Հայերեն   English   Русский  

​Նախարարը Գյումրիում որակ է պահանջել


  
դիտումներ: 722

Համաշխարհային բանկի և Վերակառուցման ու զարգացման Եվրոպական բանկի ֆինանսական միջոցներով Շիրակի մարզի միջհամայնքային և Գյումրի քաղաքում ճանապարհներ են հիմնանորոգվում: Աշխատանքների ընթացքին ու առկա խնդիրներին ծանոթանալու էր եկել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Ճանապարհաշինական աշխատանքների թերությունների ու խնդիրների մասին բազմիցս է բարձրաձայնվել, նույնիսկ մարզի դատախազությունն է այս ոլորտով հետաքրքրվել: Նախարարն էլ ասում է՝ ով թերացել է, պետք է պատժվի.

- Աչք փակելը ենթադրում է, որ դրա տակ կա որոշակի կոռուպցիոն ռիսկ, մենք աչք չենք փակելու, և հետևողական ենք լինելու: Ես ամենամսյա ռեժիմով հանդիպելու եմ բոլոր շինարարների հետ, գործընկերային, բարի դրացիական միջավայր ենք ուզում ստեղծել, որ մարդիկ պարտաճանաչ աշխատեն, մենք էլ պարտաճանաչ վճարենք, որ բոլորը գոհ լինեն՝ և քաղաքացիները, և շինարարը, և մենք: Մենք պահանջում ենք որակ և պահանջում ենք, որ դա լինի ժամկետի մեջ:

Եթե որևէ շինարարական կազմակերպություն թերանա և իր կատարած աշխատանքը չգոհացնի պատվիրատուին, ապա դրա պատժնի ձևերն էլ կան, նախարար Պապիկյանն ասում է՝ այդ ընկերությունները կհայտնվեն <սև ցուցակում>:

- Նախորդ տարվանից կատարողականներ կան, որոնք չենք ընդունել, եթե որևէ շինարար մտածում է, թե կարող է պետբյուջեի գումարները փոշիացնել, մենք պետք է նրանց խնդրենք, որ այլևս նման մոլորություններ չունենան, մենք չենք վճարելու իրենց, - ասում է Սուրեն Պապիկյանը:

Գյումրիում ընթացող փողոցաշինական աշխատանքները դեռ ընթացքի մեջ են և շարունակվելու են, հաջորդ տարի արդեն ավելի մեծ թվով փողոցներ են հիմնանորոգվելու: Բայց փաստ է այն, որ այս տարի էլ հատկապես կենտրոնական փողոցները հիմնանորոգելու համար միաժամանակ քանդվել էին և փողոցները, և մայթերը, երթևեկելու հնարավորություն չթողնելով ոչ հետիոտներին, ոչ էլ ավտոմեքենաներին: Շինարարական աշխատանքներն էլ ձգձգվում են, հաճախ ոչ շինարարի մեղքով: Դեռ հունիսի 30-ին էին շահագործման հանձնվելու կենտրոնական փողոցները, սակայն այնտեղ աշխատանքները դեռ շարունակվում են:

- Եթե կա օբյեկտիվ պատճառ,մենք էլ կհասկանանք, հիմա էս մարդիկ հո մեր թշնամին չե՞ն: Բայց, եթե գործ կա անելու, և կանգնած իրար երեսի են նայում, դա է անընդունելի: Իսկ Գյումրիում իրոք կան օբյեկտիվ խնդիրներ, որոնց պատճառն անկախ նրանից շինարարը դա ուզում է անել ժամկետի մեջ, կամ ավելի արագ, ֆիզիկապես չի կարող: Առաջանում են հարցեր, որը նախագծողը չէր կարող նախապես իմանալ: Հազար ու մի խնդիր է եղել, շատ դեպքերում մենք չուենինք այն պատկերը, որը կա գետնի տակ, ասֆալտից ներքև: Բնականաբար այդ հարցերն օբյեկտիվորեն գնահատվում են և հնարավորություն է տրվում շինարարին, որ աշխատանքն ավարտին հասցնի որակով,- ասում է Սուրեն Պապիկյանը:

Պապիկյանը Գյումրիում

Նախարարը նաև հավելում է՝ փողոաշինական աշխատանքների կատարման համար ֆինանսական խնդիրներ չկան, եթե ընկերության ներկայացրած կատարողականը դրական եզրակացություն է ստանում, ապա ֆինանսավորում ստանում է: Իսկ մոտ մեկ ամիս առաջ շինարարները նշում էին՝ աշխատանքներ կատարելու համար գումարներ չեն ստացել, հենց դա էլ շինարարության ձգձգման պատճառն է:

Գյումրիում փողոցաշինության ավարտի համար այս անգամ էլ նոր ժամկետ սահմանվեց՝ օգոստոսի 25-ը:

Մարիամ Խալաթյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: