանքելով Անի Սամսոնյանի ելույթի՝ ասաց, որ իրեն թույլ չի տա Սամսոնյանին սիրուն աղջիկ կոմպլիմենտով կանչի ամբիոնի մոտ, քանի որ դա նրա միակ արժանիքը չէ. «Չի կարելի, ես խնդրում եմ զերծ մնալ նման արտահայտություններից, և չիջնել մնացածի մակարդակին: Խոսքը ոճաբանությանն է վերաբերել, տիկին Սամսոնյան, ձեզ հրավիրելուց ես ինձ իրավունք չեմ վերապահի երբեւիցե հրավիրել սիրուն կամ գեղեցիկ աղջկա, դա ձեր միակ արժանիքը չէ, ինչպես նաեւ կառավարության նշված միակ արժանիքը գեղեցիկ եւ փայլուն լինելը չէ»:

Հաջորդ ելույթ ունեցող «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ անդրադառնալով վեճին՝ ասաց, որ՝ «Տղամարդու կողմից գովեստը սիրուն աղջկան այնքան վտանգավոր չէ, ինչքան գովեստը տղամարդու կողմից սիրուն տղամարդուն»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: