Հայերեն   English   Русский  

«Քույր-դպրոցներ» ծրագիրն ամենամյա դարձնելու նպատակ ունենք». Գոշ Սարգսյան


  
դիտումներ: 1436

Խթանել Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների սաների և մանկավարժների միջև համագործակցության, գործնական հմտությունների ձեռքբերման և փորձի փոխանակման գործընթացը: Հենց այս նպատակներն է իր առջև դրել Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագիրը: Այն իրականացվում է Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Հունիսի 26-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կայացավ ծրագրի անցկացման վերաբերյալ մամլո ասուլիս:

«Այս նախաձեռնության նպատակն է մերձեցնել մայրաքաղաքը մարզերի հետ մշակութային կրթության համատեքստում: Ծրագրի կարևոր բաղադրիչներից է մասնագիտական փորձի փոխանակումը, մշակութային համագործակցությունը: Նախաձեռնության շրջանակում մասնակիցներին տրվում է հնարավորություն այցելել թանգարաններ, մշակութային տարբեր հաստատություններ: Նախագիծն արդեն իսկ ունի մեծ արձագանք, վերջերս շատ շնորհակալական խոսքեր ենք ստանում նման նախաձեռնության համար»,-նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանը՝ հույս հայտնելով, որ ծրագիրը կընդլայնի շրջանակները:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանն էլ ընդգծեց, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ունի հստակ դիրքորոշում մշակութային քաղաքականության իրականացման վերաբերյալ:

«Մշակութային միջոցառումների մեծ մասը բևեռացված է մայրաքաղաքում, ուստի որոշեցինք կյանքի կոչել մի ծրագիր, որը հնարավորություն կտա աշխուժացնել մշակութային կյանքը մարզերում»,-նշեց նա՝ հավելելով, որ այս ընթացքում եղել է տարբեր վայրերում և ջերմ արձագանքներ ստացել «Քույր-դպրոցներ» նախաձեռնության վերաբերյալ: Գոշ Սարգսյանի խոսքով՝ նպատակ կա այն դարձնել ամենամյա:

Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագիրը, որը մեկնարկել է հունիսի 19-ին, կնպաստի նաև մշակույթի համաչափ զարգացմանը, գեղարվեստական կրթության հասանելության և մատչելիության ապահովմանը:

Ծրագրի շրջանակներում երևանյան 10 և մարզային 10 երաժշտական և արվեստի դպրոցների միջև կհաստատվեն համատեղ համերգային ծրագրերի իրականացման, մշակութային կրթության մեթոդական աջակցության, ինչպես նաև ստեղծագործական կապեր, իսկ մասնակից 500 երեխաների համար նախատեսված են ճանաչողական այցեր՝ Երևանի և ՀՀ մարզերի պատմամշակութային ժառանգության և տեսարժան վայրեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: