Հայերեն   English   Русский  

Ղրղզստանում ներքաղաքական լուրջ իրադարձություններ են տեղի ունենում


  
դիտումներ: 211

Եվրասիական տարածաշրջանի առանձին երկրներում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներն առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում, քանի որ այդ երկրներն անմիջական ազդեցություն ունեն այն ինտեգրացիոն կառույցների վրա, որոնց անդամակցում է նաև Հայաստանը։

Ղրղզստանում վերջին ամիսների զարգացումները, մասնավորապես, կարող են որոշակիորեն ապակայունացնել այդ երկիրը, ինչը, անշուշտ, Հայաստանի իշխանություններից կպահանջի հատուկ զգոնություն ու հավասարակշռվածություն ցուցաբերել այդ հարցում։

Ի՞նչ է տեղի ունենում

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը մեղադրվում է կոռուպցիոն բնույթի մի շարք հանցագործությունների համար, այդ թվում՝ Բիշքեկի ջերմաէլեկտրակայանի վերանորոգման ընթացքում կատարված չարաշահումների, հողերի ապօրինի բաշխման և կեղծ փաստաթղթերի միջոցով քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի ազատ արձակման համար։ Բացի սա, Աթամբաևին մեղադրում են իշխանությունը բռնազավթելու և քաղաքական այլախոհների նկատմամբ ճնշումներ գործադրելու մեջ։

Հատկանշական է, որ Աթամբաևի նկատմամբ իրավական հետապնդումները նախաձեռնել է Ղրղզստանի ներկայիս նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, որը երկրի նախագահ է ընտրվել 2017 թվականի աշնանը տեղի ունեցած ընտրությունների արդյունքում։ Ընդ որում, Ժեենբեկովին ընտրությունների ժամանակ աջակցել է հենց Աթամբաևը, և համարվում էր , որ Ղրղզստանում տեղի է ունեցել իշխանության փոխանցման մի սցենար, որի դեպքում իշխող էլիտան պահպանել է իր դիրքերը։

Հետագա իրադարձությունները, սակայն, հուշում են, որ Ղրղզստանում տեղի են ունենում ներքին լուրջ խմորումներ։ Աթամբաևի մի շարք նախկին թիմակիցներ ներկայում անցնում են տարբեր քրեական գործերով։ Մասնավորապես, կալանավորված են նախկին վարչապետներ Սապար Իսակովը և Ժանտորո Սատիբալդիևը, նախկին գլխավոր դատախազը, փոխվարչապետը և այլք, իսկ նախկին առաջին փոխվարչապետ Ասկարբեկ Շադիևը փախել է ԱՄՆ, սակայն Ղրղզստանում նրան հեռակա դատապարտել են 10 տարվա ազատազրկման։

Անձամբ Ալմազբեկ Աթամբաևի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար գործող նախագահ Ժեենբեկովը մայիսին ստորագրել է նախկին նախագահներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրենք։ Համաձայն այդ օրենքի, նախկին նախագահին անձեռնմխելիությունից կարող է զրկել և մեղադրանք առաջադրել խորհրդարանի հատուկ հանձնաժողովը, ինչը և տեղի է ունեցել հունիսի 27-ին։ Ղրղզստանի դատախազությունը, սակայն, ընդունել է Աթամբաևին առաջադրված մեղադրանքների միայն մի մասը։ Այդուհանդերձ, եթե Ղրղզստանի նախկին նախագահը մեղավոր ճանաչվի պատգամավորների նշած հանցանքներում, ապա նրան կարող է սպառնալ ցմահ ազատազրկում։

Ինչպե՞ս են արձագանքում Աթամբաևը և նրա կողմնակիցները

Ալմազբեկ Աթամբաևի խոսքով, իրեն հասցեագրված մեղադրանքներն անհիմն են ու անհեթեթ։ Հունիսի 29-ի հայտարարությունում Աթամբաևը նշում է , որ իրեն շատերն են աջակցում, այդ թվում՝ քաղաքական գործիչներ։ Ըստ Աթամբաևի, ինքը մաքուր է աստծու և ժողովրդի առջև, իսկ իր լավագույն ընկերները, պարզվում է, դավաճաններ են։ Աթամբաևը հայտարարել է նաև, որ Ժեենբեկովը Ղրղզստանի լեգիտիմ նախագահ չէ։

Բացի սա, Աթամբաևին մեղադրանքներ առաջադրելուց հետո նրա տան մոտ հերթապահում են իր աջակիցները։ Վերջինները բետոնե արգելապատնեշներով փակել են նախկին նախագահի տուն տանող ճանապարհը և հայտարարում են, որ թույլ չեն տա ձերբակալել նրան։ Աթամբաևի կողմնակիցներին միացել է նաև գործող նախագահ Ժեենբեկովի խորհրդական Այբեկ Ազըրանկուլովը։

Ի՞նչ կարելի է սպասել

Ղրղզստանում իրավիճակի հետագա սրման կամ ապակայունացման դեպքում կարևոր է լինելու հետևել ոչ միայն ԵԱՏՄ և ՀԱՊԿ երկրներից, այլև մնացյալ միջազգային հանրությունից ստացվող արձագանքներին։ Ղրղզստանը, ընդհանուր առմամբ, հավասարակշված և կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն է վարում։ 2017-ի նախագահական ընտրություններից հետո սկսվել են Ղրղզստանի և Եվրամիության միջև նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները, դրան զուգահեռ Բիշքեկը շարունակ հայտարարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու մասին, կան նոր ներդրումային ծրագրեր Չինաստանի հետ։ Բացի սա, Ժեենբեկովը հայտարարել է ԱՄՆ հետ նախկին իշխանությունների օրոք խաթարված հարաբերությունները վերականգնելու մասին։ Ըստ այդմ, Ղրղզստանում հետագա զարգացումները կարող են հանգեցնել այդ երկրում տարբեր ուժային կենտրոնների շահերի բախման։

Վահե Ղուկասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: