Հայերեն   English   Русский  

​Ստամբուլյան կոնվենցիան և ՀՀ օրենսդրությունը (մաս 1)


  
դիտումներ: 813

Վերջին շրջանում ամենից շատ քննարկվող հարցերից մեկն այսպես կոչված Ստամբուլյան կոնվենցիայի առաջիկա վավերացման հարցն է, որը որոշակի մտահոգություններ է առաջացրել իրավագետների շրջանում և իրարանացում՝ լայն հանրության շրջանում:

Մասնավորապես այդ կապակցությամբ հանդես են եկել Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ Գևորգ Դանիելյանը և Փաստաբանների միության նախագահ Արա Զոհրաբյանը: Մինչդեռ, ելնելով իշխանությունների տրամադրություններից, կարելի է ենթադրել, որ այդ հարցն առաջիկայում մտնելու է Ազգային ժողովի օրակարգ և վավերացման որոշում է կայացվելու:

Այդ կասկածն ավելի ամրապնդվեց, երբ վերջին օրերին սոցիալական ցանցերը սկսեցին ողողվել բռնությունների և մանավանդ բռնաբարությունների մասին պատմություններով: Շատերն այդ տեղեկատվական հոսքից խուճապի մատնվեցին՝ տպավորություն ստանալով, որ Հայաստանում ներկայումս կանանց առնվազն կեսը կամ երկու կանանցից մեկը բռնաբարության է ենթարկվում, ոմանք նույնիսկ բազմակի: Տարօրինակ է հատկապես այն հանգամանքը, որ այդ դեպքերի մասին ամենայն մանրամասնությամբ պատմում են իրենք՝ բռնաբարվածները: Եվ հարց է ծագում, թե ինչու են մինչև հիմա լռել և ինչու են որոշել այժմ չլռել: Ակնհայտ է, որ հասարակական կարծիք ձևավորելու այս տեխնոլոգիայով փորձ է արվում հող նախապատրաստել տվյալ փաստաթղթի վավերացման մասին որոշումը հաջողությամբ սահեցնելու համար: Մանավանդ որ այդ տեխնոլոգիան բավական արդյունավետ կիրառվել է ժամանակին Ուկրաինայում:

Որքանո՞վ են հիմնավոր կոնվենցիայի վավերացմանը դեմ մասնագետների մտահոգությունները:Այս հարցի ճիշտ պատասխանը գտնելու համար լավագույն միջոցը, իհարկե, կոնվենցիան ուսումնասիրելն է: Վերջապես, ինչի՞ մասին է այն, և ի՞նչ ականներ են թաքնված այդ կոնվենցիայում, որոնց մասին անընդհատ ակնարկում են ընդդիմախոսները:

Ինչի՞ մասին է կոնվենցիան

Փաստաթուղթը կոչվում է Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիա: Եվ քանի որ ընդունվել է 2011 թ. Ստամբուլում, ստացել է կարճ Ստամբուլի կոնվենցիա անվանումը: Վերնագիրը հուշում է և փաստաթուղթը ծայրից ծայր կարդալուց հետո էլ տպավորություն ես ստանում, որ մտավախության շարժառիթ չկա, այն իրոք բռնության դեմ է, բռնությունը կանխելու, բռնություն կիրառողների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու և բռնության զոհերի օգնության միջոցներ ձեռնարկելու մասին: Բայց ավելի ուշադիր կամ քննախույզ հայացքով արդեն նկատում ես այն թաքնված ականները, որոնք արդարև մտահոգություն են առաջացրել:

Կոնվենցիայի 3-րդ՝ «Սահմանումները» հոդվածում տրվում են նրա մեջ գործածվող հասկացությունների բացատրությունները, և այդ շարքում առկա է նաև այսպես կոչված «գենդերային պատկանելություն» եզրույթը, որը, ըստ այս կոնվենցիայի սահմանման, նշանակում է «սոցիալական դերեր, վարքագծի տիպեր, գործունեության տեսակներ և հատկություններ, որոնք տվյալ հասարակությունը դիտում է որպես պատեհ կանանց և տղամարդկանց համար»։ Փաստորեն, ըստ այս կոնվենցիայի, մարդու գենդերային պատկանելությունը կապ չունի նրա կենսաբանական սեռի հետ, նա կարող է, ասենք, կին համարվել, եթե կատարում է այնպիսի դերեր, դրսևորում վարքագծի այնպիսի տիպեր, գործունեության տեսակներ և հատկություններ, որոնք հասարակությունը պատշաճ է համարում կանանց համար:

Հետաքրքիր է, ավելի ճիշտ՝ անհասկանալի է, որ հաջորդ՝ 4-րդ հոդվածի («Հիմնարար իրավունքներ, հավասարություն և ոչ խտրական վերաբերմունք») 3-րդ կետում էլ հանկարծ օգտագործվում է «գենդերային ինքնություն» (gender identity/գենդերային նույնականացում) եզրույթը, որի սահմանումը կոնվենցիայում չի տրվում, սակայն փակագծերը բացվում են կոնվենցիայի մեկնաբանություններում: Ըստ այդմ. «Անձանց որոշ խմբեր կարող են նաև իրենց գենդերային ինքնության հիման վրա խտրականության ենթարկվել, ինչը պարզ ասած նշանակում է, որ սեռը, որով նրանք նույնականանում են, չի համապատասխանում նրանց ծննդաբերության ժամանակ ստացած սեռին: Սա ներառում է մարդկանց որոշակի կատեգորիաներ, ինչպիսիք են տրանսգենդերները, տրանսվեստիտները և մարդկանց այլ խմբերը, որոնք չեն արձագանքում նրան, որ հասարակությունը սահմանել է որպես «տղամարդկանց» կամ «կանանց» կատեգորիային պատկանող»:

Սա արդեն հստակ ցույց է տալիս, որ միանգամայն հիմնավոր էին մեր կասկածները՝ կապված «գենդերային պատկանելություն» եզրույթի հետ: Կոնվենցիան շատ հստակ, բացի երկու սեռերից, նկատի ունի նաև մի երրորդ «սեռ», որը կապ չունի մարդու ծնունդի կամ կենսաբանական նախասահմանման հետ, այլ որոշվում է ըստ նրա, թե տվյալ անձնավորությունը որ սեռի հետ է իրեն նույնացնում:

Անշուշտ, սրանով է բացատրվում երկրի սեռական փոքրամասնությունների կամ ԼԳՊՏ համայնքի ոգևորությունն ու ջերմեռանդությունը այս կոնվենցիայի առաջմղման հարցում:
Սա համապատասխանո՞ւմ է մեր սահմանադրությանը, որը երկու սեռ է ճանաչում՝ իգական և արական՝ կին և տղամարդ՝ պայմանավորված նրա ծնունդով: Սա է խնդիրը, դեռ թողնենք այն հարցը՝ մեր հանրությունը պատրաստ է դրան, թե ոչ: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետությունը չի կարող վավերացնել որևէ միջազգային համաձայնագիր, եթե չի ստանում Սահմանադրական դատարանի հավանությունն առ այն, որ չի հակասում մեր Սահմանդրությանը, հակառակ դեպքում այն չի վավերացվում կամ վավերացվում է որոշակի վերապահումներով: Տվյալ կոնվենցիայի 78-րդ հոդվածում թվարկվում են այն հոդվածները, որոնց կապակցությամբ կարելի է վերապահում անել, սակայն վերը նշված հոդվածները դրանց թվում չեն: Հարց՝ ՀՀ Սահմանադրական դատարանն ուսումնասիրե՞լ է այս կոնվենցիան և եզրակացություն տվե՞լ է:

Շարունակելի

Հ.Գ. Հաջորդ հրապարակումներում մենք կփորձենք գտնելայս հարցի պատասխանը, ինչպես նաև կպարզաբանենք, թե ինչից է ծագում շփոթը, ինչ նպատակներ է հետապնդում, սրա կարիքն ունի՞ մեր պետությունը և ինչ հետևանքներ կարող է այն ունենալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: