Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ում հրաձգության երեք դեպք է գրանցվել, մի քանի տասնյակ զոհ կա. Նիկոլ Փաշինյանը Դոնալդ Թրամփին ցավակցական հեռագիր է հղել


  
դիտումներ: 181

ԱՄՆ-ում մեկ օրվա ընթացքում հրաձգության երեք դեպք է գրանցվել: Թեխաս նահանգի «Walmart» առևտրի կենտրոնում զինված հարձակման հետևանքով 20 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել, գրում է ՌԻԱ Նովոստին:

Տուժածներից շատերը ծանր վիճակում են գտնվում։ Հրաձիգը ձերբակալվել է:

Ավելի ուշ հրաձգություն է տեղի ունեցել Օհայո նահանգում, որի հետևանքով 9 մարդ զոհվել է, 26-ը՝ վիրավորվել։ Եվս մեկ հրաձգություն էլ տեղի է ունեցել Չիկագոյի մանկական խաղահրապարակում: Այս դեպքում 7 մարդ վիրավորվել է: Անհայտ անձը կրակ է բացել սև «Chevrolet Camaro» մակնիշի մեքենայից:

Զանգվածային սպանություններից հետո ԱՄՆ ոստիկանությունը մեծացրել է փողոցային պարեկների թիվը: Իրավապահներն ուժեղացված ծառայությունը կշարունակեն այնքան, մինչև երկրում դրությունը կարգավորվի։ Իրավապահները քաղաքացիներին զգուշացրել են, որ փողոցներում ոստիկանության աշխատակիցների թվի ավելացումն անհրաժեշտ է՝ հնարավոր վտանգների կանխման համար, և նրանց խնդրել են ոստիկանական մեծաքանակ խմբեր տեսնելիս խուճապի չմատնվել:

CNN-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է մինչև հինգշաբթի՝ օգոստոսի 8-ը, ԱՄՆ դրոշները վայր իջեցնել բոլոր հանրային շենքերում, զինվորական դիտակետերում և արտասահմանում տեղակայված օբյեկտներում: Նա հրաձգությունները վախկոտության դրսևորում է անվանել՝ հավելելով, որ կիսում է ողբերգական պատահարների հետևանքով տուժածների ցավը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ Տեխաս և Օհայո նահանգներում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին:

Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով տեղեկացա ԱՄՆ Տեխաս և Օհայո նահանգներում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին, որոնք բազմաթիվ զոհերի և վիրավորների պատճառ դարձան:Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հղում Ձեզ, Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ մաղթելով ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։

Ձեզ հետ միասին աղոթում ենք բոլոր անմեղ զոհերի համար և մեր համերաշխությունն ենք հայտնում նրանց ընտանիքներին ու հարազատներին»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: