Հայերեն   English   Русский  

Դատարանը Տնտեսագիտական համալսարանի վերաբերյալ անսպասելի որոշում է կայացրել


  
դիտումներ: 804

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում արդեն ավարտվել է թափուր դասաժամերի մրցույթը, սակայն տնտեսագիտական համալսարանը չի կարող աշխատանքի ընդունել մրցույթում անցած դասախոսներին, քանի որ առկա է դատարանի որոշում։

Նշենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) մի խումբ դասախոսներ նախորդ ամիս դատական հայց էին ներկայացրել ընդդեմ բուհի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի՝ պնդելով, թե Հայրապետյանի նախաձեռնությամբ բուհում թափուր դասաժամերի համար մրցույթի հայտարարումը հակասում է «Բարձրագույն կրթության մասին» օրենքին:

Դասախոսները դատարանից պահանջում են «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման կանոնակարգ»–ը և այն հաստատելու բուհի գիտական խորհրդի 2019թ ապրիլի 30–ի որոշումը, ինչպես նաև Տնտեսագիտական համալսարանի «Դասընթացների թափուր դասաժամերի համար» մրցույթի վերաբերյալ հայտարարությունը իրավաբանական ուժ չունեցող ճանաչել:

Երևան քաղաքի դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանն էլ օրեր առաջ որոշում է կայացրել բավարարել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 17 դասախոսների ներկայացրած՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։

Որպես հայցի ապահովման միջոց, դատարանը որոշել է արգելել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման» կանոնակարգի գործունեության մեջ դնելը: Որոշումն ուժի մեջ է մտել հուլիսի 4–ին և ենթակա է անհապաղ կատարման։

Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանը ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել 2018թ. դեկտեմբերին՝ բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանի հրաժարականից հետո։

2019թ. մայիսի 21–ին ՀՊՏՀ –ն հայտարարեց մրցույթ 764 դասընթացների թափուր դասաժամերի համար։ Մեր տեղեկություններով՝ մրցույթի համար դիմել էին շուրջ 450 դասախոսներ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: