Հայերեն   English   Русский  

Ցուցահանդես, որտեղ ներկայացվեց Հին ու Նոր Երևանն իր ամբողջ հմայքով


  
դիտումներ: 499

Անկախ լրատվականը իր նախորդ հրապարակումներում անդրադարձել էր Հայաստանում անցկացվող առաջին միջազգային լուսանկարչական փառատոնին՝ ֆոտոֆեստին։

Այսօր Հայկական միջազգային առաջին լուսանկարչական փառատոնի շրջանակում «Ֆոտոլուր» գործակալությունն անցկացրեց ցուցահանդես` ներկայացնելով լուսանկարներ, որոնցում պատկերված է Հին և Նոր Երևանն իր ամբողջ հմայքով:

Ցուցահանդեսը բացվեց սեպտեմբերի 10-ին Երևանի պատմության թանգարանում:

«Այստեղ գործակալության արխիվի մի փոքր մասն է ցուցադրված` քառասուն կամ հիսուն լուսանկար: Մեր հարուստ արխիվում են հորս` Նեմրութ Բաղդասարյանի, եղբորս` Հերբերտ Բաղդասարյանի, իմ աշխատանքները:

Լուսանկարիչների ընտանիք ենք. այսօր ֆոտոլրագրությամբ են զբաղվում որդիներս` Հայկն ու Վահրամը»,-պատմեց լուսանկարիչ, «Ֆոտոլուր» գործակալության տնօրեն Մելիք Բաղդասարյանը:

Նա շեշտեց, որ լուսանկարը ստեղծվելու պահից դառնում է պատմություն, իսկ երբ ժամանակ է անցնում, այն ավելի է արժևորվում: Բաղդասարյանի խոսքով` մենք հաճախ վատ ենք զգում, որ Հին Երևանից շատ բան ենք կորցրել, բայց պետք է տեսնել, որ շատ բան ենք ձեռք բերել այսօր:

Հին և Նոր Երևանի լուսանկարները մեկ հարթակում ներկայացնելով` լուսանկարիչը ցանկացել է ցույց տալ, որ ոչ միշտ է Հին Երևանը հրաշալի և պետք է գնահատել այն դրական առաջընթացը, որը կա ներկայիս Երևանում: «Լուսանկարներով տեսնում ես պատմությունը»,-նշեց նա:

Ցուցահանդեսի կազմակերպիչներից Տաթևիկ Մնացականյանն էլ ասաց, որ Երևանը մշտապես բոլորի սրտերում է: «Մայրաքաղաքի գեղեցիկ պատկերներն ամեն վայրկյան կարող ենք ֆիքսել լուսանկարչության միջոցով: Դա փաստ է, պատմություն է: Այս լուսանկարներում Հին և Նոր Երևանն է: Շատերը պնդում են, որ մենք կորցնում ենք Հին Երևանը: Ցուցահանդեսում մարդիկ կարող են զմայլվել և’ հնով, և’ նորով»,-ընդգծեց նա:

Միջոցառմանը Մելիք Բաղդասարյանը Երևանի լուսանկարներով սկավառակ նվիրեց Երևանի պատմության թանգարանին` արխիվը հարստացնելով վաթսուն աշխատանքով:

Հայկական միջազգային առաջին լուսանկարչական փառատոնին մասնակցում են լուսանկարիչներ 20 երկրից՝ Ճապոնիայից, Դանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Բելառուսից, Շվեյցարիայից, ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից և այլն: Լուսանկարների 39 տաղավար է լինելու ամբողջ Երևանում:

Լուսանկարները ցուցադրվելու են «Զվարթնոց» օդանավակայանից սկսած մինչև Նախագահի նստավայր, դրանք փակցված կլինեն նաև Հովհաննես Թումանյանի թանգարանում, Երևանի մետրոպոլիտենի երկու կայարանում և մի շարք այլ վայրերում:

Փառատոնն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի հովանու ներքո և տևելու է մեկ ամիս՝ մինչև սեպտեմբերի 24-ը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: