Հայերեն   English   Русский  

​Շախմատ. մտածելու և կյանքի որակը բարելավելու խաղ...


  
դիտումներ: 2473

Շախմատի միջազգային օրը նշվում է հուլիսի 20-ին: Թեմայի շրջանակներում զրուցել ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանի հետ:

-Զրույցի սկզբում անդրադառնանք հայաստանյան դպրոցներում ուսուցանվող Շախմատ առարկային, դրա գրանցած հաջողություններին և հաղթահարած խնդիրներին:

-Շախմատը, որպես պարտադիր ուսումնական առարկա, դպրոցում ընդգրկվել է 2011-ից Հայաստանի շախմատի ակադեմիայի և ԿԳՆ-ի սերտ համագործակցությամբ: Գաղափարի հեղինակը Շախմատի ակադեմիայի նախագահ և Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանն է: Շախմատը դասավանդվում է երկրորդից չորրորդ դասարաններում: Առարկայի վերաբերյալ կան թե´ բացասական, թե´ դրական կարծիքներ: Այն փաստը, որ հայ ծնողները դասապատրաստման ժամանակ սովոր են ամեն պահի օգնել երեխային, շախմատի դեպքում երբեմն նրանք էլ են դժվարանում, ինչն էլ առաջացնում է դժգոհություններ: Բայց այդտեղ ծնողի մոտեցումն է սխալ: Մեր օրերում, երբ կարելի է ամեն բան փնտրել և գտնել համացանցում, շատ կարևոր է հենց սկզբից երեխայի մեջ զարգացնել ինքնուրույն և կրեատիվ մտածողություն: Ցանկալի է, որ ծնողը չօգնի երեխային, որովհետև նա ինքը պետք է նստի, մտածի, կենտրոնանա և փորձի լուծել շախմատային խնդիրը: Այս բոլոր հատկանիշերը կօգնեն երեխային հետագա կյանքում թե´ անձնական, թե´աշխատանքային հարցերում: Մենք շախմատը ընդգրկեցինք դպրոցում՝ ոչ թե պրոֆեսիոնալ շախմատիստներ պատրաստելու, այլ վերոնշյալ հատկությունները երեխաների մոտ զարգացնելու և առաջնահերթ երեխաներին մտածել սովորեցնելու համար: Մենք առաջնորդվում ենք շախմատը կրթության համար, ոչ թե կրթությունը շախմատի համար սկզբունքով: Նախատեսում ենք 5-9-րդ դասարաններում էլ ներդնել շախմատը, բայց ոչ որպես պարտադիր առարկա, այլ նրանց համար, որոնք ցանկություն և սեր կունենան շախմատով զբաղվելու: Սա երկար գործընթաց է, հուսով ենք՝ հետագա տարիներին կկարողանանք իրագործել:

Շախմատի միջազգային ֆեդերացիայում, տեսնելով՝ ինչպիսի հաջողություններ կան այս առումով Հայաստանում և ինչպիսի եռանդով է պարոն Լպուտյանը կատարում իր գործը, առաջարկեցին Շախմատը կրթական համակարգում հանձնաժողովի նախագահի պաշտոնը, որը նա ստանձնեց 2018-ի վերջում: Արդեն մեծ թափով աշխատանքներ են կատարվել այլ երկրներում ևս շախմատը կրթական համակարգում ներդնելու համար:

Սկզբում ամենադժվար խնդիրն ուսուցիչների խնդիրն էր, որովհետև այդքան բարձրակարգ մասնագետներ դժվար էր միանգամից գտնել ամբողջ Հայաստանի համար, բայց քայլ առ քայլ այդ հարցը լուծվում է նախապատրաստական աշխատանքների և ուսուցիչների վերապատրաստման միջոցով: Այսօր արդեն ամենամյա կուրսեր ենք անցկացնում, որոնցից հետո մասնակիցները հանձնում են քննություններ և ստանում համապատասխան լիցենզիաներ՝ շախմատ դասավանդելու համար: Լիցենզիան տրվում է մեկից-երեք տարով՝ պայմանավորված ստացած գնահատականներով: Ուրախալի է, որ դպրոցներն էլ են դարձել ավելի խստապահանջ և առարկայի արդյունավետության համար ցանկանում են ընդունել բարձր գնահատական ստացած ուսուցիչների: Այս ողջ գործընթացը ևս կազմակերպվում է ակադեմիայի կողմից:

Ինչ վերաբերում է դասագրքերին, գուցե կարելի է մի քիչ էլ թեթևացնել դրանք, բայց ոչ շատ մատչելի դարձնելով, որովհետև այդպես չենք լուծի երեխային մտածել սովորեցնելու մեր առաքելությունը: Չնայած անում ենք ամեն բան դասագրքերն առավել արդյունավետ դարձնելու համար:

Համոզված եմ՝ ապագան ցույց կտա, թե շախմատը որքան է բարելավել այն երեխաների կյանքի որակը, որոնք վերջին տարիներին դպրոցում սովորեցին այդ առարկան: Իսկ այն մարդիկ, որոնք ոչ թե հանրակրթական, այլ շախմատի մասնագիտացված դպրոցում են սովորել, այսօր արդեն շատ պահանջված են աշխատաշուկայում, հատկապես IT ոլորտում: Հավանաբար տվյալ ոլորտում վերլուծություններ են անցկացրել և տեսել, որ շախմատիստները, շնորհիվ իրենց լավ հիշողության և սխեմային մտածողության, կարողանում են շատ ավելի հեշտ ու արագ լուծել աշխատանքի ընթացքում ծագած խնդիրներն ու դժվարությունները: Եվ երբ մենք ամեն տարի IT ոլորտում ներգրավված մարդկանց շախմատի առաջնություն ենք անցկացնում, գրանցում ենք մասնակիցների շատ մեծ թիվ, ինչն ինքնին խոսուն է:

-Հայաստանը աշխարհի ամենաուժեղ շախմատային երկրներից է իր տարած հաղթանակներով և գրաված մրցանակային տեղերով:

-Մենք ունենք 43 գրոստմայստեր, ինչը պատահական չէ: Հայ մարդը սիրում է շախմատ խաղալ: Այն մի տեսակ ազգային խաղ է մեզ համար: Բացի նրանից, որ շախմատային պրոֆեսիոնալ կրթություն են ստանում հազարավոր հայ փոքրիկներ ու պատանիներ, անգամ շատ հայկական բակերում կարելի է տեսնել՝ որքան շատ են սիրողական մակարդակով շախմատ խաղացող տղամարդիկ: Մասսայականությունը շախմատի բաղադրիչ մասն է, որովհետև առանց դրա մենք հաջողության չենք կարող հասնել: Իսկ ահա Շախմատի ֆեդերացիայի նպատակը պրոֆեսիոնալ շախմատիստների պատրաստումն է ու պրոֆեսիոնալ մակարդակով հանդես գալը: Եթե մենք ունենայինք մեկ շախմատի դպրոց և սահմանափակ թվով աշակերտներ, ապա գուցե բաց թողնեինք շատ տաղանդավոր երեխաների: Այս պահին, բացի Երևանի շախմատի ֆեդերացիայից, ունենք մարզային ֆեդերացիաներ, Շախմատի ակադեմիայի 55 մասնաճյուղեր ամբողջ Հայաստանում, Երևանի բոլոր համայնքներում Երևանի ֆեդերացիայի ջանքերով գործող 12 շախմատի մարզադպրոցներ, «Շախմատի գիտահետազոտական ինստիտուտը» ՀՊՄՀ-ում և այլ շախմատային կառույցներ:

-Պարոն Անդրիասյան, մի փոքր մանրամասնենք՝ ի՞նչ քայլեր է ձեռնարկում Շախմատի ֆեդերացիան՝ Հայաստանում շախմատի զարգացման համար:

-Ֆեդերացիայի հիմնական անելիքը բոլոր շախմատային դպրոցների աշխատանքների համակարգումն է, միասնական ծրագրերի ներմուծումը: Շախմատային դպրոցների և շախմատային այլ կառույցների վերահսկողությունը ֆեդերացիայի կողմից նպատակ ունի առավել որակյալ դարձնել դրանց աշխատանքը և հասնել մեծ արդյունքների: Շատ մեծ պատասխանատվություն է ընկած պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն, ԽՍՀՄ վերջին չեմպիոն Արտաշես Մինասյանի վրա: Նա 2010-ից է գլխավորում պատանեկան հավաքականը: Նրա աշխատանքի արդյունքները մենք տեսնում ենք ամեն տարի, երբ հայ պատանիները մի քանի մեդալով վերադառնում են միջազգային մրցաշարերից: 2016-ին մենք վերցրինք չորս ոսկե մեդալ աշխարհի և Եվրոպայի առաջնություններից, ինչը բացառիկ արդյունք էր: Ֆեդերացիայի ֆունկցիաներից է նաև մրցավարներին աջակցելը, նրանց հնարավորություն տալը, որ հանդես գան միջազգային ասպարեզում: Այստեղ ևս ունենք շատ ուժեղ առաջնորդ՝ Աշոտ Վարդապետյանը:

Ընդհանրապես Հայաստանն այս առումով շատ մեծ դեր ունի ՖԻԴԵ-ում, որի կազմում կա ներգրավված 200 ֆեդերացիա և գործում է 14 հանձնաժողով, որոնցից Կանոնների հանձնաժողովը գլխավորում է Աշոտ Վարդապետյանը, իսկ Շախմատը կրթական համակարգում հանձնաժողովը՝ Սմբատ Լպուտյանը: Դա խոսում է, որ Հայաստանի շախմատային ֆեդերացիան լուրջ գործունեություն է ծավալում ոչ միայն մեր երկրում, այլև դրսում: Ինչ խոսք, Հայաստանը շախմատային ոլորտում շատ ճանաչելի է, և Հայաստանից գնացած անգամ ցածր գործակցով մեր շախմատիստներին ընդունում են որպես վտանգավոր հակառակորդներ:

-Ո՞րն է մեր հաջողության գաղտնիքը:

-Եթե ուշադրություն դարձնենք, կտեսնեք, որ մեր ժողովուրդը հաջողության է հասնում այն մարզաձևերում, որոնք մենապայքարային են՝ ըմբշամարտ, ծանրամարտ, տեկվանդո, շախմատ: Անգամ շախմատի հավաքականի ներսում ամեն մի շախմատիստ վերջին հաշվով մենակ է հանդես գալիս: Շախմատի դեպքում մեզ օգնում է այն փաստը, որ մեր հավաքականի մարզիկները լավ ընկերներ են և օժտված են մեծ պատասխանատվությամբ: Եթե ուշադիր վերլուծենք մեր հավաքականի թիմային արդյունքները, կտեսնենք, որ դրանք շատ ավելի բարձր են, քան երբ մարզիկներն անհատական են մասնակցում մրցաշարերի: Թիմային մրցաշարերում պատասխանատվությունը եռակի-քառակի ավելանում է: Նրանք գիտակցում են, որ խաղում են ոչ թե իրենց, այլ ամբողջ երկրի, իրենց ընկերների համար: Դա շատ մեծ բեռ է, որին փորձառուներն արդեն սովոր են: Նրանք խոստովանում են՝ մեկ խաղը թիմայինում հավասարազոր է 3-4 անհատական խաղի, եթե ուզում ես բարձր արդյունք գրանցել, ոչ թե պարզապես մասնակցել:

-Ինչպիսի՞ շախմատային մրցաշարեր են անցկացվում Հայաստանում:

-Նախկինում ավելի շատ մրցաշարեր էինք կազմակերպում: Այս տարի դեռևս երկուսն ենք անցկացրել և երևի այդքանով սահմանափակվենք: Տարեսկզբին անցկացվեց Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը, որին մասնակցեցին մոտ 900 պատանի շախմատիստներ, իսկ արդեն հունիսին անցկացվեց Կարեն Ասրյանի ավանդական դարձած 12-րդ մրցաշարը:

-Ավելի քան 2000 տարվա պատմություն ունեցող այս խաղը իր ո՞ր հատկանիշի շնորհիվ է պահպանվել այսքան երկար:

-Շախմատում կան միլիոնավոր տարբերակներ և գրեթե չի հանդիպում կրկնվող պարտիա: Հավանաբար մարդկությանը գրավում է այն փաստը, որ ամեն անգամ խաղալիս ինչ-որ նոր բաներ ես բացահայտում: Ժամանակակից աշխարհում շախմատիստներին շատ օգնում են նաև համակարգիչները՝ առաջարկելով այնպիսի թաքնված ռեսուրսներ, որ նախկինում այդպես էլ կմնային չբացահայտված:

Այսօր աշխարհում անցկացվում են նաև մրցաշարեր համացանցի միջոցով: Դա շատ հետաքրքիր ձևաչափ է, և մեր շախմատիստները բավական հաջողությամբ են հանդես գալիս: Խաղացողները միմյանց տեսնում են համակարգչի էկրանով, ինչը մի փոքր թուլացնում է հակառակորդի ապրումներն ընկալելու հոգեբանական պահը (շախմատիստները շատ լավ հոգեբաններ են), բայց որոշակի լարվածություն ամեն դեպքում պահպանվում է:

-Ի՞նչ հույսեր են ներշնչում մեր պատանի շախմատիստները:

-Սերնդափոխության հարցն ամենակարևոր հարցերից մեկն է: Ցավոք, մեր հավաքականում այն մի փոքր ուշացավ, բայց կարևորը գործընթացն արդեն սկսվել է: Շախմատի ֆեդերացիայի վերջին տարիների համակարգված գործունեության արդյունքում հրաշալի շախմատային սերունդ է գալիս: Նրանց մեծ թիվը մեզ հնարավորություն է տալիս ընտրություն անել և լավագույններին ավելի մեծ ուշադրություն դարձնել: Մեր արդեն երիտասարդ խոստումնալից շախմատիստներից են Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանը և այլն:

-Ինչպե՞ս է նշվում Շախմատի միջազգային օրը Հայաստանում:

-Հուլիսի 20-ը մենք հատուկ չենք նշում, քանի որ ամեն օր էլ կարելի է ինչ-որ մի հետաքրքիր բան կազմակերպել շախմատի նշանակությունն առավել ընդգծելու համար:

-Ինչպե՞ս կամփոփեք զրույցը:

-Ես ուղղակի հորդորում եմ զբաղվել շախմատով: Որքան էլ բոլորը չկարողանան պրոֆեսիոնալ և շատ բարձր մակարդակում հասնել հաջողությունների, մարդիկ պիտի վստահ լինեն՝ շախմատի վրա ծախսված ժամանակն իզուր չի անցել և կյանքում որևէ տեղ իրենց պետք կգա: Բազմաթիվ հետազոտություններ կան, որ շախմատով զբաղվող մարդիկ խուսափում են որոշակի հիվանդություններից. նրանց ուղեղը միշտ աշխատանքի մեջ է: Շախմատը մտածելու, լավ տարբերակներ գտնելու խաղ է, որն առաջին հերթին օգնում է զարգացնել շատ դրական որակներ մեր կյանքում:

Արփի Խաչատրյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: