Հայերեն   English   Русский  

Անցնող շաբաթը Հայաստանում


  
դիտումներ: 726

Անցնող շաբաթվա ընթացքում հանրության ուշադրության կիզակետում մնացին իջևանյան դեպքերը, վերջին օրերի լարվածությունը Ադրբեջանի հետ սահմանին և տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիան:

Պաշտոնական տեղեկատվությամբ՝ Իջևան քաղաքում տեղի ունեցած բողոքի ցույցից հետո բերման ենթարկվածներից 13-ի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու, խուլիգանություն կատարելու մեղադրանքով: Նրանցից 10-ը կալանավորվել են, մեկի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը, երկուսն ազատ են արձակվել գրավով: Հետագա օրերին հայտնի դարձավ, որ մեղադրանք է առաջադրվել ևս 7 աձի։ Մեկ անձի նկատմամբ էլ հայտարարվել է հետախուզում։ Այսպիսով այս գործով 21 անձ ունի մեղադրյալի կարգավիճակ։ Նրանցից 10-ը կալանավորված են։

Լրատվամիջոցներն ու քաղաքական մեկնաբաններն արձանագրեցին այն փաստը, որ իջևանյան դեպքերի կապակցությամբ Իջևան չգնաց և իր հայրենակիցների հետ դեմ առ դեմ խոսելու փորձ չարեց երկրի վարչապետը, այն դեպքում, երբ դեկտեմբերյան ընտրությունների հենց հաջորդ օրը նա շտապեց երկրի մարզերից մեկի դպրոց, որպեսզի հանգուցալուծի տնօրենի ընտրության հետ կապված կոնֆլիկտը, ինչը շատ տարօրինակ էր: Այնուամենայնիվ, ինչպես հայտնի դարձավ, նա գնացել է Իջևան, բայց ոչ իջևանցիների ընդվզման և նրանցից մի քանիսի կալանավորման տխուր առիթով: Նա Իջևան էր ժամանել ուղղաթիռով՝ մասնակցելու մանկության ընկերոջ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի ծննդյան օրվա խնջույքին, որը տեղի էր ունեցել Ղալումյանի ռեստորանում՝ «Ոսկե ձկնիկում»: Ներկա են եղել ոչ միայն հարազատ-մտերիմները, այլև մարզի ոստիկանապետը, անտառտնտեսության պատասխանատուները և ուրիշ պաշտոնյաներ: Ենթադրվում է, որ կենացների արանքում վարչապետը անտառահատման շուրջ զրույց-խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզի անտառտնտեսության մի քանի մասնաճյուղերի տնօրենների ու պատասխանատուների հետ: Իսկ ոստիկանության և անվտանգության աշխատակիցները աչալուրջ հսկել են, որ խնջույքն անխափան անցնի:

Իջևանյան հայտնի իրադարձություններից հետո ոստիկանության պահակակետ տեղադրվեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրական տան մոտ: Փաստորեն, երկրի ղեկավարը վախ ունի իր հարազատների անվտանգության առումով: Թե ումից, պարզ դարձավ լրագրողների հետ վարչապետի հոր՝ Վովա Փաշինյանի հանդիպումից հետո. «անգիտակից մարդկանցից»: Այդպես է բնորոշել նա իջևանյան դեպքերի մասնակիցներին:

Այսպիսով արձանագրվեց այն իրողությունը, որ իշխանափոխությունից մեկ տարի անց վարչապետի հռչակած «սիրելի և հպարտ» ժողովրդի մի հատվածը, այն էլ իր ծննդավայրում, վերածվեց ոչ այնքան սիրելի անգիտակից քաղաքացիների, իսկ վարչապետը դարձավ երկրի պատմության մեջ առաջին ղեկավարը, որ ոստիկանության ուժերով է պահպանում իր հարազատների առօրյա կյանքը:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ադրբեջանի հետ սահմանին վերջին օրերի լարվածությանը և հայտնեց, որ անհանգստանալու առիթ չկա. կրակոցները եղել են ոչ նպատակային, չթիրախավորված։ Նախիջևանի հետ կապ է հաստատվել, միջոցներ են ձեռնարկվում կրակոցների կրկնությունը թույլ չտալու համար։ Տոնոյանը խոսեց նաև ռուսական սպառազինության, հատկապես օդանավերի մատակարարման, ինչպես նաև բանակում նոր որակի սննդի մատակարարման պիլոտային ծրագրի մասին և չհերքեց, որ զորամասերում սննդի կազմակերպումն իրականացնող ընկերության ղեկավարն իր մտերիմն է:

Իսկ հաջորդ օրը «Ղարաբաղյան հակամարտություն. վերջին միտումներ» թեմայով քննարկման ժամանակ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարեց, որ մեր դիրքորոշման մեջ կա 3 հիմնական ուղղություն՝ բովանդակություն, միջավայր, որտեղ տեղի է ունենում այս գործընթացը, և երրորդ՝ Արցախի լիարժեք ներգրավվածությունը: «Երբ կա հայատյացություն, երբ կա այդպիսի հռետորաբանություն, մենք չենք հավատում, որ այդ պայմաններում կարելի է բանակցել և առաջընթաց արձանագրել: Մտածել, որ Հայաստանը կգնա մի գործընթացի, երբ մի ձեռքով կրակում են, մի ձեռքով՝ բանակցում, անհնար է»,-ասել է նա:

Լրագրողների հետ հանդիպեց նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանը և հայտարարեց, որ եվրոպական տեսանկյունից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող քրեական վարույթն ավարտված է, այն այլևս քաղաքական գործընթաց է:

Ամբողջ շաբաթ շարունակվեց Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի գործուն պայքարը մայրաքաղաքի աղբի դեմ։ Նա այցելում էր Երևանի տարբեր թաղամասեր և քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական պաստառները փակցնում աղբարկղներին՝ հիշեցնելով նրա նախընտրական խոստումները։ Աղեկյանը նաև պահանջում էր, որ քաղաքապետարանի կոմունալ վարչության պետը պետբյուջե վերադարձնի իր ստացած պարգևավճարը՝ 840 հազար դրամը, քանի որ տապալել է քաղաքի աղբահանության գործը։

Հայտնի դարձավ, որ 2019 թ․կտրուկ աճել է Հայաստանից Ռուսաստան ներգաղթողների թիվը։ Եթե 2018 թ․առաջին 4 ամիսներին մեր երկրից Ռուսաստան էր մեկնել 4900 ներգաղթյալ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 12800։ Համապատասխան զեկույցում նշվել է, որ այս տարի ամենից շատ աճել է միգրացիան Հայաստանից և Ուկրաինայից և կտրուկ նվազել է Բելառուսից ու Մոլդովայից։

Հուլիսի 24-ին դարձյալ զինծառայողի մահվան բոթ հասավ, որ երկրորդն էր վերջին 3 օրվա ընթացքում: Հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը պաշտպանության բանակի զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորումից մահացավ է 19-ամյա Վոլոդյա Գալոյանը։ Երեկոյան նա իրեն ամակցված ինքնաձիգից կրակահերթ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ՝ փորձելով սպանել նրան։ Մի քանի ժամ անց մարտական դիրքի դիտակետից շուրջ 50 մետր հեռավորության վրա գտել են նրա դին՝ ծնոտի շրջանում ստացած հրազենային վնասվածքով, ինքնաձիգը՝ կողքին ընկած։

Երևանում էլ ինքնասպան եղավ Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի զինծառայող 30-ամյա Արսենը: Նրա դին կախված վիճակում հայտնաբերվեց «Կորեայի ձորի» ամառանոցներից մեկում։

Հուլիսի 24-ին վերաքննիչ դատարանը մերժեց Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով դատախազության բողոքը: Դատական նիստին ներկա էր նաև Ռոբերտ Քոչարյանը։ Նա անդրադարձավ իր հաշիվների վրա դրված կալանքին և դրանից հետո իր առանձնատանն իրականացված խուզարկություններին՝ նշելով, որ ամեն ինչ արվել է օրենքի կոպիտ խախտումով, լկտի կերպով ոտնահարվել են իր իրավունքները:

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն էլ Վրաստանում էր, ուր հանդիպեց վիրահայ համայնքի, իր գործընկերոջ՝ Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի, վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ:

Մինչ Դիլիջանում ընտանիքի հետ իր հանգիստն էր վայելում 10-օրյա արձակուդի գնացած վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փչացավ Հայաստանի հայուրավոր քաղաքացիների հագիստը Եգիպտոսում: Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման պատճառով Հայաստանի մոտ 100 քաղաքացի 2 օր մնացել էր Եգիպտոսի Հուրգադա քաղաքում, մի մասը՝ օդանավակայանում, մյուս մասը՝ հյուրանոցներում։ Պատճառն այն էր, որ հայկական «Էյ էնդ Ար» տուրօպերատորը չէր վճարել ավիափոխադրողին:

Անցած շաբաթ օրակարգում մնաց նաև Ստամբուլյան կոնվենցիան վավերացնել-չվավերացնելու հարցը: Այն քննարկվեց Հանրային խորհրդում, թեժ բանավեճից հետո միաձայն որոշվեց հորդորել կառավարությանը զերծ մնալ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումից: Նույնպիսի կոչով հանդես եկավ նաև Հայ առաքելական եկեղեցին: Իսկ արդարադատության նախարարությունը դիմեց Վենետիկի հանձնաժողով՝ ակնկալելով, որ հանձնաժողովը պաշտոնական կարծիք կտրամադրի այն մասին, թե կոնվենցիայի վավերացումն ինչ սահմանադրական հետևանքներ կունենա Հայաստանի համար:

Շաբաթն ավարտվեց Վարդավառի տոնով, բայց և սահմանից եկած տխուր լուրերով: Երեկ

ՀՀ սահմանի հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվեց ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, 1995 թ. ծնված Արման Արայիկի Բուլղադարյանը։

Ցավոք, շաբաթն ավարտվեց ևս մի անցանկալի, բայց ոչ անակնկալ փաստով: Անակնկալը թերևս գործը հապճեպ, հանգստյան օրով գլուխ բերեն էր: Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու, այլ կերպ ասած՝ վարչապետին «չէ» ասելու համար դատավոր Դավիթ Գրիգորյանը մինչև վերջ կրելու է իր պատիժը: Երեկ կասեցվել են նրա լիազորությունները, և նրա դեմ քրեական հետապնդում է սկսվել:

Բարձրագույն դատական խորհրդի հայտարարությունից պարզ դարձավ, որ հուլիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել միջնորդություն երեք դրվագով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով քննվող քրեական գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին։ Բարձրագույն դատական խորհուրդը, 2019 թվականի հուլիսի 26-ին քննելով միջնորդությունը, լսելով ինչպես ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․ Հարությունյանին, այնպես էլ դատավոր Դ․ Գրիգորյանին, որոշել է ներկայացված միջնորդությունը երկու դրվագներով բավարարել, իսկ մեկով՝ մերժել։ Որոշումը հրապարակվել է 2019 թ. հուլիսի 27-ին։






Մեկնաբանություններ - 1

agob.k     29.07.2019 arten zvejank meqnapanel yep kayl vojharner ipr bachtbanelu ayl inkn a pzktum isk ayt vojharner mart yn qam anasun ayo chat yn anasunner ? payj muyser vor asenk mart yn inj yen anum ? hoselen zad vojinj ? qorjanum yk voj te jer abakan ayl jer zavaqnerun u hayastani yv arjah yte qarogutyun junek nikolin u ir pogojayin ichanutyun pohel aveli lav a babanjil u abrek injbes avanaq nikol a vorochum
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: