Հայերեն   English   Русский  

Մենք պետք է կարողանանք հայկական դասական երաժշտությունը արժանվույն ներկայացնել աշխարհին. Աննա Հակոբյան


  
դիտումներ: 220

Ստորագրվել է համագործակցության հուշագիր «Իմ քայլը» հիմնադրամի ևդասական երաժշտության ստեղծագործական խմբերի միջև

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ հուլիսի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի և դասական երաժշտության ստեղծագործական խմբերի միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողությունը։ Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, •Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարԿոնստանտին Օրբելյանը, Կոմիտասի անվան ազգային քառյակի գեղարվեստական ղեկավարԷդուարդ Թադևոսյանը, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավարՀովհաննես Չեքիջյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարԷդուարդ Թոփչյանը, Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավարՌոբերտ Մլքեյանը, Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարՎահան Մարտիրոսյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարՍերգեյ Սմբատյանը, «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավարՍոնա Հովհաննիսյանը, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոն ՀԿ-ի նախագահՍտեփան Ռոստոմյանը:

Շնորհավորելով համատեղ համագործակցության մեկնարկի կապակցությամբ Աննա Հակոբյանը շեշտել է, որ ստորագրվելիք համաձայնագրի արդյունքում Հայաստանում կարճ ժամանակահատվածում դասական երաժշտությունը կարձանագրի մեծ արդյունքներ և ավելի բարձր մակարդակի վրա կկանգնի:«Ինչո՞ւ է սա կարևոր, սա կարևոր է, որովհետև այն որակը, որը մենք ունենք Հայաստանում, այն որակը որը մատուցում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը,այն կատարելության հասնող որակը, որը մատուցում է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, մենք իրավունք չունենք նրանց հետ այդպես վարվել: Դա ոչ թե մեր հարստությունն է, այլ այն է ինչ ժամանակակից լեզվով ասած պետք է «վաճառենք» աշխարհին և թանկ «վաճառենք»: Բայց դա ջանք, աշխատանք է պահանջում»,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ նվագախմբերը ունեցած արդյունքին հասել սեփական նախաձեռնողականության և, ըստ էության, առանց աշխատավարձի աշխատելու կամ նվազագույն դրամական միջոցներով առավելագույնն անելու ճանապարհով: «Մեկ տարուց էլ քիչ ժամանակահատվածում «Իմ քայլը» հիմնադրամը 514 մլն 866 հազար դրամ է տրամադրել դասական երաժշտության խմբերին որպես հավելավճար: Բայց մեզ համար կարևոր է ոչ միայն նվազագույն խնդիրները լուծելը, այլ դրանք լուծելով հանդերձ, մեր առաջ դնել շատ ավելի մեծ նպատակներ և հնարավորություններ ստեղծել որպեսզի մենք կարողանանք այն ինչ ունենք աշխարհին ներկայացնենք արժանվյուն, այլ ոչ թե մեր խմբերը ստիպված լինեն ամսական աշխատավարձի խնդիր լուծել: Դա մեզ պատիվ չի բերում: Հայ երաժիշտը տաղանդավոր և հայ երաժիշտը Հայաստանի սահմաններից դուրս հասնում է համաշխարհային փառքի: Մենք այդ փառքը պետք է բերենք այստեղ: Այսօրվա հուշագիրը դեպի դա տանող ճանապարհի առաջին քայլն է և ես հավատում եմ, որ մենք համատեղ ջանքերով կկարողանանք կարճ ժամանակում ունենալ շատ լավ արդյունքներ»,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ համագործակցության ամենակարևոր արդյունք կլինի այն, որ դասական երաժշտություն սիրող զբոսաշրջիկների թվի աճ կգրանցվի:

«Դասական ակադեմիականարվեստը մեզ համար մեծագույն հարստություն է, որը պետքէ պահպանել ու զարգացնել: Այն կարող է օգնել մեզ հարստացնել մեր երկիրն ու տնտեսությունը:Ցանկանում ենք օգնել բոլորին իրենց մարքեթինգային և բրենդինգային կարողությունների զարգացման հարցում: Մեր օրերում շատ կարևոր է այս կամ այն կոլեկտիվի գործունեությունը ճիշտ փաթեթավորելն ու մատուցելը»,-շեշտել է «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:

«Իմ քայլը» հիմնադրամը երկարաժամկետ ազդեցություն ունեցող ծրագրեր է իրականացնում կրթության, մշակույթի, սոցիալ-առողջապահական և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում։ Հայաստանում դասական երաժշտության զարգացման նպատակով «Իմ քայլը» հիմնադրամը ձևավորել է «Հայաստանի դասական երաժշտության բարեկամներ» խումբը, որի շրջանակում աջակցություն է ցուցաբերվում դասական երաժշտության ոլորտի մի շարք կառույցների։ Ծրագիրն ուղղված է Հայաստանում դասական ակադեմիական երաժշտության կայուն զարգացմանը՝ դասական երաժշտության միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծման և կայուն ֆինանսական հոսքերի ավելացման մեխանիզմների ներդրման միջոցով։ Զարգացման մեխանիզմների ներդրումը ներառում է ռեբրենդինգի, մարքեթինգի և տոմսային քաղաքականության վերանայում։ Ոլորտի կայուն զարգացման ապահովումը կբերի երկրում ակադեմիական արվեստի հանրահռչակմանը և մշակութային զբոսաշրջության զարգացմանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: