Հայերեն   English   Русский  

​Կուսակցությունների նկատմամբ վստահության ճգնաժամ


  
դիտումներ: 1108

Հասարակությունը կուսակցություններին չի վստահում. սա միտում է, որ հանդիպում է գրեթե բոլոր ժամանակներում և բոլոր հասարակություններում: Կուսակցությունները, ըստ հարցումների արդյունքների, հասարակության մեջ ընտրողների վստահությունը վայելելու առումով բնավ էլ առաջին ինստիտուտը չեն: Ողջ աշխարհում: Օրինակ` Շվեյցարիայում կուսակցություններին վստահում է հարցվածների միան 12%-ը: Կուսակցություններին նրանք վստահում են ավելի քիչ, քան բանակին, եկեղեցուն և դատարաններին:

Հայաստանում վաղուց են նկատել, որ առավել ակտիվ քաղաքական կուսակցությունները զբաղված են սեփական շահերի պաշտպանությամբ, ինչ-ինչ հավակնություններով ու խիստ նեղ նպատակներով: Սրա պատճառները բազմաթիվ են՝ շարունակաբար կեղծվող ընտրություններ, գաղափարազուրկ ընդդիմություն, քաղաքացիական հասարակության ինստիտուտների, քաղաքական մշակույթի գործառության ոչ բավարար մակարդակ և այլն: Այս կարծիքն ապացուցվում է նաև հետազոտական տվյալներով: Հայաստանում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ «Կուսակցությունները սպասարկում են ոչ թե ժողովրդի, այլ իրենց ղեկավարների շահերը» տեսակետին համաձայն է Հայաստանի չափահաս բնակչության 89.5%-ը: Սա լուրջ ցուցանիշ է:

Անհերքելի է նաև, որ ամբողջ աշխարհում կուսակցությունները շարունակում են մնալ քաղաքական դաշտում հանրության շահերը ներկայացնող հիմնական հզոր ինստիտուտը: Արդի ժողովրդավարական վարչակարգերն առանց կուսակցությունների գոյություն ունենալ չեն կարող:

Այսուհանդերձ, հայաստանյան ներքաղաքական վերջին իրադարձություններից հետո կուսակցությունների նկատմամբ հանրության վերաբերմունքը սուր երանգներ է ստանում: Հայ հասարակության համար խիստ կարևոր է կայունությունն ու անվտանգությունը, քաղաքացին գնում է ընտրությունների` քվեարկելու կայունության օգտին, հույս ունի, որ իշխանական-ոչ իշխանական կուսակցություններն իրենց ակտիվությամբ որոշ խնդիրներ կլուծեն:

Սակայն, մինչ Հայաստանի օրենսդիր մարմնում` խորհրդարանում, քննարկվում է երկրի կառավարման ճգնաժամի առկայության կամ բացակայության հարցը, նույն քաղաքական կուսակցությունները չեն գիտակցում, որ իրենց ստեղծած կառույցների հեղինակությունը նվազում ու նվազում է: Կուսակցություն ինստիտուտն օր- օրի արժեզրկվում, հեղինակազրկվում է Հայաստանում:

Սխալված չենք լինի, եթե ասենք, որ հասարակության և պետության միջնորդավորման կուսակցական ձևն այս պահին սպառել է իրեն: Պատճառներն, ինչպես նշեցինք, տևական են ու խորքային: Հասարակական կարծիքի հարգանքի բացակայությունը ոչ միայն կառավարման, այլև քաղաքական, կուսակցական համակարգի ճգնաժամի մասին է վկայում:

Ընտրություններից հետո քաղաքացիների համար կուսակցությունների հեղինակությունն ուղիղ համեմատական է նրանց ցույց տված աջակցության հետ, իսկ այս պահին քաղաքական դաշտում գործող կուսակցություններից յուրաքանչյուրն ունի հասարակությանը դավաճանելու իր ուրույն պատմությունը, որը թույլ չի տա նորից վստահության արժանանալ:

Երբ հասարակությունը գործող քաղաքական կուսակցություններից որևէ մեկի հետ չի նույնացնում իր պահանջներն ու ակնկալիքները և միայն ժամանակավոր է աջակցում դրանց, միայն թե իր ձայնը լսելի դարձնի, երկրի իշխանությունները սկսում են կորցնել կապը հանրության հետ` կորցնելով այդպիսով ստանձնած պարտականությունների պատասխանատվության զգացողությունը:

Թվում է` Հայաստանում կուսակցությունների մեծ բազմազանության պայմաններում հասարակությունը պառակտված պիտի լինի գաղափարական տարբեր ուղղությունների, բայց արի ու տես, որ անգամ կուսակցությունների անդամների ու ղեկավարության կապն է իրականում խզված:

Հիշեցնենք, որ քաղաքական կուսակցություն ինստիտուտին բնորոշ է իշխանության, դրա պահպանման ու վերահսկման ձգտումը, բայց դա չի նշանակում մարդկանց իշխելու նպատակ: Այդ նպատակն էլ այսօր իսպառ կտրում է հասարակություն-կուսակցություն կապն ու առաջացնում վստահության, հեղինակության անկում, իսկ երկրի ապագայի հանդեպ՝ հավատի կորուստ: Վստահության ճգնաժամը հնարավոր կլինի հաղթահարել միայն պետություն-հասարակայնություն նոր կամ ձևափոխված մոդելների միջոցով:

Այս ճգնաժամի պայմաններում նոր առաջարկի պահանջ կա հասարակության մեջ, հարցն այն է, թե ով կօգտվի դրանից, ինչ ձևաչափով ու ինչ նպատակով: Իրավիճակից բոնուս կարող են ստանալ միանգամայն այլ քաղաքական ուժեր, և Հայաստանում հիմնական պայքարը կսկսվի հենց այդ բոնուսի համար:

Արմինե ԱՎԵՏԻՍՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: