Հայերեն   English   Русский  

Փաշինյանը հռչակել է տնտեսական հեղափոխության հայեցակարգային դրույթները


  
դիտումներ: 142

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողովի ընթացքում ներկայացրել է կառավարության տնտեսական քաղաքականության հայեցակարգային դրույթները՝ դրանք անվանելով տնտեսական հեղափոխության հայեցակարգային դրույթներ:

«Կարծում եմ՝ Շիրակի գործարար համաժողովը շատ հարմար առիթ է, որպեսզի բոլորիս հայտնի իրադարձություններից մեկ տարի անց ես խոսեմ կառավարության տնտեսական քաղաքականության հայեցակարգային որոշակի մոտեցումների վերաբերյալ, և ըստ էության՝ այս հայեցակարգային դրույթները պետք է անվանեմ տնտեսական հեղափոխության հայեցակարգային դրույթներ, որոնք մենք առաջիկայում կամբողջացնենք, և կներկայացնենք, որպես ամբողջական ռազմավարություն, թե ինչպես ենք պատկերացնում Հայաստանի զարգացումն ու ինչպիսին ենք պատկերացնում Հայաստանի տնտեսական կառուցվածքը»,- ասել է նա իր ողջույնի խոսքում:

Վարչապետը նշել է, որ այս փուլում հաջողվել է արդեն հարկային օրենսգրքում իրականացրած փոփոխություններով կարևոր քայլ անել. «Հարկային օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունների բերումով մի քանի մակարդակ ենք դիտում՝ միկրոմակարդակ, այսինքն՝ միկրոբիզնեսի նկատմամբ վարվող քաղաքականությունը, միջին բիզնեսի նկատմամբ վարվող քաղաքականությունը, և ավելի մանր բիզնեսի նկատմամբ վարվող քաղաքականությունը, որը թերևս մեր առաջիկա անելիքների ուշադրության կենտրոնում է լինելու: Կարևոր եմ համարում արձանագրել, որ մենք նոր շերտ ձևակերպեցինք Հայաստանի տնտեսության մեջ, այն անվանելով միկրոբիզնես, և 2020թ. հունվարի 1-ից մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող, որոշակի գործունեության տեսակի ընկերություններն ընդհանրապես կազատվեն բոլոր տեսակի հարկերից: Սրան գումարած, այս ընկերություններում ներգրավված աշխատակիցների համար եկամտային հարկը կլինի ոչ թե արդեն սահմանված 22%, այլ 5000 դրամ: Մենք սա շատ կարևորում ենք ՀՀ քաղաքացիների շրջանում գործարար ակտիվությունը մեծացնելու համար: Սա կառավարության աջակցությունն է ՀՀ քաղաքացիներին, և կոչը նրանց՝ ի վերջո որոշակի գործունեություն ծավալել, և մենք այս հանգամանքը դիտում ենք, որպես աղքատության հաղթահարման կարևոր մի գործիք»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: