Հայերեն   English   Русский  

Ի՞նչ հրատապ քայլեր է առաջարկել կառավարությանը Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը


  
դիտումներ: 7449

Մասնագետներն ասում են, որ սովորաբար ջրամբարների «ծաղկման» գործընթացին մասնակցում են ջրիմուռների մեկ կամ մի քանի տեսակ:

Բայց երբ «ծաղկման» պատճառ են դառնում կապտականաչ ջրիմուռները, դա արդեն լուրջ խնդիր է, քանի որ դրանք ջրային միջավայր են արտանետում տոքսիկ նյութեր՝ սպառնալով ոչ միայն Սևանին, այլև մարդու և կենդանիների առողջությանը:

2018թ. հուլիսին և այս տարի Սևանա լճում արձանագրվել է «Anabaena» ցեղի կապտականաչ ջրիմուռների բուռն աճ, ինչ իրենից վտանգ է ներկայացնում:

Որո՞նք են այդ ջրիմուռների առաջացման պատճառները։

Անկախ-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ, «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ խորհրդի նախագահ և ընդհանուր ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Յուրի Ջավադյանը հայտնեց հետևյալը․ «Դիտարկումների արդյունքում պարզվել է, որ լճի կապտականաչ ջրիմուռներով ծաղկման հիմնական պատճառներն են ջերմային ֆոնի բարձրացումը, գետերով և ոչ գետային ջրահոսքով ավազանից կենսածին տարրերի ավելացումը (կենցաղային աղտոտում առափնյա բնակավայրերից և կառույցներից, ջրածածկ անտառային շերտից) և ներջրամբարային պրոցեսների արդյունքում, կենսածին տարրերի ներգրավումը ջրիմուռների զարգացման և ծաղկման գործընթացներում»։

Այս խնդիրների վերաբերյալ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը նիստ է գումարել դեռևս այս տարվա ապրիլ ամսին և հանձնարարել ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի, Երկրաբանության ինստիտուտների և «Բիոմիներալ» ՍՊԸ տնօրեններին նախապատրաստել հիմնադրույթներ Սևանա լճի ջրերի կանաչացման երևույթները նվազեցնելու նպատակով։ Հանձնարարվել է անհրաժեշտ միջոցառումների և դրանց իրականացման համար պահանջվող ֆինանսական միջոցների վերաբերյալ համապատասխան առաջարկներ ներկայացրել ՀՀ կառավարություն և Ազգային ժողով։

Ամենահրատապ քայլերից մեկն այն է, որ պետք է արգելել առափնյա ձեռնարկությունների, բնակավայրերի կոյուղաջրերի և կենցաղային կեղտաջրերի արտանետումները առանց նախնական մաքրման կայանների տեղադրման և շահագործման:

Ջավադյանը հիշեցնում է, որ «Սևանա լճի մասին» օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ոչ մի կազմակերպություն իրավունք չունի հետադարձ կեղտաջրեր լցնել լիճ առանց մաքրման:

«Մենք կառավարությանն առաջարկել ենք 3 նոր կառուցված կոյուղու նախնական մաքրման (մեխանիկական) կայաններին կից, որոնք գործում են Գավառ, Մարտունի, Վարդենիս քաղաքներում, տեղադրել «մոդուլներ», որոնք բիոլոգիական մաքրման կայաններ են (անհրաժեշտ կլինի 5 մոդուլ, որի ընդհանուր արժեքը կկազմի 900 հազար դոլար)։ Բացի այդ, Սևանի շուրջ գործող 2400 առափնյա հանգստյան տներին, հյուրանոցներին, սննդի տարբեր օբյեկտներին, որոնցից 300 մշտական գործող են, պետք է պարտադրել, որպեսզի իրենց միջոցների հաշվին տեղադրեն «TOPOS» տիպի (չեխական լիցենզիայով արտադրված) փոքր մաքրման կայաններ»։

Ջավադյանի խոսքով՝ այս պահին շուրջ 10 նմանատիպ կայան տեղադրված է Սևանի շուրջ գործող մասնավոր օբյեկտներում, մորոնցից 7-ը գործում է, և այդ հատվածներում ջուրը բավականին մաքուր է:

Ջրին ամենամեծ վնաս հասցնող պրոցեսներից մեկը, ըստ Յուրի Ջավադյանի, Սևանի շուրջ գործող օբյեկտներից լիճ լցվող լվացքաջրերն ու ավտոմեքենաների լվացումներն են։

«Մաքրող միջոցները պարունակում են նատրիում տրիպոլիֆոսֆատ։ Լվացքի փոշու մեջ ֆոսֆոր պենդօքսիդի պարունակությունը 55 տոկոս է, ֆոսֆորի պարունակությունը՝ 25 տոկոս, իսկ ավտոմեքենաների լվացման հեղուկի մեջ կա օքսիէթիլդենիֆոսֆոնային թթու, և ֆոսֆորի պարունակությունը կազմում է 30 տոկոս»։

Այս ամենից բացի, Սևանի աղտոտմանը նպաստում են լճի տակ մնացած շուրջ 300 շենք-շինությունը և բուսականությունը։ «Պատկերացնու՞մ եք, այդ շենք-շինությունները ջրի տակ են՝ իրենց հորատիպ զուգարաններով։ Մոտ 500 հա ծառ կտրվել է, կոճղերը մնացել են ջրի տակ»։

Ջավադյանը հայտնում է, որ Ճապոնիայից մի նյութ են բերել, որով ճապոնացիները մաքրում են իրենց ջրային ավազանները։ Այժմ ՀՀ ԳԱԱ Քիմիայի ինստիտուտի լավագույն մասնագետ Հակոբ Սարգսյանն ուսումնասիրում է այդ նյութի ազդեցությունը Սևանա լճից վերցված ծաղկած կապտականաչ ջրիմուռներով ջրի նմուշի վրա։ Արդյունքները պարզ կլինեն մեկ շաբաթից։

Հիշում է, որ խորհրդային վերջին տարիներին նախատեսվում էր մեծ կոլեկտոր կառուցել լճի ողջ երկայնքով։ Աշխատանքները սկսվեցին ու կիսատ մնացին։

«Խողովակներն արդեն տեղադրել էին, բայց ճիշտ առաջարկներ եղան, որ оղակաձև կոյուղու ցանցի որոշ հատվածներում տեղադրվող պոմպակայանները պետք է Սևանա լճից ջուր մղեն (մոտ 100 մլն․ խմ) կոյուղացանց լուծույթ ստանալու համար, որը հնարավոր կլիներ տեղափոխել «Քասախի» մաքրման կայան, որն այսօր չի գործում։ Մինչև քննարկումները կշարունակվեին, սովետն էլ քանդվեց, խողովակներն էլ գողացան»։

Սակայն հիմա կոլեկտոր կառուցելը նա համարում է սխալ, քանի որ ժամանակին այն մերժվել է տարեկան 100 մլն. խմ Սևանա լճից կոյուղի ջուր մղելու նկատառումով։ Փոխարենը առաջարկվում է շտապ սկսել փոքր մոդուլների տեղադրումը մեխանիկական 3 կայանների մոտ, այնուհետև կամաց-կամաց այդ մոդուլներն ավելացնել՝ ի վերջո դարձնելով ամբողջական։

Առհասարակ, Հայաստանում ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման լուրջ խնդիր կա, և անհրաժեշտ է համակարգված մոտեցում ցուցաբերել հանրապետության ողջ ջրային պաշարների օգտագործման նկատմամբ, քանի որ մեկը մեկի հետ փոխկապակցված է։

Այս տեսանկյունից չափազանց կարևոր է նաև Արարատյան արտեզյան ավազանի ջրային ռեսուրսների արդյունաբետ կառավարումը։

«Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի խնայողաբար օգտագործումը և ջրային պաշարների հաշվեկշռի վերականգնումը խիստ հրատապ է»,-ասում է Յուրի Ջավադյանը։

Այդ նպատակով նա առաջարկում է Արարատյան արտեզյան ավազանում ներկայումս հորատանցքերով իրականացվող ընդհանուր ջրառը սահմանափակել, ձկնաբուծության բոլոր տնտեսություններում 1-2 տարիների ընթացքում ներդնել ջրախնայող կիսափակ համակարգեր, ինչպես նաև ներդնել հեռակա կառավարման ավտոմատ սարքեր, որոնք հնարավորություն կտան խուսափել ջրային ռեսուրսների գերշահագործումից:

«Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների վատ կառավարկան հետևանքով տարեկան մեկ միլիարդ 500 միլիոն խմ ջուր գնում է Կասպից ծով։ Իսկ դա մեր ապագայի պաշարն է, որը պահպանված է 150-250 մ խորության տակ։ Դա մաքուր խմելու ջուր է»։

Մյուս կարևոր խնդիրն էլ ջրամբարաշինությունն է, որը կնպաստի Սևանա լճից հավելյալ ջրառի կանխմանը։ Ջավադյանի խոսքով՝ պետք է 2-5 տարվա ընթացքում հրատապ ծրագրով կառուցել «դոնոր» ջրամբարներ 150 մլն. խմ ջրատվությամբ, որոնց շնորհիվ կփրկվի Սևանա լիճը: Այդ ծրագրի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն և Ջրային կոմիտե:

Ջրամբարաշինարարության ծրագրի լիարժեք իրականացումը հնարավորություն կտա ստեղծել լրացուցիչ ծավալներ՝ պաշարելու 1.74 մլրդ. խմ ջուր, որը գոյություն ունեցող ջրամբարների հետ միասին պայմաններ կստեղծի ավելացնելու ջրային ռեսուրսների կարգավորման հնարավորությունները տարեկան մինչև 4.5-5.0 մլրդ. խմ:

Ջրային ռեսուրսների պաշարման նման հնարավորությունները, ըստ զրուցակցիս, պայմաններ կստեղծեն լուծելու մի շարք ռազմավարական խնդիրներ, այդ թվում` ընդարձակել ոռոգելի հողատարածությունները մինչ 450 հազ. հա, մեխանիկական ոռոգման համակարգերի գերակշիռ մասը վերափոխել ինքնահոս համակարգերի, ստեղծել նոր աղբյուրներ հանրապետության էներգետիկ հզորությունները ավելացնելու համար, լուծել հանրապետության ջրասակավ տարածքների ջրամատակարարման խնդիրները և այլն։

Յուրի Ջավադյանը մի ուշագրավ փաստ է ներկայացնում․ «Ներկայումս հանրապետության 7,3 մլրդ. խմ ջրային ռեսուսներից օգտագործվում է ընդամենը 2,3 մլրդ. խմ, քանի որ հանրապետության բոլոր գետերը սնում են Քուր համակարգը և հոսում հանրապետությունից դուրս։ Միայն Արաքս գետը սկիզբ է առնում ներկայիս Թուրքիայի տարածքից, որի վերին հոսանքներում Թուրքիայի կողմից կառուցվում են ջրամբարներ, ընդհանուր մոտ 2 մլրդ. խմ ծավալով՝ առանց հաշվի առնելու 1927 թ․ կնքված կոնվենցիան, որով Հայաստանի և Թուրքիայի հանրապետությունների միջև համաձայնություն էր ձեռք բերվել Արաքս գետի ջուրը 50-50% օգտագործելու վերաբերյալ»:

Ինչ վերաբերում է Արարատյան արտեզյան ավազանի ջրերին, ապա, ինչպես արդեն նշեցինք, ջրային ռեսուրսների վատ կառավարկան հետևանքով տարեկան մեկ միլիարդ 500 միլիոն խմ ջուր գնում է Ադրբեջան՝ թափվելով Կասպից ծով։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: