Հայերեն   English   Русский  

Շարունակվում է Սասնա ծռեր խմբի դատավարությունը. ցուցմունք են տալիս ՊՊԾ գնդի գրավման ժամանակ կատարված սպանությունների ականատեսները


  
դիտումներ: 150

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստի ընթացքում այսօր հարցաքննվում են 2016 թվականի հուլիսին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ կատարված սպանությունների ականատեսները: Հարցաքննվեց ոստիկանության ծառայակից Հայկ Խուդավերդյանը, որ ՊՊԾ գնդի գրավման ժամանակահատվածում եղել է հատուկ միջոցների կիրառման վաշտի հրամանատարի տեղակալ։ Խուդավերդյանը 2016թ. հուլիսի 30–ին գտնվել է այն մեքենայում, որի հետնամասում սպանվել է ոստիկան Յուրի Տեփանոսյանը:

Վկան դատարանում պատմեց, որ 2016թ. հուլիսի 30–ին Բուռնազյան փողոցից «Տիգր» զրահապատ մեքենայի հետևից մեկ այլ մեքենայով շարժվել են դեպի Տիգրան Մեծի պողոտա։

«Յուրիի մեքենան էր, աջ ղեկով, նա գերհոգնած էր, խնդրեց, որ ինքը չվարի։ Ղեկին Ազատն էր, կողքին նստած էի ես, իսկ Յուրան հետևում էր նստած։ Հենց կրակոցը լսվեց, շրջվեցի հետ ու տեսա, որ Յուրան մարմնով առաջ էր եկել ու արնահոսում էր։ Ձեռքս դրել եմ ավտոմեքենայի ձայնային ազդանշանին ու բարձր բղավելով վարորդին գոռացել եմ՝ քշի։ Այդ ընթացքում Մհեր Չիլինարյանը մեքենայից իջել է, ճանապարհը բացել, մենք դուրս ենք եկել ու Յուրային տեղափոխել հիվանդանոց»,–պատմեց վկան։

Պատասխանելով մեղադրող Պետրոս Պետրոսյանի հարցերին, վկան ասաց, հնչել է մեկ կրակոց, որևէ մեկին դեպքի վայրում չի տեսել։

Խուդավերդյանն ասաց նաև, Յուրա Տեփանոսյանի և մեքենայում գտնվող մյուս երեք անձիք ունեցել են լավ հարաբերություններ: Մանրամասները` տեսանյութում:

Գործով մեկ այլ վկա Վյաչելյավ Սայադյանը դատարանում հարցաքննության ժամանակ հայտարարեց, որ ոչ մեկին չի տեսել, ոչինչ չի հիշում, անգամ ասաց, որ չի հիշում նախկինում երբևէ հարցաքննվե՞լ է, թե՝ ոչ:

Մեղադրող Պետրոս Պետրոսյանն ասաց, որ նախկինում տված ցուցմունքը բոլորովին այլ է եղել և հրապարակեց այն:

Ըստ նախկինում տված ցուցմունքի` վկան մանրամասն նկարագրել էր, թե ինչպես են ամբաստանյալներ՝ Արամ Մանուկյանը, Աշոտ Պետրոսյանը և Էդվարդ Գրիգորյանը գնդից դուրս գալիս, այրում տարածքում գտնվող մեքենաներից մեկը: Նախկինում տված ցուցմունքը հրապարակելուց հետո վկան ասաց, որ այո՛, ամբողջությամբ ճիշտ է, դա իր տված ցուցմունքն է, ուղղակի չէր հիշում:

Այս պահին դատական նիստը ընդմիջվել է, իսկ դրանից հետո հարցաքննվելու են մյուս վկաները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: