Հայերեն   English   Русский  

Հունական մամուլ. «Թուրքիան Կիպրոս է ուղարկել Գերմանիայից գնած տանկերը»


  
դիտումներ: 236

Հունական «Tovima» լրատվականը տեղեկություն է տարածել, որ Թուրքիան Գերմանիայից գնած 42 միավոր Leopard-2A4 տեսակի տանկերը գաղտնի կերպով Էդիրնեից ուղարկել Է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն:

Հունական լրատվական կայքի փոխանցմամբ` տանկերը ռազմամթերքի հետ միասին բեռնափոխադրող նավով ուղարկվել են Լեֆքոշայի Դեղիրմենլիքի շրջան:

Ըստ աղբյուրի` Թուրքիայի ռազմական տեղաշարժերի պատճառը Միջերկրական ծովի արևելյան հատվածում թուրքական հորատիչ նավերի կողմից իրականացվող աշխատանքներն են:

Նշվում է, որ Թուրքիայի համար արգելված են ԱՄՆ-ից և Գերմանիայից գնված ռազմամթերքի մատակարարումը Կիպրոսին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ կոնգրեսը վերջերս օրինագիծ էր ընդունել, որով վերացրել էր Կիպրոսի հանդեպ սահմանված զենքի էմբարգոն և հայտարարել, որ Կիպրոսին և Հունաստանին ռազմական աջակցություն է ցուցաբերելու:

2011թ․ Հարավային Կորեայում կառուցված «Fatih» նավը, որը Թուրքիայի առաջին հորատիչ նավն է, արդեն գրեթե մեկ ամիս աշխատանքներ է իրականցնում Կիպրոս կղզու արևմուտքում։ Իսկ առաջիկայում կղզու արևելքում բնական գազի որոնման աշխատանքներ կսկսի երկրորդ թուրքական հորատող նավը՝ «Yavuz»-ը։

Թուրքիան պնդում է, որ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությունը նույնպես իրավունքներ ունի կղզու հարակից ջրերի բնական պաշարների նկատմամբ։ Մինչդեռ Կիպրոսի Հանրապետությունը համոզված է, որ իրենք կղզում պաշտոնապես ճանաչված միակ պետությունն են, ուստի տարածաշրջանի օգտակար հանածոների նկատմամբ միայն իրենք իրավունքներ ունեն։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: