Հայերեն   English   Русский  

10421 դիմորդ, 3023 անբավարար․ հայտնի են միասնական քննությունների գնահատականները


  
դիտումներ: 4694

Միասնական քննությունների առաջին փուլն ավարտվեց։ Քննությունները, որ վերջին տարիներին համեմատաբար հանգիստ մթնոլորտում էին անցնում, այս տարի էլի կրքեր բորբոքեցին։ Նախորդ տարիների համեմատ նաև այս տարվա քննական գնահատականներն են ցածր։

Ոմանց կարծիքով՝ պատճառն այն էր, որ հարցաշարերը նույնությամբ չէին կրկնում շտեմարանները, այլ որոշ բառեր, արտահայտություններ, խնդրի պայմաններ փոխարինվել էին համարժեք այլ բառերով կամ պայմաններով։ Ոմանց կարծիքով էլ՝ որոշ առարկաներից ցածր գնահատականներ են արձանագրվել, քանի որ քննական հարցերը հստակ չեն և դիմորդին շփոթեցնելու միտում ունեն։

ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանի խոսքով՝ թեստերը նույնն են եղել, ինչ նախորդ տարիներին՝ կազմված շտեմարանների հիման վրա։ Միակ փոփոխությունը, որ տեղի է ունեցել կրթության նախարարի պահանջով, առաջադրանքների պահանջները նույնը պահելով՝ որոշակիորեն փոխվել են դրանց տվյալները։ Նման փոփոխության նպատակն այն է, որ դիմորդները քննության գնան ոչ թե առաջադրանքներն անգիր արած, այլ բովադնակությունը սերտած։

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս «Անկախն» ամոփել և նախորդ տարիների ցուցանիշների հետ է համեմատել քննությունների գնահատականները։

Այս տարի ամենաբարձր միջին գնահատականն արձանագրվել է ֆրանսերենից՝ 15․16, ամենաշատ անբավարարներն արձանագրվել են ֆիզիկայից՝ 22,8 տոկոս, և ամենաշատ 20 ստացողները եղել են անգլերենից՝ 53 դիմորդ։

Համեմատության համար նշենք, որ այս տարի 10421 դիմորդի պարագայում արձանագրվել է 3023 անբավարար, մինչդեռ 2017-ին, երբ դիմորդների թիվը 11375 էր, արձանագրվել է ընդամենը 2708 անբավարար գնահատական։

Ավանդաբար ամենամարդաշատը համարվող առարկայից՝ Հայոց լեզվից և գրականությունից քննություն է հանձնել 5370 դիմորդ։ Միջին գնահատականը 11,6 է։ Անբավարար է ստացել դիմորդների 19,5 տոկոսը։ 18-20 միավոր է ստացել քննություն հանձնածների 9,2 տոկոսը։

Նախորդ տարի մայրենիից ավելի բարձր ցուցանիշներ էին արձանագրվել։ 2018-ին «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միջին գնահատականը 12.63 էր: Մայրենիից կտրվել էր դիմորդների 13.03 տոկոսը, 20 միավոր էր ստացել 24 դիմորդ։

Ավելի բարվոք են եղել 2017-ի ցուցանիշները՝ միջինը՝ 12,9, անբավարարների տոկոսը՝ 11,7 ։ Ստացվում է, որ «Հայոց լեզու և գրականություն» առարկայի գնահատականները տարեցտարի նվազում են։

Մաթեմատիկայից այս տարի քննություն է հանձնել 4546 դիմորդ։ Միջին գնահատականը 12,16 է։ Անբավարար է ստացել դիմորդների 9,9 տոկոսը, իսկ 18-20 է ստացել 8,4 տոկոսը՝ 383 դիմորդ։ Մաթեմատիկայից 20 միավոր է ստացել 30 դիմորդ։

Այս առարկայի միջին գնահատականը նախորդ տարիների համեմատ բարձրացել է, անբավարարների թիվն էլ նվազել է։ Այսպես՝ մաթեմատիկայի միջին գնահատականը 2018-ին 11.88 էր, կտրվածների տոկոսը՝ 15.58: Մաթեմատիկայից 20 էր ստացել 42 դիմորդ:

2017-ին մաթեմատիկայի միջինը կազմել է 12.9, կտրվողների տոկոսը՝ 15.5։

Անգլերենից քննություն է հանձնել 4536 դիմորդ։ Միջին գնահատականը 13,96 է։ Անբավարար է ստացել դիմորդների 9,9 տոկոսը։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս անգլերենից բարձր միավորներ վաստակողները շատ են․ 18-20 միավոր է ստացել 1120 դիմորդ, կամ քննություն հանձնածների 24,8 տոկոսը։ Իսկ առավելագույն 20 միավոր ստացել է 53 դիմորդ։

Բայց անգամ բարձր գնահատականների առումով առաջատար դիրքը պահած անգլերենի պարագայում գնահատականները տարեցտարի նվազել են։ Այսպես՝ 2018-ին անգլերենի միջին միավորը 14.45 էր, կտրվողները կազմել են 9.8 տոկոսը:Անգլերենից 20 բալ էր ստացել 137 դիմորդ: 2017-ի անգլերենի ցուցանիշներն ավելի բարձր են՝միջինը կազմել է14.4, անբավարար ստացողները կազմել են 9 տոկոսը։

Ֆրանսերենից քննություն է հանձնել 84 դիմորդ։ Միջին գնահատականը 15,16 է։ Անբավարար է ստացել դիմորդների 8,3 տոկոսը։ 18-20 միավոր է ստացել քննություն հանձնածների 31 տոկոսը։ 20 միավոր է ստացել 2 դիմորդ։

2018-ին ֆրանսերենի միջին գնահատականը եղել է մի փոքր ավելի բարձր, քան այս տարվա ցուցանիշն է՝ 15,42, անբավարար էր ստացել ընդամենը 2,27 տոկոսը։ 20 ստացողների թիվը նույնն էր՝ 2 դիմորդ։

Գերմաներենից քննություն է հանձնել 117 դիմորդ։ Միջին գնահատականը 13,83 է։ Անբավարար է ստացել 11,1 տոկոսը։ 18-20 միավոր գերմաներենից ստացել է քննություն հանձնածների 24,8 տոկոսը։ Այս տարի գերմաներենից 20 միավոր ստացողներ չեն եղել։

Գերմաներենի միջին գնահատականը ևս նախորդ տարի ավելի բարձր է եղել՝ 15,15։ Նախորդ տարի գերմաներենից անբավարար էր ստացել դիմորդների 6,58 տոկոսը։ Մեկ դիմորդ էլ 20 միավոր էր վաստակել։

Ռուսերենի ցուցանիշներն, ի տարբերություն մյուս առարկաների, զգալիորեն բարելավվել են։ Ռուսերենից քննություն է հանձնել 401 դիմորդ։ Միջին գնահատականը 11,3 է, անբավարար է ստացել դիմորդների 18,7 տոկոսը։ 18-20 միավոր է ստացել 19 դիմորդ, ինչը կազմում է ընդհանուրի 4,7 տոկոսը։ Ռուսերենից ընդամենը մեկ 20 միավոր է արձանագրվել։

Նշենք, որ 2018-ին ռուսերենի ցուցանիշները շատ ավելի ցածր էին․ միջին գնահատականն 9.82 էր, կտրվողներն էլ կազմում էին դիմորդների 28.05 տոկոսը։ Իսկ 2017-ին ռուսերենի միջին գնահատականը եղել է 10.2, կտրվողների տոկոսը՝ 28.5։

Ֆիզիկայից միասնական քննություն է հանձնել 1407 դիմորդ։ Միջին գնահատականը 11,7 է, անբավարար է ստացել դիմորդների 22,8 տոկոսը։ 18-20 միավոր է ստացել 177 դիմորդ կամ ընդհանուրի 12,6 տոկոսը։ 20 միավոր է ստացել 22 դիմորդ։

2018-ին Ֆիզիկայի միջին միավորը 11.44 էր, անբավարարների տոկոսը՝ 26.42: 25 դիմորդ ֆիզիկայից 20 միավոր էր վաստակել:

Քիմիայից քննություն է հանձնել 986 դիմորդ։ Միջին գնահատականը 12,4 է։ Անբավարար է ստացել քննություն հանձնածների 18,2 տոկոսը։ 18-20 միավոր է ստացել 182 դիմորդ կամ 18,5 տոկոսը։ 20 միավոր է ստացել 1 դիմորդ։

Նախորդ տարի քիմիայի միջին գնահատականը կազմել է 12,99, կտրվողների տոկոսը՝ 20,38, իսկ ահա 20 միավոր ստացողները զարմանալիորեն շատ են եղել՝ 20 միավոր։

2017-ին «Քիմիա» առարկայի միջինը կազմել է 12,7։

Կենսաբանությունից քննություն է հանձնել 1207 դիմորդ։ Միջին գնահատականը 13,4 է։ Անբավարար է ստացել դիմորդների 15,2 տոկոսը։ 18-20 է ստացել 134 դիմորդ կամ 11,1 տոկոսը։ Կենսաբանությունից 20 միավոր է ստացել 13 դիմորդ։

Կենսաբանության միջին գնահատականը 2018-ին եղել է 14,03, անբավարարների տոկոսը՝ 14,53։ Նախորդ տարի 20 միավոր էր ստացել 43 դիմորդ։

Իսկ ահա, 2017-ին կենսաբանության ցուցանիշները ավելի մոտ են եղել այս տարվա ցուցանիշներին՝ միջին գնահատականը՝ 13,4, անբավարարների տոկոսը՝ 17,3։

Հայոց պատմությունից քննություն է հանձնել 1362 դիմորդ; Միջին գնահատականը 11,7 է։ Անբավարար է ստացել դիմորդների 21,4 տոկոսը։ 18-20 միավոր է ստացել քննություն հանձնածների 14 տոկոսը՝ 191 դիմորդ, որոնցից 21-ը ստացել են 20 միավոր։

Հայոց պատմության գնահատականները նախորդ տարվա համեմատ նվազել են զգալիորեն։ 2018-ին այս առարկայի միջին գնահատականը կազմել է 12,68, անբավարար էր ստացել դիմորդների 15,8 տոկոսը, իսկ 25 դիմորդստացել էր 20 միավոր։

2017-ին հայոց պատմության միջին գնահատականը եղել է 12,1․ անբավարար ստացողների թիվը՝ 19,2 տոկոս։

Համաշխարհային պատմությունից քննություն է հանձնել 40 դիմորդ։ Միջին գնահատականը 13,6 է։ Անբավարար և առավելագույն 18-20 միավորներ ստացել են համապատասխանաբար 12,5-ական տոկոսը կամ հինգական դիմորդ։ Այս առարկայից 20 միավոր է ստացել 1 դիմորդ։ Ի տարբերություն մյուս առարկաների, համաշխարհային պատմության գնահատականները նախորդ տարիների համեմատությամբ զգալիորեն բարելավվել են։

Համաշխարհային պատմության միջին գնահատականը 2018-ին եղել է 12,53, անբավարար ստացողները կազմել են 7,89 տոկոսը։ Նախորդ տարի ևս 1 դիմորդ էր 20 ստացել։

Համաշխարհային պատմության գնահատականները շատ ավելի բարձր են եղել 2017-ին։ Միջին գնահատականը՝ 14,7, անբավարար ստացողները՝ 7,6 տոկոս։

Աշխարհագրությունից քննություն է հանձնել 229 դիմորդ։ Միջին գնահատականը 13,7 է։ Անբավարար է ստացել դիմորդների 16,7 տոկոսը։ 18-20 է ստացել 30 դիմորդ կամ 13,1 տոկոսը։ 20 միավոր է վաստակել 6 դիմորդ։

2018-ին Աշխարհագրությունից միջին գնահատականը 13.49 էր, անբավարար է ստացել դիմորդների 8.09 տոկոսը: 4 դիմորդ աշխարհագրությունից 20 միավոր էր ստացել:

Նշենք, որ 2017-ինաշխարհագրության միջին միավորը եղել է 12.1, իսկ կտրվողները կազմել են 19.5 տոկոսը:

Ամփոփելով նշենք, որ գնահատականների նվազման միտում է նկատվում այն առարկաների պարագայում, որոնք հնարավոր է հիշողությամբ վերարտադրել՝ առանց բովանդակությունը սերտած լինելու։ Մինչդեռ բնագիտամաթեմատիկական այն առարկաների պարագայում, որոնք ավելի շատ տրամաբանական, վերլուծական մոտեցում, բանաձևերի ու կանոնների իմացություն են պահանջում, գնահատականների էական փոփոխություն տեղի չի ունեցել։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: