Հայերեն   English   Русский  

​Շիրակի մարզում 56 գյուղի պատուհասել է բնական աղետը


  
դիտումներ: 336

Վերջին 20 տարվա դիտարկումները ցույց են տալիս՝ չի եղել տարի, որ մեկ ամսում 8 անգամ կարկտահարություն լինի, բայց 2019-ի հունիսը եզակի էր՝

հունիսի 4-ից 29-ը Շիրակի մարզի տարբեր բնակավայրերում կարկտահարության 8 դեպք է գրանցվել, ինչի արդյունքում մեծ թվով ցանքատարածություններ վնասվել են 100 տոկոսով:

- Նման բնական աղետ մեր մարզի տարածքում չէր դիտարկվել: Թե ծավալն էր շատ մեծ, թե վնաս կրած մշակաբույսերի տեսականին էր շատ: Համայնքներ կան, որ 100 տոկոսով կարկտահարվել են՝ Շիրակ, Կամո, Կառնուտ, Հովիտ, Մուսայելյան, Ջրառատ, Մարալիկ, Ձորակապ, Սառնաղբյուր, Սարապատ, Լուսաղբյուր: Ընդհանուր առմամբ 52 գյուղ կարկտահարվել է, 4 գյուղում ցրրտահարություն է եղել, - տարօրինակ հունիս ամսվա տվյալներն է ներկայացնում Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը:

Բնական աղետից ստացված վնասն ուսումնասիրող մարզային հանձնաժողովի աշխատանքները դեռ չեն ավարտվել, մեծ ցանքատարածքներ են ավերվել, բուսատեսականին էլ շատ է, համայնքներ կան, որ դեռ տվյալներ չեն հասցրել ներկայացրել:

Ու պարզվում է համայնքներում խնդիրների են բախվում հակակարկտային կայաններ տեղադրելու և գործարկելու հարցում: Մարզի տարածք կարկտաբեր ամպերը հիմնականում գալիս են Թուրքիայից, սահմանակից գյուղերում ամուր պաշտպանություն ստեղծելու համար, պարզվում է, միայն կայան ունենալը քիչ է, դեռ պետք է այն շահագործելու թույլտվությունն էլ լինի: Գետքի համայնքապետ Հովիկ Մխիթարյանը այս խնդրով դիմեց Շիրակի մարզպետին՝ ակնկալելով նրա օգնությունը.

- ԱԻՆ-ում հակակարտային կայանների փորձաքննության համար պետք է 24500 դրամ վճարենք: Արդեն 2 կայան ենք տեղադրել և 50 հազար դրամ են պահանջում գրանցելու համար: Մենք մեր ծախսերով գազի և մյուս գործողությունները կատարում ենք, իրենք շահագործում են: Հնարավոր չէ՞ այս հարցը կարգավորել և առանց վճարելու գրանցել, առավել ևս, որ փորձաքննություն ասվածն էլ ընդամենը մի պայմանագիր է, որը կնքիում են զանգում ասում գումարը տվեք: Մեր հակակարկտային կայանների տեղն էլ չգիտեն:

Նրան միանում են նաև մյուս գյուղապետերը՝ «Ասում են՝ եթե դուք չգրանցեք ու կրակեք էդ հակակարկտային կայաններից, կտուգանենք՝ 1 մլն դրամ, ստիպված պայմանագիր եմ կապել իրենք հետ, 100 հազար դրամ ես ինչի՞ համար պետք է իրենց տամ»: Բայանդուրի համայնքապետ Դավիդ Դավդյանն էլ նշում է.

- Սա, իրոք, լուրջ հարց է: Ծառայողական մեքենայի փոխարեն 4 հատ հակակարկտային կայան եմ գնել, մեր ժողովրդի համար է: Դե արի ու 4 կայանով պայքարի, փոխանակ հերոսի կոչում տաք, մի բան էլ չգիտեմ ինչի համար իրենց փող պիտի տա՞մ:

Բացի կարկուտն ու ցրտահարությունը, մարզի գյուղերին նաև երաշտն է այցի եկել, եթե նախորդ տարի ջրամատակարարման համար առաջին հայտը ստացվել էր հունիսի 21-ին, այս տարի դա մայիսի 26-ն էր: Դաշտռերը ոռոգել սկսել են մեկ ամիս շուտ, տեղումների քանակն էլ շատ քիչ էր, ջուրը շատ ցանքատարածություններ ուղղակի չի հասնում, նրանք մխիթարվել են կարկուտի հետ տեղացած անձրևով: Մարզի գյուղատնտեսության պատասխանատուն նշում է ջրային պաշարների խնդիր, այս պահի դրությամբ, մարզում չկա, բայց միևնույն է, կան գյուղեր ուր ոռոգման ջուրը չի հասնում:

- Մարզի ջրամբարներն ունեն բավարար լցվածություն, Արփիի ջրամբարում մոտ 40 մլն խմ ավել ջուր ունենք, խնդիր չեն ունենա նաև Սառնաղբյուրի ջրամբարից օգտվող տարածքներում էլ: Մանթաշի ջրամբարում այս պահին մոտ 1 մլն խմ-ով ավել ջուր ունենք կուտակած, բայց տարիների փորձը ցույց է տալիս՝ Մանթաշի ջրամբարի տակ գտնվող համայնքներում նման տարի չի եղել, որ ոռոգման խնդիր չունենանք: Ոռոգման համակարգերի արդիականացման աշխատանքներն այս տարածաշրջանում հրատապ խնդիր է դարձել, - ասում է Մանուկյանը:
Ընդամենը պետք է մոտ 10 կմ երկարությամբ ինքնահոս համակարգ կառուցվի և ջրամբարի ներքևի համայնքներում ևս ոռոգման խնդիրը կլուծվի, դրանք Փանիկ, Անուշավան, Նոր Կյանք, Վարդաքար գյուղերն են:
Առհասարակ մարզում աշնանացանը նախորդ տարվա համեմատ պակաս է կատարվել, ինչը գյուղերում բացատրում են սերմնաբուծության ծրագրի դադարեցմամբ: Փոխարենը մոտ 700 հա-ով ավել է գարնանացանը.

- Եզակի տարիներ են լինում, որ Շիրակի մարզում գարնանացան հացահատիկի տեսականիով մենք գերազանցում ենք նախորդ ցուցանիշը: Կարտոֆիլի մոտ 50 հա, բանջարեղենի մոտ 70 հա, կերային մշակաբույսների մոտ 800 հա ցանք ունի մարզը, - ասում է Մավսես Մանուկյանն ու հավելում, չնայած դրան՝ մարզում մոտ 4200 հա պակաս է մշակվել:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: