Հայերեն   English   Русский  

Գյուղացու ճակատագիրը՝ դառը դատել և դատարկ նստել․ կարկուտը «բերքահավաք» է իրականացրել Մարտունիում


  
դիտումներ: 5544

«Կարկուտը ծեծած տեղն է ծեծում» ժողովրդական այս խոսքը թերևս ուղիղ իմաստով դրսևորվեց Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում,

երբ կարկուտը մի քանի օրվա մեջ երկու անգամ «բերքահավաք» իրականացրեց։ Հունիսի 27-ին 20 րոպեից ավել տևած կարկուտը վնասել է մի շարք համայնքների արտերն ու այգիները, վնասվել են նաև շենքերի տանիքներն ու պատուհանները, կարկուտի պահին դրսում գտնվող մեքենաները։ Մինչ բնակիչները սպասում էին, որ գուցե մի քանի օրվա ընթացքում խոնավության շնորհիվ կարկուտից ջարդված բույսերի մի մասը մասամբ կվերականգնվեն, հունիսի 30-ին տեղաց հերթական կարկուտը՝ այս անգամ վերջնականապես մարդկանց զրկելով որևէ բերք ստանալու հույսից։

Մարտունի քաղաքի բնակիչ Էլմիրա Խաչատրյանը 800 մետր հողատարածք ունի, որը մշակում է աշխատանքից տուն գալուց հետո՝ երեկոյան ժամերին։ Սեփական ձեռքերով աճեցրած կարտոֆիլը, լոբին, կաղամբը, վարունգն ու պոմիդորը, կանաչեղենը, մրգերը ծառայում են ընտանիքի առօրյա սպառման համար։ Այսպես սպառում են էկոլոգիապես մաքուր միրգ-բանջարեղեն՝ դրա դիմաց չվճարելով մեծ գումարներ։ Հուլիսի 27-ին տեղացած 20 րոպեից ավել տևած կարկուտը, սակայն, տիկին Էլմիրայի հանգստի հաշվին մշակած հողատարածքում ոչինչ կանգուն չի թողել, մնացել են միայն կոտրտված ցողուններ, որոնք ի ցույց են դնում հողի սևությունը։ Տիկին Էլմիրան միակը չէ, որ տուժել է խոշոր ու հզոր կարկուտից։ Մարտունի քաղաքի հարյուրավոր բնակիչներ են զրկվել իրենց այս տարվա բերքից։ Համայնքում ընդհանուր տուժել է 70 հա մշակած հողատարածք։ Մեծ վնասներ են կրել նաև Վերին Գետաշեն, Ներքին Գետաշեն, Վաղաշեն, Ծովասար և Ձորագյուղ համայնքները։ Շատերի համար գյուղատնտեսությունը եկամտի հիմնական աղբյուրն է, որից զրկվել են 20 րոպեում և շատ հանկարծակի։

Տիկին Էլմիրան պատմում է, որ անգամ իր փոքր հողկտորի համար բավականին շատ ծախսեր էր արել ու մեծ աշխատանք ներդրել։ «Նոր սերմնացու էի գնել՝ կարտոֆիլի լավ բերք ստանալու ակնկալիքով, էն էլ ինձ իմ ծախսը մնաց։ Բերք այլևս չի լինի»,- ասում է նա։ Ասում է՝ քիչ քանակությամբ սերմնացու ունի, առաջիկա օրերին փոքր տարածքում նորից կարտոֆիլ ու լոբի կցանի, որ թեկուզ ուշացած, բայց որոշակի բերք ունենա։ «Բայց ծառերն էլ հո նորից չե՞ն ծաղկի։ Փաստորեն այս տարի որևէ ծառ բերք չի ունենալու՝ սկսած ծիրանից ու կեռասից մինչև խնձոր ու ընկույզ, ամեն ինչ պետք է առնենք, ծառերը դատարկվել են, կոտրտված բերքը դույլերով ծառերի տակ լցված է»,- ասում է նա։

Բնակիչների հույսը պետությունն է, սպասում են, որ համայնքապետարանից, մարզպետարանից գան, ուսումնասիրեն ու գոնե որոշակի փոխհատուցում տան։ Ասում են՝ ինչ էլ տան, իրենց վնասը չեն փոխհատուցի։ Բայց գոնե կարողանան սերմնացուի, պարարտանյութի, թունաքիմիկատների պարտքերը փակել։

Կարկուտ Մարտունիում

«Անկախը» կապ հաստատեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի հետ՝ պարզելու, թե ինչ փուլում է գտնվում վնասների գույքագրման և փոխհատուցման գործընթացը։ Նրա խոսքով՝ բոլոր համայնքներում գործում են մշտական հանձնաժողովներ, որոնք էլ ուսումնասիրում են բնական աղետների պատճառած վնասները։ Գործող մշտական հանձնաժողովը, որի կազմում է նաև ԱԻՆ ներկայացուցիչ, ֆիքսում է համայնքի կրած վնասները և նախնական հաշվարկներ անում։ Հանձնաժողովի արձանագրությունը գալիս է մարզպետարան, որտեղ էլ համապատասխան բաժինների աշխատակիցները ճշտում են վնասների չափերը, գումարային հաշվարկներ անում և ներկայացնում կառավարությանը»։ Կառավարությունում փաստաթղթերը ևս մեկի անգամ ուսումնասիրում են ԱԻՆ մասնագետները, որից հետո միայն որոշում է կայացվում՝ փոխհատուցել վնասը, թե ոչ, կամ ինչ չափով փոխհատուցել։ Այնուհետև գումարը փոխանցվում է համայնքին, որն էլ բաշխում է բնակիչներին՝ ըստ նրանց կրած վնասների։

«Կարկուտի դեպքում մի քանի օր հետո ենք սկսում ուսումնասիրել, քանի որ վնասված տարածքները քիչ թե շատ կարող են վերականգնվել։ Այդպես ենք վարվում, որ վնասի իրական չափը գնահատվի։ Մեր մասնագետները վաղվանից սկսելու են աշխատել Մարտունու տարածաշրջանում»,- ասում է Համբարձումյանը և հավելում, որ այս տարի կարկուտի դեպքեր շատ են գրանցվել։ «Չգիտեմ, թե ինչքան պետբյուջեն կկարողանա փոխհատուցել, բայց կարծում եմ, որ մեծ գումարներ կլինեն»,- ասում է նա։

«Անկախը» կապ հաստատեց նաև Մարտունու քաղաքապետի մամուլի խոսնակ Մարտին Ներսիսյանի հետ՝ պարզելու, թե համայնքում ինչ քայլեր են ձեռնարկվել վասների գույքագրման ուղղությամբ։ Նա, սակայն, պատասխանեց, որ համայնքային հանձնաժողովը միայն վնասված տարածքների մակերեսն է պարզել, մնացած ուսումնասիրություններն առաջիկա օրերին կիրականացնեն մարզպետարանից ժամանած մասնագետները։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: