Հայերեն   English   Русский  

«Պատիվ ունեմ». պաշտոնից ազատված Օսիպյանը հայտարարություն է տարածել


  
դիտումներ: 128

ՀՀ ոստիկանապետի պաշտոնից ազատված Օսիպյանը շնորհակալ է բոլոր նրանց, ում հետ երկար ու դժվար ճանապարհ է անցել ծառայությունն իրականացնելու գործում:

Նա բոլորին մաղթել է բարի ու անձնվեր ծառայություն, անսասան հավատարմություն սպայի պատվին ու արժանապատվությանը։

ՀՀ նախկին ոստիկանապետը խոստանում է պաշտոնից հեռանալու մասին խոսել հետագայում։ Այս մասին նշված է նրա տարածած հայտարարության մեջ։

«Ես ողջ կյանքում ծառայել եմ պետությանն ու ժողովրդին, օրենքին ու արդարադատությանը՝ բացառապես ուղենիշ ու չափորոշիչ ունենալով սպայի պատիվն ու արժանապատվությունը: Այսուհետ էլ շարունակելու եմ ծառայել իմ ժողովրդին սկզբունքի ու բարոյականության նույն չափանիշներով: Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում»,– նշել է նա:

Օսիպյանը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին ոստիկանի աշխատանքը գնահատելու և իրականացված փոփոխություններն արժևորելու համար, շնորհակալություն համակարգի ողջ անձնակազմին՝ շարքայինից մինչև գեներալ, շնորհակալություն ոստիկանության զորքերին, շնորհակալություն ոստիկանության պետին կից հասարակական խորհրդին, ԶԼՄ-ներին՝ պետության համար բարդ և պատասխանատու փուլում մեր կողքին կանգնելու համար:

«Շնորհակալություն բոլոր նրանց, ում հետ երկար ու դժվար ճանապարհ եմ անցել մեր ազնիվ ծառայությունն իրականացնելու գործում: Մաղթում եմ բոլորին բարի ու անձնվեր ծառայություն, անսասան հավատարմություն սպայի պատվին ու արժանապատվությանը, որոշում կայացնելու վճռականություն և պատրաստակամություն: Շնորհակալ եմ բոլորին պրոֆեսիոնալ և անմնացորդ ծառայության համար: Պատիվ ունեմ»,– եզրափակել է նա:

Նշենք, որ Օսիպյանը պաշտոնից ազատվել է այսօր` սեպտեմբերի 18-ին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրամանն է ներկայացրել նրա ազատման միջնորդագիրը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն էլ ստորագրել է ազատման հրամանագիրը։

Հիշեցնենք, որ Օսիպյանը ոստիկանապետ էր նշանակվել 2018–ի մայիսի 10-ին` «թավշյա հեղափոխությունից» հետո։ Մինչ այդ` 2012թ.–ի սեպտեմբերից մինչ 2018–ի մայիսը, եղել է Ոստիկանության Երևանի վարչության պետի տեղակալը։

2009-2010 թթ. Օսիպյանը ՀՀ ոստիկանության գնդի հրամանատարի տեղակալ է եղել, 2010-2011 թթ.՝ գնդի հրամանատար, 2011-2012 թթ.-ին` Երևանի վարչության հասարակական անվտանգության բաժնի պետ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: