Հայերեն   English   Русский  

Հանդիսավոր շքերթի համար փրկարար չէինք կարողանում գտնել. Ֆելիքս Ցոլակյան


  
դիտումներ: 61

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ԱԻՆ աշխատողի օրվան նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ ավելի քան 10 տարի է՝ ինչ մեր ժողովուրդը նշում է մոլորակի, թերևս, ամենամարդասիրական ուժային կառույցի՝ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրը:

«Ամենամարդասիրական, քանզի չնայած համազգեստ կրելուն եւ զինվորական կարգով ծառայությանը՝ փրկարարը երբեք չի պատժում եւ դակողի դեր չի կատարում, այլեւ վտանգելով սեփական կյանքն ու առողջությունը՝ կյանքեր է փրկում:

Այս առումով, փրկարարի մասնագիտությունը առաքելություն է, որն իր մեջ ամփոփում է ուժը, բարությունն ու փրկարարի այն բարձր կոչումը, որը սեր ու հոգատարություն է տածում բոլորի նկատմամբ»,–նշեց նա:

ԱԻՆ նախարարի խոսքով՝ այս ընթացքում քիչ բան չի արվել համակարգի համար. «Մեզ հաջողվել է զրոյական կետից ստեղծել մի կառույց, որն ունակ է օգնություն ցուցաբերել ոչ միայն մեզ, այլ նաեւ վտանգի ու դժբախտության մեջ գտնվող բարեկամ ժողովուրդներին, ինչը մենք բազմիցս ապացուցել ենք:

ԱԻՆ Փրկարար ծառայությունը այսօր իր ուրույն տեղն ունի համաշխարհային փրկարարական մեծ ընտանիքում: Մեր փրկարարներն իրենց հմտություններով չեն զիջում առաջադեմ պետությունների փրկարարներին։

Ասածս, իհարկե, չի նշանակում, որ ամեն ինչ կարգին է, եւ համակարգում անելիքներ այլեւս չկան: Կան, այն էլ որքան, սակայն դրանց մասին այսօր շատ քիչ եմ խոսելու»:

Ֆելիքս Ցոլակյանը շեշտում է՝ մենք էլ առաջադեմ երկրների ճանապարհով ենք գնում. «Փոխվում են ժամանակները, փոխվում են նաեւ մեր համակարգի մարտահրավերները, դրանց որակն ու աշխարհագրությունը։ Տեխնոլոգիական զարգացմանը զուգահեռ մեծանում է նաեւ աղետների ռիսկը, ինչը պետություններին, միջազգային հանրությանը, փրկարարական մեծ ընտանիքին, բոլորին պարտադրում է համախմբվել մեկ ընդհանուր նպատակի շուրջ, էլ ավելի զգոն լինել, ջանքեր ներդնել աղետակայուն պետություններ եւ աղետներին դիմակայելու պատրաստված ժողովուրդ ունենալու համար։ Աղետների հետեւանքները վերացնելը պետությունների եւ ժողովուդրների համար մի քանի անգամ ավելի թանկ հաճույք է, քան դրանց կանխարգելումը։ Ժամանակակից աշխարհը այս տրամաբանությամբ է առաջ շարժվում։

Ուրախությամբ պետք է նշեմ, որ ՀՀ կառավարության աջակցությամբ մենք եւս առաջադեմ երկրների ճանապարհով ենք գնում։ Փրկարարական գույք ձեռք բերելու համար կառավարությունը վերջին շրջանում պետական բյուջեից նախարարությանը տրամադրել է ավելի քան 260 միլիոն դրամ, հրշեջ-փրկարարական ջոկատների վերանորոգման համար՝ մոտ 1 միլիարդ դրամ:

Շատերն արդեն գիտեն, որ իմ առաջարկությամբ եւ վարչապետի պատրաստակամության արդյունքում՝ որոշում է կայացվել այս տարվա հոկտեմբերի 1-ից բարձրացնել փրկարարների աշխատավարձը: Ցավալի է, բայց պետք է նշեմ, որ առ այսօր փրկարարներն արել են անհնարինը չնչին աշխատավարձի դիմաց:

Հավաստիացնում եմ՝ այս որոշմանը մենք, մեր ժողովուրդը, բոլորը երկար տարիներ են սպասել: Մեր փրկարարները, իրոք, արժանի են բարձր գնահատանքի»:

ԱԻՆ նախարարը նկատում է՝ արտակարգ իրավիճակների եւ հատկապես հրդեհների առումով՝ այս տարին աննախադեպ էր ողջ աշխարհի համար. «Ցավոք, հրդեհները չշրջանցեցին նաեւ մեզ: Մենք ունեցանք մի շարք բարդ հրդեհներ, որոնց հետեւանքները կարող էին ճակատագրական լինել թե՛ պետության, թե՛ մեր ժողովրդի համար: Ասածս պատկերավոր ներկայացնելու համար ասեմ, որ հրդեհների քանակն ու մասշտաբները այնքան մեծ էին, որ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել էր նաեւ փրկարար ծառայության կենտրոնական ապարատը:

Գուցե զավեշտալի թվա, բայց այսօրվա հանդիսավոր շքերթի նախապատրաստական աշխատանքներին անգամ փրկարար չէինք կարողանում գտնել, որ փորձերին մասնակցի: Բոլորը հրդեհաշիջմանն էին մասնակցում:

Հպարտությամբ պետք է փաստեմ, որ մեր փրկարարները, եւ հատկապես շարքային կազմի տղաները, պատվով են կատարել իրենց առջեւ դրված խնդիրը՝ անմիջական վտանգի տակ դնելով սեփական կյանքերը: Հրամանները կատարել են սառնասրտությամբ, առանց տրտնջալու, առանց պաթոսի ու ձեւականությունների: Մեր տղաներից մի քանիսը դեպքի վայրում մի քանի օր անընդմեջ տքնելուց հետո այն աստիճանի էին ուժասպառ եղել, որ տունդարձի ճանապարհին վթարի են ենթարկվել, բայց հաջորդ օրը նորից շտապել են դեպքի վայր:

Ի՞նչ է սա, եթե ոչ հերոսություն։ Սա է իմ պատկերացրած փրկարարի տեսակը:

Ցոլակյանը չի ժխտում՝ համակարգում նվիրված փրկարարների կողքին կան նաեւ փրկարարի բարձր կոչման հետ որեւէ առնչություն չունեցող աշխատակիցներ. «Փրկարարը հերոս է: Իր հայրենիքի ու ժողովրդի հերոս-զինվորը, ով օր ու գիշեր կռիվ է տալիս հրդեհի, սողանքի, երկրաշարժի եւ մնացյալ աղետների դեմ, ով սահմանից այս կողմ ապահովում է իր քաղաքացու անվտանգությունն ու անդորրը:

Ահա այսպիսին է Հայ փրկարարի կերպարը, որից նվիրվածություն ու հոգատարություն է հորդում համակարգի, կողքինի, հարեւանի, բարեկամի, եւ անգամ չարկամի նկատմամբ:

Ցավոք՝ իսկական փրկարարի կողքին կան նաեւ փրկարարի համազգեստ կրող, բայց փրկարարի բարձր կոչման հետ որեւէ առնչություն չունեցող աշխատակիցներ:

Այդպիսիք նկատվում են ծառայության ինչպես կրտսեր, այնպես էլ ավագ, գլխավոր եւ անգամ բարձրագույն խմբերում:

Վստահեցնում եմ, որ սրանք մասնավոր դեպքեր են եւ ժամանակի ընթացքում շտկելի, քանզի փրկարարի այդ տեսակը տեղ չունի պատվախնդիր փրկարարների կողքին»:

ԱԻՆ նախարարը իր ելույթն ավարտեց ԱԻՆ աշխատակիցներին ուղղված շնորհավորանքներով. «Շնորհավորելով բոլորիս ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ՝ ցանկանում եմ փաստել, որ ԱԻՆ համակարգի յուրաքանչյուր աշխատակից, անկախ զբաղեցրած պաշտոնից, փրկարար է: Ավելին՝ 1988 թվականի աղետալի դեպքերը ապացուցեցեին, որ մեր յուրաքանչյուր քաղաքացին է փրկարար: Ի տարբերություն այլ ժողովուրդների՝ Աստված օժտել է մեր ժողովրդին հարազատի ու բարեկամի ցավով վշտանալու, նրա ուրախությամբ ցնծալու, պետք եկած ժամանակ համախմբվելու հատկանիշով: Հավատացե՛ք, սա կարեւոր ազգային արժանիք է, որը պետք է օգտագործենք ոչ միայն աղետների հետեւանքներ վերացնելու, այլ նաեւ՝ դրանց կանխարգելման դեպքում:

Ասածիս վառ ապացույցն է Սյունիքի, Վայոց Ձորի եւ այլ տեղերի հրդեհների դեմ պայքարում Շրջակա միջավայրի նախարարության ստորաբաժանումների, բանակի, ոստիկանության, համայնքների եւ բնակիչների ակտիվ մասնակցությունը հրդեհաշիջման աշխատանքներին, ինչի համար եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում բոլորին:

Սիրելի՛ փրկարարներ,

վերստին շնորհավորում եմ այս սուրբ մասնագիտական տոնի կապակցությամբ: Արեւշատություն եւ հաջողություններ եմ մաղթում Ձեզ եւ ձեր ընտանիքներին:

Դուք բարի գործ եք անում, Դուք Աստվածահաճո առաքելություն եք իրականացնում, ինչը գնահատվում է ձեր անմիջական ղեկավարության, եւ, որ ամենապատվաբերն է՝ մեր ժողովրդի կողմից:

Շնորհակալ եմ Ձեր ծառայության համար: Խիղճ եւ խաղաղություն բոլորիս»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: