Հայերեն   English   Русский  

​Կիևը հրապարակեց Սայդիկին ուղղված նամակի տեքստը, որում համաձայնություն է տալիս «Շտայնմայերի բանաձևին»


  
դիտումներ: 505

Դոնբասում կոնֆլիկտի կարգավորման Շփման խմբում Ուկրաինայի լիազոր ներկայացուցիչ Լեոնիդ Կուչմայի մամլո քարտուղար Դարյա Օլիֆերը հրապարակել է խմբում ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Մարտին Սայդիկին ուղղված նամակի պատճենը, որում ասվում է «Շտայնմայերի բանաձևին» Կիևի հավանություն տալու մասին:

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Օլիֆերի ֆեյսբուքյան էջին:

«Ուկրաինական կողմն ընդունում է այդ բանաձևի տեքստը»,- ասված է նամակում: Ընդ որում, դրանում «Շտայնմայերի բանաձևի» վերջնական խմբագրված տարբերակն է, ըստ որի՝ այն պետք է ամրագրվի Ուկրաինայի օրենսդրությունում:

Օլիֆերն ընդգծել է, որ հենց այդ նամակն է Կուչման ստորագրել նախօրեին Մինսկում Շփման խմբի նիստի ժամանակ:

Երեկ, ըստ Դոնբասում կոնֆլիկտի կարգավորման Շփման խմբի նիստի արդյունքների, Ռուսաստանի ներկայացուցիչ Բորիս Գրիզլովը հայտնել է, որ բոլոր մասնակիցները համաձայնացրել են «Շտայնմայերի բանաձևը» ուկրաինական օրենսդրությունում կիրարկելու համար և նշել է, որ «այդ կերպ համաձայնեցվել է Դոնեցկի և Լուգանսկի առանձին շրջանների հատուկ կարգավիճակի մասին օրենքը գործողության մեջ դնելու կարգը»:

Ինչպես երեկ հաղորդել են ՏԱՍՍ-ի՝ Մինսկի բանակցություններին մոտ կանգնած աղբյուրները, «բոլոր կողմերը ստորագրել են ԵԱՀԿ-ի հասցեին նամակները ծանուցումով, որ յուրաքանչյուր կողմը պաշտպանում է բանաձևը և դրա կատարումը»: Մեկնաբանելով Շփման խմբի երեկ տեղի ունեցած նիստը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ Կիևն իրականում պատասխանել է Սայդիկի նամակին և համաձայնեցրել է բանաձևի տեքստը, սակայն ավելացրել է, որ այժմ Ուկրաինան դեռ պետք է ներառի այն տարածաշրջանի հատուկ կարգավիճակի մասին նոր օրենքում: Զելենսկին ասել է, որ այդ օրենքն ընդունվելու է խորհրդարանի կողմից նոր խմբագրությամբ մինչև տարվա վերջը, հասարակայնության հետ քննարկելուց հետո:

Շտայնմայերի բանաձևը

Ձգտելով ելք գտնել Կիևի կողմից Դոնբասին մշտական հիմունքներով հատուկ կարգավիճակ շնորհելու օրենքի արգելափակումից, ինչը նխատեսված էր Մինսկի համաձայնագրերով, ԳԴՀ-ի նախկին նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը դեռ 2015 թ. առաջարկել էր այն ուժի մեջ մտցնելու հատուկ կարգ: Այն ենթադրում է, որ Ուկրաինայի այդ տարածաշրջանի հատուկ կարգավիճակը կտրվի ժամանակավոր հիմունքներով այնտեղ արտահերթ ընտրությունների օրը: Մշտական հիմունքներով այն կսկսի գործել միայն ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի՝ քվեարկության արդյունքների օրինականությունը հաստատող հաշվետվությունից հետո:

Այդ դաղափարն այնուհետև հավանության է արժանացել 2015 թ. հոկտեմբերի 2-ին Փարիզում, «նորմանդական քառյակի» հանդիպման ժամանակ: Սակայն հետագայում Կիևը սլսել է լրացուցիչ պայմաններ դնել: Միայն Ուկրաինայի նոր նախագահ Վլադիմիր Զելենսկու պաշտոնի անցնելուց հետո ուկրաինական իշխանությունները համաձյնեցին վերադառնալ այդ հարցի քննարկմանը:

Սեպտեմբերին «նորմանդական քառյակի» ղեկավարների խորհրդականները մի շարք խորհրդակցություններից հետո պայմանավորվեցին, որ «Շտայնմայերի բանաձևի» նկարագրությամբ տեքստը պետք է ստորագրվի Շփման խմբի բոլոր մասնակիցների կողմից որպես Մինսկի համաձայնությունների մյուս դրույթների աստիճանական իրականացման և Գերմանիայի, Ռուսաստանի. Ուկրաինայի և Ֆրանսիայի առաջնորդների նոր հանդիպման պատրաստության առաջին քայլ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: