Հայերեն   English   Русский  

​Գիշերօթիկների լուծարում և նորի ստեղծում. երեխաների ճակատագիրը քննարկվել է Գյումրիում


  
դիտումներ: 976

Գյումրիում գիշերօթիկ հաստատությունների լուծարման և երեխաների հետագա ճակատագրի մասին վերջին օրերին շատ է խոսվել:

Խնդիրն այն է, որ կառավարությունը մտադիր է Հանրապետության 4 գիշերօթիկ հաստատություն լուծարել, որոնցից 2-ը Գյումրիում են: Այստեղ խնամք է ստանում 125 երեխա: Քննարկվում է երեխաներին ընտանիք վերադարձնելու քայլերը, քանի որ յուրաքանչյուր երեխա պետք է մեծանա իր ընտանիքում, սակայն Գյումրու հաստատություններ հաճախող երեխաների մեծ մասի պարագայում ընտանիք վերադարձը ռիսկային է հենց երեխայի համար: Երկու հաստատություններից 76 երեխայի պարագայում խիստ ռիսկային է համարվում տուն վերադարձը՝ նրանք չունեն բնակության հստակ վայր, ծնող-երեխա հուզական կապի բացակայություն կա, երեխան տանը ենթարկվում է սեռական և ընտանեկան բռնության, ծնողներն ունեն առողջական խնդիրներ, կան ընտանիքներ, որտեղ ծնողները վատ վարք ունեն, ընտանիքներ էլ կան, որտեղ անուշադրությունից ու խնամքի բացակայությունից մանկահասակ երեխաներ են մահանում: Ռիսկայնությունը այսպես է մեկնաբանում Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը խնդրով հրավիրված աշխատանքային քննարկման ժամանակ:

- Մեր խնդիրը ոչ թե հաստատություններ փակելն է, այլ որ յուրաքանչյուր երեխա ապրի իր ընտանիքում, ստեղծել այն բոլոր միջոցները, որ երեխան կարողանա հանգիստ ապրել ընտանիքում, - քննարկման սկզբում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի հիմնախնդիրների բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Քալանթարյանը:

Ըստ նրա, կատարվել է երեխաների և նրանց ընտանիքների խորքային գնահատում, առանձնացվել են դեպքերը: Նախարարության ներկայացուցիչը հայտարարում է՝ սոցիալական պայմանների պատճառով երեխան չպետք է հայտնվի խնամքի հաստատությունում, դրա համար պետությունը որոշակի աջակցության քայլեր է մշակում.

- Կան դեպքեր, երբ երեխայի ընտանիք վերադարձը բարձր ռիսկեր է պարունակում, բայց մենք պետք է համալիր աշխատանքներ իրականացնենք ընտանիքի հետ: Այսինքն, այս դեպքում դիտարկում ենք երեխայի կարճաժամկետ խնամքը, մինչև հետագա վերադարձի ընտանիքի պայմանները ամբողջությամբ ապահովված կլինեն, և այդ ընտանիքը համապատասխան աջակցություն ստանալով կգա այն մակարդակի, որ կարող է, այո, իր երեխային խնամել, - ասում է Անահիտ Քալանթարյանը և հավելում, որ միայն 2019 թվականի համար գիշերօթիկ 4 հաստատությունների համար պետական բյուջեից հատկացվել է 0.5 միլիարդ դրամ:

Ըստ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, այս խնդիրը շատ մութ կողմեր ունի և պետական մոտեցումը այստեղ ծայրահեղության է հասնում.

- Տարեկան 500-600 դոլար ընտանիքում, եթե հաշվենք բյուջեն՝ մեկ երեխային քիչ թե շատ տանելի կենցաղով ապահովելու համար, ընտանիքը չունի, այդ պատճառով երեխան հայտնվում է սոցիալական հաստատությունում, և մյուս կողմից, այդ նույն երեխային խնամքի հաստատությունում պահելու համար պետությունն օգտագործումէ 3500 դոլար:
Այս անհավասարությունը կվերացվի, և պետությունն աջակցություն կցուցաբերի ընտանիքներին՝ երեխաների խնամքը հենց ընտանիքում ապահովելու համար: Միայն 9 երեխայի պարագայում է, որ ընտանիք վերադառնալը նրանց կյանքի համար վտանգավոր է համարվում, սա նախնական գնահատմամբ, այս երեխաները կշարունակեն մնալ հաստատություններում, մինչև դրանց լուծարումը, ինչ կլինի դրանից հետո, նախարարության ներկայացուցիչը նշում է՝ քայլեր ենք մտածում:

Հարցին, թե ինչու նախապես ընտանիքին չեն պատրաստում, հետո երեխային ուղարկում տուն, Անահիտ Քալանթարյանն ասում է՝ նախ սա շատ հարմար ժամանակ է, ամառային արձակուրդներին երեխաները գտնվել են իրենց տանը, և նրանց ընտանիք վերադարձն ու ընտանիքի աջակցությունը միաժամանակ են լինելու:

- Պետությունը պատասխանատվություն է կրում բոլոր երեխաների առողջ միջավայրումմ ապրելու համար: Այսօր բոլորիս՝ պետության, միջազգային և հասարակական կազմակերպությունների ջանքերն ուղղվելու են այդ ընտանիքների հետ աշխատանքին և հետագա կապը պահելու համար: Եթե որևէ ձևով ընտանիքի հետ աշխատանքը հաջողություն չունենա, ծնողները չուզենան ստանձնել երեխայի խնամքը, արդեն մենք կքննարկենք երեխայի խնամքի այլընտրանքային ուղիները, որից առաջնային խնամատարությունն է:

Գյումրիում նախատեսվում է հիմնել ճգնաժամային աջակցության կենտրոն, որտեղ երեխաները կստանան կարճաժամկետ, 6-ամսյա խնամք, նաև անհրաժեշտության դեպքում՝ մայրիկի հետ, որոնք անհապաղ տեղավորման կարիք ունեն: Կենտրոնն աշխատելու է 24-ժամյա ռեժիմով և սպասարկելու է Շիրակի ու հարակից տարածաշրջաններին:
Երեխաների ճակատագրից զատ առկախ է մնում նաև Գյումրու երկու գիշերօթիկ հաստատությունների աշխատակիցների հետագա զբաղվածության խնդիրը:

- Գործազրկության ամենամեծ թիվ ունեցող մարզի համար 150 աշխատատեղի խնդիրը շատ կարևոր է, և այս տեսանկյունից ես սոց.նախարարությանն ու շահագրգիռ կողմերին պիտի խնդրեմ այս գործընթացի մյուս ծանրակշիռ թևում նաև դիտարկել մեր անձնակազմերի հետ կապված հարցը: Այս խնդիրը մեր մարզի համար խիստ առաջնային է, - աշխատանքային քննարկմանը հարց բարձրացրեց Շիրակի մարզպետը, ինչին ի պատասխան Անահիտ Քալանթարյանը նշեց. <Աշխատողների այն մասը, որոնք կհամապատասխանեն մեր ճգնաժամային աջակցության կենտրոնում աշխատելու չափանիշներին, միանգամից աշխատանքի կանցնեն այնտեղ: Աշխատանքներ ենք տանում նաև զբաղվածության կենտրոնի հետ>:

Հավելենք, որ Գյումրիում արդեն մի քանի պետական կառույցներ արդեն լուծարվել էին հունվարից, և որոնց աշխատակիցների զգալի մասը շարունակումէ մնալ գործազուրկ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: