Հայերեն   English   Русский  

Երիտասարդ քիմիկոս Սոֆիյա Այդինյանը դարձել է Մենդելեևի պարբերական աղյուսակի 118-րդ «Oganesson» (Օգանեսոն) տարրի մրցանակակիր


  
դիտումներ: 875

ՀՀ ԳԱԱ Արամ Նալբանդյանի անվան Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող, քիմիական գիտությունների թեկնածու Սոֆիա Այդինյանը դարձել է Մենդելեևի պարբերական աղյուսակի 118-րդ «Oganesson» (Օգանեսոն) տարրի մրցանակակիր: Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ սույն թվականի հուլիսի 8-ին՝ Փարիզում, Մաքուր և կիրառական քիմիայի միջազգային միության (IUPAC) Գլխավոր ասամբլեայի 50-րդ և IUPAC-ի՝ 47-րդ Համաշխարհային Քիմիական կոնգրեսի նիստում:

Այս տարի աշխարհը նշում է Մենդելեևի պարբերական աղյուսակի 150-ամյակը: Այս կապակցությամբ IUPAC-ը և Երիտասարդ քիմիկոսների միջազգային ցանցը (IYCN) անցկացրեցին մրցույթ ամբողջ աշխարհի երիտասարդ քիմիկոսների շրջանում: Հաղթող ճանաչված 118 երիտասարդ քիմիկոսները, ում աշխատանքները ներառում է IUPAC- ի առաքելությունն ու հիմնական արժեքները, դարձան Մենդելեևի պարբերական աղյուսակի 118 տարրերի ներկայացուցիչ:

Այսպիսով, ստեղծվել է Երիտասարդ քիմիկոսների պարբերական աղյուսակը ( https://iupac.org/100/pt-of-chemist/ ): Մենդելեևի աղյուսակի 118-րդ տարրը ստացել է «օգանեսոն» (Og) անունը՝ ի պատիվ տարրը հայտնաբերողի՝ ՌԴ Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Ֆլյորովի անվան միջուկային ռեակտորների լաբորատորիայի գիտական ղեկավար, ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ Յուրի Օգանեսյանի:

Սոֆիյա Այդինյանի հետազոտությունները ներառում են նյութաբանության ոլորտը, մասնավորապես, կեղծ համաձուլվածքների, կենսահամատեղելի միացությունների, դժվարահալ անօրգանական միացությունների և այլ նանոկառուցվածքի նյութերի ստացումը բարձրջերմաստիճանային ինքնատարածվող սինթեզի` (ԲԻՍ) կամ այրման սինթեզի եղանակով:

Գիտական հետազոտություններից են կենսավերարտադրողական համակարգերի մոդելավորումը և ստացումը ԲԻՍ եղանակով ադիտիվային տեխնոլոգիաների համար, ինչպես նաև կենսագազից ջրածնի ստացման ելքը մեծացնելու համար կայուն, արդյունավետ և մատչելի կատալիզատորների ստացումը լուծույթների այրմամբ սինթեզի եղանակով: Ներկայումս նա նաև զբաղվում է ադիտիվային տեխնոլոգիաների համար անհրաժեշտ կառուցվածքով բարձրջերմաստիճանային նյութերի սինթեզով: Սոֆիա Այդինյանն առաջարկել է այրման ռեժիմում գերամուր և թեթև, նանոկառուցվածքով կերամիկական նյութերի ստացման նոր եղանակ 3D տպագրության համար, որոնք հեռանկարային են համարվում տիրեզերաշինության համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: