Հայերեն   English   Русский  

​«Շնող» ՀԷԿ-ի կառուցման վտանգներն ու «բնապահպան ակտիվիստների» լռությունը


  
դիտումներ: 651

2017 թ. օգոստոսի 10-ին կառավարությունը որոշում ընդունեց 76 մեգավատ հզորությամբ «Շնող» ՀԷԿ-ի կառուցման մասին:

Ծրագիրը կարևոր քայլ էր գնահատվել Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ։ Ծրագրով նախատեսված է 22 կմ երկարությամբ թունելի հորատման աշխատանքներ իրականացնել: ՀԷԿ-ի գլխամասային կառույցը նախատեսվում է կառուցել Ձորագետ և Փամբակ գետերի միախառնման վայրում՝ Դեբեդ գետի սկզբնամասում:Ջրառն ընդգրկելու է նաև Դեբեդի Մարց և Քիստում վտակները:

«Փրկենք Դեբեդը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Բոշյանը Անկախ-ի հետ զրույցում հիշեցնում է, որ Դեբեդ գետի վրա հիդրոէլեկտրոկայաններ կառուցելու նախագծեր արվել են դեռևս 70-ական թվականներին, որոնցից ամենամեծը «Շնող» ՀԷԿ-ի նախագիծն էր: «Սակայն գիտակցելով նախագծի իրականացման հետևանքով առաջացող բնապահպանական աղետի լրջությունը՝ 70-ականների կեսերին վերջնականապես հրաժարվեցին ՀԷԿ-ի կառուցման մտադրությունից»,-ասում է Լևոն Բոշյանը։

Այսօր, երբ հարցը կրկին կառավարության օրակարգում է, «բնապահպան ակտիվիստները» լուռ են։ Փոխարենը իրենց բողոքի ձայնն են բարձրացնում մարզի բնակիչները։ Որքան էլ ՀԷԿ-ի կառուցումը դրական է թվում ներդրումների, աշխատատեղերի ստեղծման տեսանկյունից, «Փրկենք Դեբեդը» նախաձեռնության անդամները համոզված են, որ այն անդառնալի հետևանքներ կարող է ունենալ իրենց տարածաշրջանի՝ Ալավերդու և Դեբեդի ավազանի մյուս բնակավայրերի համար։

«Դեբեդի երկարությունը հանրապետության տարածքում 86 կմ է, որից 12 կմ հոսում է Վրաստանի սահմանով և միայն աջ ափն է պատկանում Հայաստանին: Մնացած 74 կմ-ից շուրջ 60 կմ-ն վերանում է գետը թունելի մեջ մտցնելու հետևանքով: Ըստ մեր ունեցած տեղեկության՝ թունելն ունենալու է 4×6 մ կտրվածք՝ վայրկյանում 37 խորանարդ մետր տարողությամբ»,-ասում է Բոշյանը:

1970 թվականի տվյալներով Դեբեդ գետի միջին տարեկան հոսքն Ախթալայում կազմել է 32 խորանարդ մետր, նվազագույնը՝ 9 խորանարդ մետր: Այժմ, սակայն, ջրային պաշարների նվազման հետևանքով թվերն ավելի փոքր են:

Լևոն Բոշյան

Նախաձեռնության անդամները մի շարք հարցեր են բարձրացնում և մտահոգիչ եզրահանգումներ անում․

1.Դեբեդ գետի շրջակա բնակավայրերի կոյուղաջրերը հեռացվում են գետի միջոցով, և գետը թունել մտցնելու դեպքում նրա հունը կվերածվիկոյուղատարի:

2.Թունելի հորատման արդյունքում հանվելու է շուրջ 1 մլն խորանարդ մետր ապար. որտե՞ղ է այն կուտակվելու:

3.Ի՞նչ բաղադրություն ունեն հանվող ապարները, մասնավորապես թունելն անցնում է Թեղուտի հանքավայրի շարունակություն հանդիսացող Ծաղկաշատի հանքաշերտի միջով, որը հարուստ է ծանր մետաղներով:

4.Ի՞նչ ճակատագիր է սպասվում գետի ձկնատեսակներին և շրջակա միջավայրի բուսական և կենդանական էնդեմիկ և Կարմիր գրքում գրանցված տեսակներին:

5.Դեբեդ գետի հովիտը և շրջակա լանջերն անտառապատ են և խոնավություն ստանում են գետից, որի ջրերը թունել մտնելու հետևանքով կվերանա շուրջ 5000 հեկտար անտառ:

6.Գետն իր հովտում ապահովում է մերձարևադարձային կլիմամեղմ ձմեռներով և համեմատաբար խոնավ ու զով ամառներով: Գետը թունել մտցնելու հետևանքով մերձարևադարձային կլիմային կփոխարինի ցուրտ ձմեռներով և շոգ ու չոր ամառներով կլիման, կավելանա անապատացման վտանգը:

7.Գետի հովտում մշակվում են մերձարևադարձային մշակաբույսեր, որոնք կցրտահարվեն կլիմայի փոփոխության հետևանքով:

8.Շրջակա բնակավայրերի բնակիչներն ստիպված են լինելու ավելի շատ էներգիա ծախսել ձմռանը բնակարանները ջեռուցելու և ամռանն այն զովացնելու համար: Ո՞վ է հատուցելու այդ ծախսերը:

«Փորձ է արվում «Շնող» ՀԷԿ-ի կառուցումը պայմանավորել էժան էլեկտրաէներգիա ստանալու փաստով: Հայաստանում 1 կՎտ/ժամ էլեկտրաէներգայի արժեքը 0,09 դոլար է, տարածաշրջանի երկրներն ունեն մեզ հետ համադրելի ցուցանիշներ. Վրաստանում այն 0,07 է, Ռուսաստանում՝ 0,08, Թուրքիայում՝ 0,13 դոլար»,-ասում է Բոշյանը:

Վերջինս զարմանում է, որ այսօր բնապահպան ակտիվիստները հանկարծ լռել են և նախկին ակտիվությամբ չեն արձագանքում ոչ միայն «Շնող» ՀԷԿ-ի, այլև մյուս բնապահպանական խնդիրներին։ «Միգուցե դա նրանից է, որ նախկին ակտիվիստներն այսօր իշխանության մե՞ջ են»,-նկատում է նա։

Նշենք նաև, որ Դեբեդ գետի վրա «Շնող» ՀԷԿ-ի կառուցման հարցը ս․թ․ հունիսի 26-ին քննարկվել է Հանրային խորհրդի բնապահպանական հարցերի հանձնաժողովում։ Հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ նախագծի իրականացումն անընդունելի է բարձր էկոլոգիական և սոցիալական ռիսկերի պատճառով:

Հիշեցնենք, որ մոտ մեկ տարի առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե համայնքները դեմ են, ապա ծրագիրը չի իրականացվի: Նույնը նա կրկնեց Ալավերդիում իր նախընտրական ելույթի ժամանակ։ Դրանից հետո վիճահարույց հարցը քննարկվեց նաև Ալավերդի և Թումանյան քաղաքների խոշորացված համայնքներում, ինչպես նաև Հագվի գյուղի ավագանիներում։ Կայացվեց բացասական որոշում, որն էլ ներկայացվեց մարզպետարան ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:

Բայց պարզվում է՝ նախագիծը շարունակում է մնալ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ծրագրում։ Դրա վառ ապացույցն այն է, որ ՀՀ բնական պաշարների և էներգետիկ ենթակառուցվածքների նախարարը 2018թ. հոկտեմբերին «Էներգո Ինվեստ Հոլդինգ» ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է «Շնող» ՀԷԿ-ի նախագծային աշխատանքների ընթացքը։ Ավելի ուշ՝ 2018 թ. դեկտեմբերի 6-ին, հուշագիր է ստորագրել ավստրիական «ANDRIZ HYDRO GnbH» ընկերության հետ, որը ցանկություն է հայտնել մասնակցություն ունենալ «Շնող» հիդրոէներգետիկ նախագծի կապիտալում և մատակարարել իր արտադրության հիդրոմեխանիկական և էլեկտրամեխանիկական սարքավորումները, տրամադրել թիմ սարքավորումների նախագծման, տեղադրման և գործարկման աշխատանքների համար, ինչպես նաև վերապատրաստել տեղական անձնակազմին:

Նշենք, որ «Էներգո Ինվեստ Հոլդինգ» փակ բաժնետիրական ընկերության միակ բաժնետերը «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն /ՀրազԶԷԿ/» բաց բաժնետիրական ընկերությունն է, որի 100% բաժնետոմսերի սեփականատերը «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությունն է: «Շնող» ՀԷԿ-ի ծրագրի իրականացման արժեքը գնահատվում է մոտ 150-190 միլիոն ԱՄՆ դոլար։

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Նիկոլ Փաշինյանի ու Սամվել Կարապետյանի վերջերս կայացած հանդիպանը քննարկվել է նաև «Շնող» ՀԷԿ-ի կառուցման հարցը։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հեղափոխությունից հետո Սամվել Կարապետյանը սառեցրել էր ներդրումային ծրագրերը Հայաստանում, ապա հնարավոր է, որ այդ հանդիպումից հետո ծրագրերը վերսկսվեն հօգուտ Կարապետյանի։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: