Հայերեն   English   Русский  

Նախկին զինվորականն այսօր Կառավարության շենքի առաջ կրկին վերսկսել է անժամկետ հացադուլը


  
դիտումներ: 102

Այսօր՝ հուլիսի 29-ին, Կառավարության շենքի դիմաց անժամկետ հացադուլը վերսկսել է նախկին զինվորական Ցոլակ Խաչատրյանը: Նա պահանջում է Պաշտպանության նախարարությունից իրեն վճարել հասանելիք արձակուրդային, զորացրման և ոչ աշխատանքային օրերին աշխատելու գումարները։

Սա վերջին մեկ ամսում զինվորականի արդեն 3-րդ հացադուլի փորձն է։ Հուլիսի 8-ին սկսած հացադուլը Խաչատրյանը դադարեցրել էր հուլիսի 24-ին՝ այն բանից հետո, երբ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը հորդորել էր դադարեցնել հացադուլը և խոստացել էր կարճ ժամանակում կապ հաստատել Պաշտպանության նախարարության հետ և տալ խնդրի լուծումը:

«Հացադուլի վերսկսման պատճառն այն է, որ պարոն Վլադիմիր Կարապետյանը փաստացի իր խոսքի տերը չեղավ ու խաբեց ինձ: Ես մինչ օրս ՀՀ ՊՆ-ից որևէ պաշտոնական պատասխան չեմ ստացել, նշեմ ավելին ես ձեռք բերեցի համոզմունք, որ Պաշտպանության նախարարությունն այսքան ժամանակ զբաղված է ոչ թե իմ կողմից բարձրացված հարցերի լուծմամբ, այլև ակտիվորեն չնչին, նույնիսկ ողորմելի պատճառ է փնտրում, որն իրենց օրինական հիմք կտա չկատարելու իրենց պարտավորությունները: Բայց քանի որ նման հիմք գոյություն չունի, հետևաբար ՊՆ-ն չի կարողանալու որևէ հակափաստարկ բերել»,-ասում է Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ankakh.com-ը տեղեկացրել էր, որ Ցոլակ Խաչատրյանը չօգտագործած արձակուրդի համար չստացած գումարը ստանալու նպատակով դիմել է դատարան, հաղթել առաջին ատյանում, սակայն ՊՆ-ն վերաքննիչ բողոք է ներկայացրել։

«Իմ պահանջն այն է, որ ՊՆ-ն կատարի իր պարտավորությունները։ Այս տարվա մարտի 14-ին ՄԻՊ-ի կողմից հերթական որոշումն է կայացվել՝ կապված իմ խախտված իրավունքների հետ։ Առաջին անգամ երբ հացադուլ էի հայտարարել, ես ՄԻՊ-ի որոշումը և իմ դիմումը ներկայացրել եմ կառավարություն, վարչապետի օգնականն ինձ հետ խոսեց, հորդորեց դուրս գալ հացադուլից, քանի որ բոլոր հարցերը լուծվելու են օրինական ճանապարհով։ Հետո իմացա, որ հունիսի 19-ին վարչապետը խիստ հանձնարարական է իջեցրել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և սահմանել աշխատանքային տասնօրյա ժամկետ՝ հարցին լուծում տալու համար: Բայց այդ ժամկետը սպառվելուց հետո իմացա, որ նախարարությունում ոչինչ չի արվել»,- ասաց Խաչատրյանը։

Նախկին մայորը նշում է, որ հացադուլը կդադարեցնի միայն այն ժամանակ, երբ իր փոխհատուցումը կտրվի կառավարության կամ Պաշտպանության նախարարության կողմից:

Դեռ օրեր առաջ մեզ հետ զրույցում Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ասել էր, որ Պաշտպանության նախարարությունը ոչինչ չի կարող անել, եթե օրենսդրությամբ նախատեսված չէ փոխհատուցում տրամադրել զինվորականին:

«Պաշտպանության նախարարությունը չի որոշում չգնացած արձակուրդի համար տա՞լ փոխհատուցում, թե՞ ոչ: Եթե օրենսդրությամբ նախատեսված է, ապա կստանա, եթե ոչ, ուրեմն մենք ապօրինի փոխհատուցում չենք կարող տալ»,-ասել էր Հովհաննիսյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: