Հայերեն   English   Русский  

​ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ ՝ ԱՆՊԱՐՏ ԲԱԶՈՒԿ ԵՎ ԱՆՆԿՈՒՆ ՈԳԻ.Վիտալի Բալասանյան


  
դիտումներ: 222

Մեզ պարտադրված պատերազմի արդյունքում, մենք ազատագրեցինք մեր պատմաիրավական տարածքների միայն ու միայն մի մասը:

Այսօր պատմական Ակնայի (Աղդամի) ազատագրման 26-րդ տարեդարձն է:

Կյանքի հարատևությունը պայմանավորված է մարդկային հիշողությամբ, շնորհիվ որի մենք նախևառաջ վերաիմաստավորում ենք մեր անցյալը: Իսկ վերջինիս մեջ փնտրում ենք մեր ժողովրդի հարատևության համար անհրաժեշտ հայրենասիրություն և նվիրվածություն ազգային արժեքներին:

Այս առումով մեզանից յուրաքանչյուրն իրավացիորեն կարող է հարցնել՝ արդյո՞ք կհիշեն գալիք սերունդները մեր անունները, երբ մենք հեռացած կլինենք երկրային կյանքից: Ու նաև ինչպիսի՞նն ենք եղել մենք, ինչպե՞ս ենք մարտնչել ու ինչպիսի՞ խելահեղությամբ ենք սիրել մեր հայրենիքն ու ազգը:

Անկասկած, նշված հարցերի պատասխանների հիմքում լինելու են մեր այսօրվա ձեռքբերումները՝ ազատագրված հայրենիք՝ շնորհիվ այն հերոսների, ովքեր փառք ու ոսկի չէին որոնում, այլ համեստորեն իրենց պարտքն էին կատարում վասն հայրենյաց: Ասում են բուն հերոսը նա է, ով հետապնդում է իր նպատակը՝ կյանքն ու մահը խառնելով իրար, բայց առանց գիտակցելու, որ ինքը հերոս է: Հայրենիքի իսկական մարտիկներ, ովքեր լուռ ու աննկատ մտան պայքարի մեջ, ոմանք չվերադարձան՝ բռնելով անմահության ճանապարհը, ոմանք էլ վերադարձան առանց հավակնությունների, անմասն կամ գրեթե անմասն մնալով շքանշաններից, կոչումներից՝ մնացին համեստ, խոնարհ: Հայրենիքի մարտիկը միշտ էլ կմնա այդպիսին:

Ես ի սրտե շնորհավորում եմ բոլորիս՝ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Ցանկանում եմ, որ միշտ լինեք այնպես հպարտ, նպատակասլաց, ինչպես 1992-ին էինք, և թող ձեզ երբևէ չլքի այն ոգին, որ մեզ հասցրեց մինչև Տիգրանակերտի բարձրունք և Աղդամի շրջանի իր շրջկենտրոն Աղդամ քաղաքի ազատագրման ու հետագա հաղթանակների: Հատուկ շնորհավորում եմ մեր զոհված մարտիկների ընտանիքներին, գիտեմ, ծանր է ձեր վիշտը, բայց, ցավոք, հաղթանակները զոհեր են պահանջում, ու մեզ մնում է միայն սփոփվել այն մեծ հաղթանակով, որ ունենք այսօր, և տեր կանգնենք այն ժառանգությանը, որ մեզ թողել են մեր ՄԵԾ ԶՈՀԵՐԸ:

Շնորհավորում եմ իմ բոլոր մարտական ընկերներին, թիկունքում կանգնած մեր աննկուն ժողովրդին, համայն հայությանը: Բոլորին ցանկանում եմ առողջություն և չիրականացված իղձերի իրականացում: Շնորհավորում եմ մեր զինված ուժերին՝ հայ զինվորին՝ ցանկանալով նրան անպարտ բազուկ և աննկուն ոգի:
Խոնարհվում եմ բոլորիդ առաջ:

Աստծո աջը մեզ բոլորիս պահապան:
Վիտալի Բալասանյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: