Հայերեն   English   Русский  

ՍԴ–ի որոշումից հետո Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի և գործի վարույթը կասեցվի. սահմանադրագետ


  
դիտումներ: 550

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի հիման վրա ՍԴ–ի որոշումից հետո գործը վարույթ ընդունած առաջին ատյանի դատավորը պետք է անհապաղ դատական նիստ հրավիրի և անդրադառնա Ռոբերտ Քոչարյանի անազատության հարցին, ապա կրկին որոշում կայացնի գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ։

Նման կարծիք NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց ՍԴ–ում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, սահմանադրագետ Արամ Վարդևանյանը։

«Այս իրավիճակում, երբ ՍԴ–ում քննություն է իրականացվում կիրառվելիք նորմի սահմանադրականության հարցի վերաբերյալ, գործը չի կարող չկասեցված ռեժիմում լինել։ Սահմանադրական դատարանում քննության առարկա նորմը քրեական օերնագրքի 300.1 հոդվածն է, որով մեղադրանք է առաջադրվեծ Ռոբերտ Քոչարյանին։ Դրա հիման վրա անձի՝ անազատության մեջ գտնվոլը, մարդու իրավունքների խախտում է, հետևաբար Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի»,–ասաց նա։

Արամ Վարդևանյանի խոսքով՝ իրավական խնդիրը չէր առաջանա, եթե Վերաքննիչ քրեական դատարանը գործը ժամանակին վարույթ չընդուներ։

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու որոշումը բողոքարկման ենթակա չէ, քանի որ այս հարցը քննության ենթակա է միայն Սահմանադրական դատարանի կողմից»,–ասաց նա՝ ընդգծելով, որ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի (ՀՀ սահմանադրական կարգը տապալելու)` Սահմանադրությանը համապատասխանության հարցը պետք է որոշի բացառապես Սահմանադրական դատարանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 8–ին Սահմանադրական դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուների գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի վերաբերյալ որոշում էր կայացրել երեք հարցադրումներից երկուսը մերժել, իսկ մեկով՝ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի (ՀՀ սահմանադրական կարգը տապալելու)` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասով, ընդունել քննության: Նշենք, որ քրեական օրենսգրքի հենց այս հոդվածի հատկանիշներով է «Մարտի մեկի» գործով մեղադրանք առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին։

Գործի դատաքննությունը կկայանա 2019 թվականի օգոստոսի 20-ին՝ ժամը 10.00-ին:

Ավելի վաղ հայտնել ենք, որ հունիսի 25–ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշեց կալանավորել Արցախի նախկին եւ ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա եւ մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել եւ գործն ուղարկել նոր քննության։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: