Հայերեն   English   Русский  

​Վայրի բաղնիք՝ հայ-ադրբեջանական սահմանին, տեսանյութ


  
դիտումներ: 269

Միջպետական ճանապարհին՝ Բաղանիս - Ոսկեպար գյուղերի խաչմերուկում, Կոթիի բնակիչ Սպարտակ Խաչիկյանը փոքրիկ բիզնես է հիմնել:

Առևտրի-սպասարկման փոքրիկ ծառայութուն է ստեղծել, հարմարությունները համեստ են, բայց նախաձեռնությունը զարգացնելու գաղափարներ է մշակել:

Ասում է՝ լավ, թե վատ, կարողանում է այս բիզնեսով գումար վաստակել, միայն թե իր ընտանիքի գլխին լինի ու արտագնա աշխատանքի ճամփան չբռնի.

- Արտագնա աշխատանքի ո՞նց գնամ, տանը 3 անչափահաս երեխա ունեմ, կնոջս, մեծերիս գյուլլի տակին ո՞նց թողնեմ գնամ, - ասում է Սպարտակը: Բայց սահմանային գյուղերից էլ արտագաղթողներ շատ կան, մարդիկ մի քանի տարի սեզոնային աշխատանքի են մեկնում, հետո վերադառնում ու ընտանիքներին տանում են:

- Հայրենասիրությունից մի տարի մնան, 2, 3 տարի մնան, բայց ես դեռ սոված հայրենասեր չեմ տեսել: Էս խանութի տեղը պիտի դեսպանատուն լիներ, որ էնտեղից էլ ռիսկ չանեին կրակել, այ էդպես պիտի սահմանը ամուր լինի:

Սահմանը հարաբերական է խաղաղ, կրակոցներ գյուղում չեն հնչել միայն վերջին մեկ տարում, բայց ոչ մեկն էլ չի կարող երաշխիք ունենալ, որ վաղը հրադադարի ռեժիմը նորից չի խախտվի, իրենց ծրագրերն էլ հողին չեն հավասարվելու:

- Եթե մարդը մի ուղղությամբ կռիվ տա՝ կարող է ապրել, բայց չի կարող և բնության դեմ կռիվ տա, և Աստծո դեմ, և թուրքի: Հո երկաթից չի՞: Տարիներ շարունակ էդ կռիվը խանգարել է մեզ զարգանալ, երկարատև ոչ մի բան չես կարող պլանավորել:

Եթե որևէ մեկը ուզենա գալ սահմանային գյուղերում ապրել, ապա Սպարտակ Խաչիկյանը վստահ է, 2 օր էլ չեն դիմանա, մահվան ահը սարսափելի է, երբեք չգիտես հակառակորդի գնդակը երբ քեզ բաժին կհասնի: Բայց արդեն գրեթե 3 տասնամյակ Սպարտակն ապրում է հակամարտության գոտում, ավելին, մտածում է միջպետական սահմանով անցնող զբոսաշրջիկին կամ օտարերկրացուն թեկուզ մեկ օր սահմանային գյուղում պահելու ծրագրի մասին: Ասում է՝ պետք է կարողանանք դրսից եկողին ճիշտ ու գեղեցիկ ներկայացնել մեր երկիրը հենց սահմանից: Մտածում է՝ խանութի դիմաց փուռ կառուցել, որտեղ հայկական հացը տեղում թխվելու և հյուրասիրվելու է միջպետական ճանապարհով անցնողների: Իր խանութի ներքնահարկում՝ ապահով ու հրակայուն միջավայր է ստեղծում, որն արդյունքում վերածվելու է հյուրատան: Հիմա ձեռքի նկարազարդումներով ու լուսային էֆեկտներով բաղնիք է կառուցում, որտեղ յուրաքանչյուր լուսային փոփոխություն պատմելու է հայաստանյան կյանքի մասին. սահմանամերձ շրջաններ, պատերազմ, խաղաղություն, լուսաբաց, թափված արյուն...

- Վայրի բաղնիք է, քարից է ջուրը թափվելու, բայց քանի որ ջուր չունենք՝ մտածել եմ վազդուշնի բաղնիք անեմ:

Պատմում է տեսանյութում՝
https://www.youtube.com/watch?v=awspkalNRSM

Սահմանային գյուղերում ջրի հասանելիությունը լրջագույն խնդիր է, Սպարտակ Խաչիկյանն էլ սպասարկման օբյեկտը կառուցում ու մտածում է՝ ինչպես ապահովել անհրաժեշտ ջուրը. "Ասենք, մարդը եկավ մի բան պատվիրեց, ինչո՞վ լվացնեմ, հո շորերիս չե՞մ քսելու", - սրտնեղում է նա: Չնայած Բաղանիսում 7 տարում 36 կմ ջրագիծ է կառուցվել, բայց ջրային պաշարները գնալով ցամաքում են, այստեղ պետական մոտեցում են ակնկալում, թեկուզ արտեզյան ջրերից օգտվելու հնարավորություն ունենալու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: