Հայերեն   English   Русский  

​Արթուր Ալեքսանյանի վնասվածքով հաղթանակը


  
դիտումներ: 547

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության 97 կգ քաշային կարգում գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն առաջին գոտեմարտը անցկացրեց Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Հաբովիկի հետ:

Գյումրեցի Սպիտակ Արջը նրան հաղթեց 5:0 հաշվով: Հաջորդ գոտեմարտում Ալեքսանյանը 10:0 հաշվով պարտության մատնեց Ֆինլանդիայի ներկայացուցիչ Կուոսմանեին:

1/8 եզրափակչում Արթուրը 4:2 հաշվով առավելության հասավ Թուրքիան ներկայացնող Ջենք Իլդեմի նկատմամբ, չնայած, գոտեմարտի ավարտից 1 րոպե առաջ թուրք մարզիկը ձևական իրավիճակ ստեղծեց՝ իբր Արթուրը հարվածել էր իր աչքին, ինչի համար մրցավարը նրան շնորհեց 2 միավոր:

Շիրակի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչիկ Վարդանյանը Անկախի հետ զրույցում նշեց, որ Իլդեմի հետ Արթուրը շատ անգամներ է գոտեմարտել ու միշտ հաղթել է նրան:

- Իլդեմը ՛՛տրիբաջիություն՛՛արեց, թե իբր Արթուրը հարվածել է իրեն, բայց դա հարված չէր, - ասում է Վարդանյանը: Սակայն մրցավարները տեղի են տալիս մարզիկի ձևականություններին ու միավոր նվիրում թուրք ըմբիշին:

Արդեն 1/4 եզրափակչում Ալեքսանյանը 4/3 հաշվով հաղթանակ տարավ իրանցի մարզիկ Սարավիի նկատմամբ: Դժվար ընթացք ունեցավ Արթուր Ալեքսանյան-Գեորգի Մելիա գոտեմարտը: Վաչիկ Վարդանյանը այն բնութագրեց որպես ծանր գոտեմարտ, նշեց՝ վրացի ըմբիշի պինդ լինելը.

- Որքան տեղյակ եմ՝ վրացի ըմբիշի հետ գոտեմարտելիս Արթուրն արդեն կողի վնասվածք ուներ, - մեկնաբանում է Վարդանյանն ու ավելացնում Արթուրին խանգարում էր և վնասվածքը, և հոգնածությունը. վիճակահանությամբ պայմանավորված Արթուր Ալեքսանյանը ավելի շատ՝ 5 գոտեմարտ է անցկացրել:
Վերլուծելով այսօր Արթուրի մրցելույթները, սպորտի բաժնի պետը նշում է՝ շատ լավ գոտեմարտեր է անցկացրել մեր չեմպիոնը, չնայած պայքարի ժամանակ ծագած խնդիրներին, գյումրեցի Սպիտակ Արջը կարողացավ իր բոլոր գոտեմարտերն ավարտել հաղթանակով և վաղը պայքարել աշխարհի քառակի չեմպիոնի տիտղոսի համար:

- Նրան հատկապես շատ օգնեց իր փորձը, ֆիզիկականը բարձր հիմքերի վրա էր, - Արթուրի գոտեմարտերի մասին այսպես է արտահայտվում Վաչիկ Վարդանյանը և հույս հայտնում, որ վնասվածքը չի խանգարի վաղվա հաղթանակին:

Աշխարհի առաջնության եզրափակչում Արթուր Ալեքսանյանը գոտեմարտելու է Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևի հետ: Երկու մարզիկները վերջին տարիներին հասցրել են հաղթել միմյանց: Արթուր Ալեքսանյանը աշխարհի եռակի չեմպիոն դարձավ հենց Եվլոևին հաղթելուց հետո: Ի դեպ, աշխարհի հզոր այս երկու մարզիկների անձնական մարզիչներն էլ գյումրեցի են:

Վաղը՝ սեպտեմբերի 16-ին մրցահարթակ է դուրս գալու նաև գյումրեցի ըմբիշ Կարապետ Չալյանը: Նա գոտեմարտերը սկսում է 1/16 եզրափակչից, մրցակիցը ճապոնացի ըմբիշ Շոհեի Յաբիկուն է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: