Հայերեն   English   Русский  

Գյուղական դպրոցները հետաքրքիր չեն ուսուցիչներին ու պետությանը


  
դիտումներ: 1111

Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի դպրոցներում մանկավարժների թափուր հաստիքներ կան, որոնք տարիներ շարունակ չեն համալրվում: Պատճառն այն է, որ գյուղերում դասաժամերը քիչ են, աշակերտները՝ քիչ, հետևաբար աշխատավարձը գրավիչ չէ մանկավարժի համար:

Եթե հաշվի առնենք, որ գյուղերում, որպես կանոն, չկան մանկավարժական կադրեր, մեծ մասամբ մարզկենտրոն Գյումրիից են մանկավարժները, ապա ստացվում է չնչին աշխատավարձ՝ գումարած ճանապարհածախս, արդյունքում մանկավարժը ֆինանսապես տուժում է:

Վերջին 4 տարում Շիրակի մարզի տարբեր գյուղերում ի վերջո հնարավոր է եղել մանկավարժների թափուր հաստիքների համալրման համար մրցույթ իրականացնել: Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանն ասում է՝ տարիներ շարունակ ուսուցչի թափուր հաստիքներ են համալրվել շնորհիվ «Դասավանդիր Հայաստան» ծրագրի հետ համագործակցության:

Բայց դա չի նշանակում, որ գյուղական դպրոցներում թափուր հաստիքներ այլևս չկան: Հայոց լեզվի և գրականության ուսուցչից մինչև ֆիզկուլտուրայի ուսուցիչ ու զինղեկ՝ թափուր հաստիքների համար հիմա էլ է մրցույթ հայտարարված:

Մարզի գյուղերում նույն առարկայի ուսուցիչը միաժամանակ դաս է պարապում տարբեր դասարանի աշակերտների հետ երկկոմպլեկտ և եռակոմպլեկտ դասարաններում, դպրոցական պայմաններն էլ մի բան չեն: Գյուղերն էլ քիչ-քիչ դատարկվում են, հատկապես՝ Վրաստանին ու Թուրքիային սահմանակից գյուղերը: Երբ դպրոցներն էլ դադարեն գործել, այս գյուղերն իսպառ հայաթափ կլինեն:

Պետական մոտեցում այս խնդրին չկա, դրա վառ օրինակը Բերդաշենն է:

2014 թվականի աշնանն է այրվել Բերդաշենի դպրոցի մի հատվածն ու տանիքը: Հրդեհից հետո դպրոցում ուսումնական պարապմունք այլևս չի կազմակերպվում: Այն ժամանակ դպրոցը 50 աշակերտ ուներ, պետական այրերն էլ նպատակահարմար չեն գտել 50 երեխայի համար դպրոց նորոգել: Ավելին, Բերդաշենի դպրոցականները դեպքից հետո դասի են հաճախել հարևան Զորակերտ գյուղի դպրոցում: Մարդիկ սկսել են արտագաղթել գյուղից արդեն ընտանիքներով: Ի դեպ, այսօր դատարկվող Բերդաշենը խոշորացված Արփի համայնքի կենտրոնն է, և համայնքային կենտրոնը դպրոց չունի:

Մարիամ Խալաթյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: