Հայերեն   English   Русский  

Այս նախագիծը մեծագույն հարված է ժողովրդավարությանը Հայաստանում․ քաղաքագետ


  
դիտումներ: 805

«Պատահականություններ բնության մեջ, իհարկե, լինում են։ Բայց քիչ հավանական է, որ սա պատահականություն է»,- ասում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ մեկնաբանելով ԱԱԾ պետի և ոստիկանապետի հրաժարականը և այդ երկու պաշտոնները քաղաքական դարձնելու օրենսդրական նախաձեռնությունը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու առաջարկը։ Ըստ այդմ՝ այս երկու ուժային կառույցների ղեկավարները պետք է բավարարեն ընդամենը պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները, այն է՝ լինել 25 և բարձր տարիքի անձ, որը վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի է եղել, վերջին 4 տարում մշտապես բնակվել է Հայաստանում և տիրապետում է հայերենին։ Մինչդեռ օրենսդրական ներկա կարգավորմամբ ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի պաշտոններում նշանակվելու համար պարտադիր պայման է համարվում այդ համակարգերում բարձրագույն խմբի պաշտոն կամ առնվազն 3 տարի գլխավոր խմբի պաշտոն զբաղեցրած լինելն ու գնդապետից ոչ ցածր կոչում ունենալը:

Օրինագծի հիմնավորումն այն է, որ ներկա կարգավորմամբ «կարևոր ուժային կառույցների ղեկավարներին պետության ղեկավարը կաշկանդված է նշանակել նույն համակարգում ծառայություն անցած անձանց շրջանակից, ինչը բացարձակապես անընդունելի կարգավորում է»:

Ուշագրավ է, որ իշխանություններին նման ձեռնտու օրինագիծն օրակարգ է բերել ընդդիմադիր համարվող քաղաքական ուժը։ «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները լրագրողների հետ զրույցում հերքել են, որ իշխանությունների ծրագիրն են առաջ տանում և մեկնաբանել, որ օրինագիծը տեղավորվում է իրենց առաջարկած փոփոխությունների տրամաբանությունում․ առաջարկել էին Ոստիկանությունը և ԱԱԾ-ն դուրս բերել վարչապետի ենթակայությունից, դարձնել նախարարություններ և տեղափոխել ԱԺ վերահսկողության դաշտ։ Այս առաջարկը մերժվել է, սակայն ընդունվել է պաշտոնները քաղաքական դարձնելու առաջարկը։

«Նույնիսկ իշխող ֆրակցիան չհամարձակվեց նման առաջարկություն անել՝ համարելով, որ սա իրենց նկատմամբ մեղադրանք կառաջացնի։ Իշխանությանը շատ հարմար էր, որ նման առաջարկ աներ ընդդիմություն կոչվող ուժը, որպեսզի ասեին՝ նայեք, մենք ընդառաջում ենք ընդդիմությանը։ Սա իմ կարծիքով՝ պայմանավորվածություն է եղել, բայց դա, համենայնդեպս, ենթադրություն է»,- ասում է Ստեփան Դանիելյանը։

Հարցին, թե արդյոք այս օրինագծով ընդդիմությունը չի կորցնում ընդդիմադիրի իր դեմքը, Դանիելյանը պատասխանում է․ «Կորցնում է, թե ոչ, իրենց որոշելիքն է։ Բայց պետք է հասկանալ, որ շատ երկար ժամանակ իրենց հիշեցնելու են դա։ Եվ հաջորդ հերթական կամ արտահերթ ընտրությունների ժամանակ իրենք պետք է կարողանան այդ հարցին պատասխանել, որպեսզի ընկալվեն որպես անկախ կուսակցություն»։

Դանիելյանն ասում է, որ ուժային կառույցների ղեկավարները կարող են լինել քաղաքական անձինք; Այդպիսին է, օրինակ, պաշտպանության նախարարը, այդպիսին է ժամանակին եղել ներքին գործերի նախարարը։ Բայց ոստիկանությունն ու ԱԱԾ-ն նախարարություններ չեն։

«Պատահական չէ, որ նախարարի պաշտոնը համարվում է քաղաքական․ իրենք ունեն լրիվ այլ կարգավիճակ և պատասխանատու են խորհրդարանի առջև։ Ժողովրդավարական երկրներում ոչ միայն վարչապետը, այլ նաև նախարարներն են առանձին-առանձին հաստատվում խորհրդարանի կողմից։ Մեզ մոտ միայն վարչապետն է ձևավորում կառավարությունը, ինչը ոչ ժողովրդավարական համակարգ է։ Հիմա բերել խորհրդարանհի առաջ ոչ պատասխանատու և վարչապետին ենթական ուժային կառույցների ղեկավարներին տալ քաղաքական պաշտոն, դա նշանակում է նույնիսկ այդ համակարգի ներսից որոշակի կանոնակարգերը հաշվի չառնել»,- ասում է Դանիելյանը։

Նա նշում է՝ եթե թեկնածուն համակարգի ներսից է, նշանակում է՝ անցել է որոշակի ճանապարհ, պահպանում է որոշակի էթիկական կանոնակարգեր, բացի այդ, վարչապետը կաշկանդված է լինում համակարգի առումով պատահական մարդկանց նշանակելու։

«Այս նախագիծը մեծագույն հարված է ժողովրդավարությանը Հայաստանում և ուժեղացնում է վարչապետի լիազորությունները մինչև վտանգավորության աստիճան։ Այս նախագիծը պետք է դատապարտվի»,- ասում է Դանիելյանը։

Անդրադառնալով ոչ համակարգի ներկայացուցիչ անձանց այդ երկու պաշտոններում նշանակելու վտանգներին՝ Դանիելյանն ասում է, որ հաշվի առնելով մեր իրականությունը՝ վտանգները շատ են։ «Մենք պետք է իրականությունից ելնենք, որ գործող ուժը շատ ոչ իրավաչափ հայտարարություններ ու գործողություններ է անում, օրինակները բազմաթիվ են։ Հաշվի առնելով այդ իրողությունները՝ սա շատ վտանգավոր է։ Երբ համակարգից են մարդիկ լինում, իրենք հասկանում են, որ իշխանությունը կարող է փոխվել, և իրենք պատասխանատվության կեթնարկվեն։ Մյուս կողմից՝ իրենք կաշկանդված են, որովհետև այդ համակարգում ծառայել են, այդտեղ ունեն ծառայակից ընկերներ և շատ քայլերից կարող են հրաժարվել։ Մենք դա տեսանք Վանեցյանի օրինակով։ Եթե քաղաքական անձ լինի, չեմ կարծում, որ Վանեցյանի նման նամակով հանդես կգա, եթե դրա կարիքը լինի»,- ասում է Դանիելյանը՝ մտավախություն հայտնելով, որ քաղաքական ուժային պաշտոնյաների համար առաջնայինը կարող է լինել վարչապետի հրամանը, ոչ թե համակարգի առջև պատասխանատվությունը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: