Հայերեն   English   Русский  

Կարեն Տոնականյան. «Ցանկացած հաղթանակ վստահություն է հաղորդում»


  
դիտումներ: 1579

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած Եվրոպական խաղերում 60 կգ քաշային բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը, թեև վնասվածքով, բայց կարողացավ հաջող հանդես գալ և բրոնզե մեդալ նվաճել:

Տոնականյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 5։0 հաշվով առավելության էր հասել իսպանացի Քրիստիան Վասկեսի նկատմամբ։ 1/4 եզրափակչում 3:2 հաշվով հաղթելով բրիտանացի Կալում Ֆրենչին՝ բութ մատի կոտրվածք ստացավ, որը և զգացնել տվեց կիսաեզրափակչում բելառուս Դմիտրի Ասանովի հետ պայքարում:

Անկախի հետ զրույցում հայ մարզիկը կիսվում է տպավորություններով՝ նշելով, որ յուրաքանչյուր նվաճում միանշանակ ոգևորում և վստահություն է հաղորդում՝ նորանոր մեդալներ նվաճելու ու հաղթանակներ գրանցելու ճանապարհին:

-Շնորհավորում ենք Մինսկում հաջող հանդես գալու և մեդալ նվաճելու կապակցությամբ:

-Շնորհակալ եմ: Նշեմ, որ լավ նախապատրաստական շրջան էինք անցել՝ 2 ուսումնամարզական հավաքի մասնակցելով Ռաֆայել Մեհրաբյանի և ՌոբերտՊետրոսյանի գլխավորությամբ: Մրցավայր էի մեկնել մարտական տրամադրված. հաջող հանդես գալու և անպայման մեդալ նվաճելու նպատակով: Ուրախ եմ, որ հաջող հանդես եկա, թեև բութ մատի կոտրվածք ստացա, ինչն ինձ շատ խանգարեց:

-Տպավորիչ մենամարտեր անցկացրիք՝ անգամ վնասվածքով: Որևէ մրցակցի կառանձնացնե՞ք:

-Մրցակիցներս բոլորն էլ փորձառու, սպորտում ձեռքբերումներ ունեցող, տարբեր մրցաշարերում մեդալակիր դարձած մարզիկներ էին:

Կարեն Տոնականյան

Կառանձնացնեմ անգլիացի Կալում Ֆրենչի հետ մենամարտը, որն առավել դիտարժան ու լարված պայքարում անցավ: Հենց այդ ընթացքում էլ կոտրեցի մատս, սակայն չընկճվեցի, ողջ ուժերս հավաքեցի և կարողացա հաղթել:

-Ի՞նչ է տալիս հաղթանակը մարզիկին:

-Ցանկացած հաղթանակ լրացուցիչ վստահություն է հաղորդում, բարձրացնում է ինքնագնահատականը: Հասկանում ես, որ կարող ես նորանոր բարձունքների հասնել ու մեդալներ նվաճել: Պետք է պարզապես անմնացորդ նվիրումով ու քրտնաջան աշխատել և երբեք չընկճվել:

Շնորհակալ եմ հավաքականի մարզիչներ Ռաֆայել Մեհրաբյանին և ՌոբերտՊետրոսյանին, ողջ հավաքականին միասնական աշխատանքի համար: Հաջողության հասելու և մեդալ նվաճելու ճանապարհին մեծ ներդրում ունեն իմ անձնական մարզիչ Արման Հարությունյանը և Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, որոնց նույնպես շնորհակալ եմ:

-Ի՞նչ եք զգում, երբ ներկայացնում եք հայոց եռագույնը միջազգային ասպարեզում:

-Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել իմ երկիրը միջազգային հարթակներում: Մարզիկներն ամեն ինչ անում են երկրի անունն ու հայոց եռագույնը բարձր պահելու համար, դա պատվի հարց է: Իսկ հաղթանակից հետո արդեն հպարտություն եմ զգում, որ կարողացել եմ Հայաստան անունը լսելի դարձնել ու երկիրս պատվով ներկայացնել, հայրենակիցներիս ուրախության րոպեներ պարգևել:

-Հայկական բռնցքամարտում ստեղծված ներկայիս իրավիճակը՝ 2 բանակի բաժանումը, կա՞րող է անդրադառնալ մարզիկների ելույթների վրա:

-Կարծում եմ հարցը շուտափույթ լուծում կստանա, ընթացքի մեջ է: Կարող եմ ասել, որ այդ ամենը չի անդրադառնում մարզիկների ելույթների վրա: Անկախ ամեն ինչից մենք մեկ թիմ ենք,պետք է լինենք միասնական և բոլորս աշխատենք մեր հայրենիքի համար պատվաբեր մեդալներ նվաճելու, միջազգային հարթակներում հաղթնականեր տոնելու ուղղությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: