Հայերեն   English   Русский  

Վրաստանում Պուտինին չեն սիրում, բայց դեմ են նրան հայհոյելուն


  
դիտումներ: 708

2020-ին սպասվող խորհրդարանական ընտրությունների ոչ պաշտոնական քարոզարշավ, հեղաշրջման ծրագրի մաս, Վրաստանում հակառուսական տրամադրությունների շոշափում․ այս և նմանատիպ բազմաթիվ այլ մեկնաբանություններ եղան կիրակի օրը վրացի լրագրող Գեորգի Գաբունիայի մասնակցությամբ տեղի ունեցած սկանդալի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում «Հետգրություն» հաղորդումը, որն ուղիղ հեռարձակում ունի, հաղորդավարը սկսել էր ՌԴ նախագահ Վլադմիմիր Պուտինի և նրա ծնողների հասցեին հայհոյանքներով։ Շուրջ 1,5 րոպե նա հայհոյանքներ է հղել ՌԴ նախագահին։

Հաջորդ տարի Վրաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ։ Հունիսի 20-ից ծավալված բողոքի ակցիաների արդյունքում իշխանություններն ընդունել են ցուցարարների պահանջը։ Արդյունքում առաջիկա ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով, իսկ անցողիկ շեմ չի լինելու։ Խորհրդարան կանցնեն ընտրություններին մասնակցած և քվեներ ստացած բոլոր քաղաքական ուժերը։ Մասնագետների կարծիքով՝ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն այսպիսով փորձում է իր համար նպաստավոր պայմաններ ստեղծել, ինչը հնարավորություն կտա հնարավորինս շատ քվեներ վաստակել առաջիկա ընտրություններում և ինչու ոչ, կրկին իշխանություն ձևավորել։

Վրաստանում սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով գործող իշխանությունների վարկանիշն անկում է ապրել։ Հակառուսական գործողությունների հետևանքով արդեն իսկ ռուսական կողմը պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի նկատմամբ։ Հուլիսի 8-ից դադարեցվել են ավիափոխադրումները երկու երկրների միջև։ Կիրակնօրյա միջադեպից հետո էլ արդեն ռուս զբոսաշրջիկները զանգվածային կերպով չեղարկում են ավելի վաղ կատարած ամրագրումները վրացական հյուրանոցներում։ Ըստ տարբեր հաշվարկների՝ այս ամենի հետևանքով Վրաստանը կկորցնի շուրջ 1 մլն զբոսաշրջիկ և 700-800 մլն դոլար։

Պատժամիջոցները, սակայն, կարող են այսքանով չսահմանափակվել։ ՌԴ պետդումայի պատգամավորները կառավարությանն առաջարկել են արգելել Վրաստանից գինու և հանքային ջրի ներկրումը, ինչպես նաև Ռուսաստանից դրամական փոխանցումները Վրաստան։ Ճիշտ է, Պուտինը դեմ է արտահայտվել նոր պատժամիջոցներին։ «Ես դա չէի անի հենց վրաց ժողովրդի նկատմամբ հարգանքից»,— ասել է նա։

Պատժամիջոցների հետևանքով տուժում է Վրաստանի տնտեսությունը, ինչն իր վրա բացասական առումով զգալու է շարքային քաղաքացին։ Իսկ սոցիալ-տնտեսական խնդիրների սրումն ավելի է մեծացնելու դժգոհությունը գործող իշխանություններից՝ ավելի փոքրացնելով նրանց հաղթանակի հնարավորությունը 2020-ի խորհրդարանական ընտրություններում։

Հիշեցնենք, որ Վրաստանը խորհրդարանական երկիր է։

Որտեղի՞ց է փչում քամին

Գաբունիայի արարքը քննադատեցին բոլորը, անգամ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որի կողմն էլ ուղղվեցին մեղադրանքի սլաքները Գաբունիայի արարքի համար։ Նշվում է, որ նախկինում «Ռուսթավի 2» հեռուստաալիքն ամբողջությամբ պատկանել է Սաակաշվիլիին, որը որոշակի մասնաբաժին ունի նաև ներկայում։ Սաակաշվիլին, սակայն, հերքել է իր առնչությունը սկանդալի կենտրոնում հայտնված հեռուստաընկերության հետ։

Նա հայտարարել է, որ չի սատարում նման վարքը, քանի որ դեմ է հիստերիային և էպատաժին։ Նրա խոսքով՝ վրացի լրագրողի արարքն անտեղին է եղել։ Նա նաև կոչ է արել ուկրաինացի լրագրողներին չընդօրինակել վրացի գործընկերների պահվածքը։

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի կարծիքով, չնայած Սաակաշվիլի հայտարարությանը, Գաբունիայի արարքի հետևում հենց Վրաստանի նախկին նախագահն է կանգնած։ «Միանշանակ, սա մեկ մարդու էմոցիա չէ, այլ պլանավորված սադրանք։ Այս տեքստի հեղինակը Միխեիլ Սաակաշվիլին է, քանի որ նա գիտակցում է՝ առանց լուրջ սադրանքի նա երբեք չի կարող Վրաստանում իշխանության վերադառնալ։ Նա այդպես է վարվել, որպեսզի վերջնականապես խափանի ռուս-վրացական հարաբերությունների վերականգնման հեռանկարը»,- հայտարարել է Բուրջանաձեն։

Վրացական արմատներով ռուս հաղորդավարուհի Թինա Կանդելակին ևս անդրադարձել է տեղի ունեցածին՝ մեղադրանքի սլաքներն ուղղելով Սաակաշվիլիի կողմը։

«Այս խաղն ունի միայն մի ելք՝ պետականության ամբողջական քայքայում և Վրաստանի տարածքում հրդեի ու քաոսի օջախի ստեղծում։ Սաակաշվիլին կարող է սխալվել՝ կարծելով, որ իրեն հեշտ կլինի այդ հրդեհի օջախ վերադառնալը։ Իսկ այժմ պետք է անել ամեն բան, որ թույլ չտանք իրադարձությունների նման զարգացումը» ,- հայտարարել է Կանդելակին։

ՌԴ ԱԳՆ-ն, արձագանքելով միջադեպին, հայտարարել է․ « Դիտարկում ենք դա որպես ևս մեկ բաց սադրանք վրացական ծայրահեղական ուժերի կողմից ուղղված վրաց-ռուսական հարաբերությունների խզմանը»։

Տեղի ունեցածը դատապարտել է Վրաստանի ողջ քաղաքական ղեկավարությունը։

«Այն, ինչ մենք տեսանք «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում, ոչ այլ ինչ է, քան սադրանքի զզվելի դրսևորում և մեր երկիրն ապակայունացնելու փորձ։ Դա անընդունելի է»,- գրել է նա Թվիթերի իր հաշվում։

Իսկ ահա Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիորգի Վոլսկին հայտարարել է, որ «Ռուսթավի-2»-ի եթերում ցենզուրայից դուրս հայտարարությունները ՌԴ ղեկավարության հասցեին պետական հեղաշրջման փորձ էին, որն ավելի վաղ իրավապահները կարողացել էին կանխարգելել։ Խոսքը հավանաբար հունիսի 20-ից ի վեր ծավալված իրադարձությունների մասին է։ Իրավապահները Սաակաշվիլիի կուսակից պատգամավորներից մեկին մեղադրանք են առաջադրել սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողությունների համար։

Լրագրողի արարքը դատապարտել է նաև հեռուստաընկերության տնօրեն Նիկա Գվարամիան։ Նա հայտարարել է, որ սա համաձայնեցված չի եղել «Ռուսթավի 2-ի» հետ ու անթույլատրելի է համարում ուղիղ եթերում նման ինքնագործունեությունը։ Նա, սակայն, նաև հայտարարել , որ լրագրողի գաղափարակիցն է։ Նա հրաժարվել է աշխատանքից հեռացնել լրագրողին՝ նշելով, որ հեռուստաընկերության էթիկայի հանձնաժողովը նրան իր արարքի համար երկու ամսով զրկել է եթեր դուրս գալու իրավունքից։ Արգելքի ժամանակի լրանալուց հետո Գաբունիան կշարունակի իր աշխատանքը հեռուստաընկերությունում։

Չնայած այդ իրողությանը, որոշ թվով վրացիներ պահանջում են Գաբունիային հեռացնել աշխատանքից։

Լրագրողի արարքից հետո հեռուստաընկերության շենքի մոտ մի խումբ քաղաքցիներ բողոքի ցույցեր իրականացրեցին։ Նրանք հայտարարում էին, որ Ռուսաստանի և Պուտինի կողմնակիցներ չեն, սակայն դատապարտում են լրագրողի արարքը՝ նշելով, որ այդպիսով գետնով են տրվել վրացական ավանդույթները։ Ցուցարարները պահանջում էին աշխատանքից հեռացնել Գաբունիային։ Հեռուստաընկերությունն անգամ կարճ ժամանակով դադարեցրեց հեռարձակումը, դիմեց իրավապահներին՝ իր աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: