Հայերեն   English   Русский  

ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է ՊԵԿ աշխատակիցների կողմից 1 մլն դրամ կաշառք պահանջելու և ստանալու դեպք


  
դիտումներ: 261

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների

իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու դեպք:

Ինչպես Անկախին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցներն ադամանդի ներկրմամբ և վաճառքով զբաղվող ընկերության տնօրենի նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելիս վերջինիս չփաստարկված պահանջներ են ներկայացրել՝ իրացման շրջանառությունը հիմնականում հաշիվ-ապրանքագրերով կազմակերպելու վերաբերյալ՝ սպառնալով հակառակ դեպքում բազմաթիվ ստուգողական բնույթի միջոցառումներ իրականացնել՝ ըստ էության ստեղծելով գործունեության անտանելի պայմաններ:

Տնտեսվարողին անելանելի դրության մեջ դնելուց հետո՝ ՊԵԿ պաշտոնատար անձինք ընկերության նկատմամբ բարեհաճ վերաբերմունք դրսևորելու, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում թվացյալ խախտումներ չհայտնաբերելու և լրացուցիչ հարկային պարտավորություններ չառաջադրելու համար պահանջել են շուրջ 2.000.000 դրամ կաշառք, որը սակարկությունների արդյունքում նվազեցվել է մինչև 1.000.000 ՀՀ դրամի:

Պայմանավորված գումարի փոխանցումն իրականացվել է ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, ինչից անմիջապես հետո պաշտոնատար անձինք բռնվել և բերման են ենթարկվել:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզական վարչության 2 գլխավոր օպերլիազորները ձերբակալված են:

Կատարվում է նախաքննություն:

«ՀՀ-ում տնտեսական գործունեություն ծավալող անձանց ՀՀ ԱԱԾ-ն կոչ է անում նմանատիպ իրավիճակներում հայտնվելու դեպքում տեղի չտալ անօրինական պահանջներին և անմիջապես դիմել համապատասխան մարմիններին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համար­վում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատա­վարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: