Հայերեն   English   Русский  

Միջազգային փորձագետներն աջակցելու են ստվերային տնտեսության կրճատմանն ուղղված միջոցառումների մշակմանը


  
դիտումներ: 760

Պետական եկամուտների կոմիտեի և «Էքսպերտիզ Ֆրանս» Ֆրանսիայի միջազգային փորձագիտության գործակալության միջև հուլիսի 9-ին խորհրդատվական ծառայության պայմանագիր է կնքվել`

ՊԵԿ-ում «Աջակցություն Հայաստանի հարկային վարչարարությանը` ստվերային տնտեսությունը կրճատելու և հարկային եկամուտների կայուն աճն ապահովելու գործում» տեխնիկական օժանդակության ծրագրի իրագործման նպատակով:

Միջոցառմանը ներկա է եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը: Ծրագիրը կոչված է օժանդակելու հարկային ոլորտում ՀՀ ՊԵԿ-ի ռազմավարության ներդրմանը՝ շեշտը դնելով ստվերային տնտեսության կրճատմանն ուղղված միջոցառումների վրա: Ֆրանսիական կողմը ներգրավելու է ստվերային տնտեսության դեմ պայքարի առաջավոր փորձին տիրապետող միջազգային փորձագետների` ՊԵԿ-ի համար արդյունավետ առաջարկություններ մշակելու նպատակով:

Մեկուկես տարի տևողությամբ ծրագրի ավարտին ակնկալվում է ՊԵԿ-ում ներդնել ստվերային տնտեսության և տնտեսության ճյուղերի հարկային ներուժի գնահատման արդյունավետ գործիքներ, ուժեղացնել ՊԵԿ-ի կարողությունները՝ ներքին և արտաքին տեղեկատվության մոբիլիզացման և վերլուծության գործում, ինչպես նաև բարելավել ՊԵԿ-ի տրասֆերային գնագոյացման ստորաբաժանման գործունեությունը՝ համադրելի բազաների ստեղծման միջոցով: Բացի այդ նախատեսվում է կատարելագործել գործող հարկային ընթացակարգերը՝ համապատասխանեցնելով ՓՄՁ-ների յուրահատկություններին:

Ծրագիրն իրագործվում է ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև կնքված ֆինանսավորման պայմանագրի շրջանակում և մեկնարկելու է սեպտեմբերից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: