Հայերեն   English   Русский  

​Անցնող շաբաթն աշխարհում


  
դիտումներ: 768

Դժվարին շաբաթ էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար, քանի որ շարունակվում էր նրա և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցի հետ կապված աղմուկը, ինչը իր նկատմամբ իմփիչմենթի գործընթաց սկսելու պատճառ դարձավ:

Դեմոկրատները մեղադրում են Թրամփին օտարերկրացիներին ամերիկյան նախընտրական քարոզարշավում ներքաշելու մեջ, նա էլ՝ դեմոկրատներին՝ ընդհուպ նրանց մեջ դավաճաններ փնտրելով և սկսված գործընթացը որակելով «վհուկների որս»:

Շաբաթվա սկզբին, օրինակ, Թրամփը պետական դավաճանության մեջ մեղադրեց դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆֆին Համայնքների պալատում վերջինիս ունեցած ելույթի պատճառով: Թրամփը համոզված է, որ Շիֆֆը միտումնավոր խեղաթյուրում է հեռախոսազրույցի բովանդակությունը:

Ավելին, իր թվիթերում Թրամփը հայտարարեց, որ տեղի ունեցողը ոչ թե իմփիչմենթ է, այլ պետական հեղաշրջում, որի նպատակն է խլել «մարդկանցից իշխանությունը, ձայները, ազատությունը», ինչպես նաև «Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներին Աստծո տված իրավունքները»:

Դոնալդ Թրամփի նկատմամբ սկսված իմփիչմենթի գործընթացի շրջանակներում առաջին պաշտոնյան, որ հարցքննվեց, ԱՄՆ նախկին հատուկ ներկայացուցիչ Կուրտ Ուոքերն էր: Նրա հարցաքննությունը տևեց 10 ժամ:

Այս իրավիճակում ԱՄՆ նախագահի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանին էլ չեղարկել էր իր մասնակցությունը Հայաստանում կայանալիք խորհրդաժողովին՝ կազմակերպված Եվրասիական տնտեսական միության աջակցությամբ: Բայց ըստ երևույթին իմանալով, որ Վլադիմիր Պուտինն այնուամենայնիվ ներկա է լինելու, ափսոսել էր: «Չգիտեի, որ Պուտինը ներկա է գտնվելու,- The Washington Post-ին խոստովանեց փաստաբանը՝ բացատրելով համաժողովին չմասնակցելու իր որոշումը և հավելեց,- ավելի լավ է զգուշանալ, քան համարձակություն դրսևորել»:

Ուկրաինայի հետ կապված աղմուկին գումարվեցին կասկածները՝ կապված Չինաստանի հետ: Ուրբաթ օրը CNN հեռուստակայանը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, տեղեկացրեց, որ Թրամփը Ջո Բայդենի հետ կապված իրավիճակը հունիսի 18-ին քննարկել է նաև Չինաստանի առաջնորդի հետ հեռախոսազրույցի ընթացքում: Բացի այդ, հայտնի դարձավ, որ ամերիկյան հատուկ ծառայությունների ևս մի աշխատակից պատրաստակամություն է հայտնել պատմելու Թրամփի և Զելենսկու հեռախոսազրույցի մասին: Այս նոր անանուն վկան արժեքավոր է այնքանով, որ ի տարբերություն առաջինի՝ անձամբ լսել է Թրամփի և Զելենսկու զրույցը:

Ռուդի Ջուլիանին իր թվիթերում գրեց, որ զարմացած է ևս մի «գաղտնի աղբյուրի» երևան գալուց, և համոզմունք հայտնեց, որ իմփիչմենթի հետաքննությունը պայմանավորված է քաղաքական շարժառիթներով:

Ի լրումն հեռախոսային աղմուկին անցյալ երեքշաբթի The New York Times-ը և այլ թերթեր տեղեկացրին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընթացիկ տարվա մարտին իր կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ առաջարկել է կրակել այն ներգաղթյալների ոտքերին, որոնք փորձում են անօրինական հատել Մեքսիկայի հետ սահմանը, բացի այդ առաջարկել է Մեքսիկայի հետ սահմանին կառուցվող պատին էլեկտրականություն անցկացնել, նաև պատել այն փշալարերով, սահմանին խրամատ փորել ու լցնել այն ալիգատորներով ու օձերով:

Իհարկե, Թրամփը հերքեց այդ տեղեկությունները: «Ես կարող եմ դաժան լինել սահմանին անվտանգության ապահովման հարցում, բայց ոչ այդքան: Մամուլը խելքը թռցրել է»,- հայտարարեց նա:

Մի ուրիշ գրառմամբ Թրամփը բացահայտ իր խնդիրների հիմնական պատճառը համարեց լրատվամիջոցները: Մասնավորապես նա հանդես եկավ CNN հեռուստաալիքի քննադատությամբ և առաջարկեց դրան այլընտրանք ստեղծել: Մինչ այս էլ նա մեղադրել էր CNN-ին ԱՄՆ-ի նկատմամբ ատելության մեջ: Նշեց նաև, որ մյուս ամերիկյան ԶԼՄ-ները նույնպես լավ չեն կատարում իրենց աշխատանքը, օրինակ՝ «Ազատություն» ռադիոկայանը և «Ամերիկայի ձայնը»:

Այսպես թե այնպես, նույն ամերիկյան լրատվամիջոցները տեղեկացրին, որ Թրամփի նկատմամբ իմփիչմենթի գործընթացի հետևանքով ընկել է ոչ թե Թրամփի, այլ Ջո Բայդենի վարկանիշը:

Շաբաթը բավական հուզախռով էր նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի համար:

Հիշենք, որ Ջոնսոնը բազմիցս է երդվել, որ ավելի շուտ կխեղդվի փոսի մեջ, քան կդիմի Բրյուսելին բրեքսիտի հերթական հետաձգման մասին, և խոստացել է ինչ գնով էլ լինի հոկտեմբերի 31-ին Բրիտանիան դուրս բերել Եվրամիությունից: Մինչդեռ իր կառավարությունը ստիպված է կատարել խորհրդարանի ընդունած օրենքը և Եվրամիություն նամակ ուղարկել բրեքսիտի հերթական հետաձգման մասին, եթե մինչև հոկտեմբերի 19-ը համաձայնություն ձեռք չբերվի ԵՄ-ի հետ: Սակայն շատ քչերն են հավատում, որ այնուամենայնիվ համաձայնություն ձեռք կբերվի: Երեք մարդ՝ խորհրդարանի պատգամավոր Ջոաննա Չերրին, փաստաբան Ջո Մոամը և բիզնեսմեն Դեյլ Վինսը միջնորդությամբ դիմեցին Շոտլանդիայի սեսիոն դատարան՝ խնդրելով որոշել, թե ինչ անել, եթե վարչապետն այնուամենայնիվ խախատի օրենքը:

Անցնող շաբաթվա ընթացքում լայնորեն քննարկվում էր այսպես կոչված «Շտայնմայերի բանաձևը»:

Ձգտելով ելք գտնել Կիևի կողմից Դոնբասին մշտական հիմունքներով հատուկ կարգավիճակ շնորհելու օրենքի արգելափակումից, ինչը նախատեսված էր Մինսկի համաձայնագրերով, ԳԴՀ-ի նախկին նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը դեռ 2015 թ. առաջարկել էր այն ուժի մեջ մտցնելու հատուկ կարգ: Այն է՝ Ուկրաինայի այդ տարածաշրջանի հատուկ կարգավիճակը կտրվի ժամանակավոր հիմունքներով այնտեղ արտահերթ ընտրությունների օրը: Իսկ մշտական հիմունքներով այն կսկսի գործել միայն ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի՝ քվեարկության արդյունքների օրինականությունը հաստատող հաշվետվությունից հետո:

Այդ գաղափարն այնուհետև հավանության է արժանացել 2015 թ. հոկտեմբերի 2-ին Փարիզում, «նորմանդական քառյակի» հանդիպման ժամանակ: Սակայն հետագայում Կիևը սկսել է լրացուցիչ պայմաններ դնել: Սեպտեմբերին «նորմանդական քառյակի» ղեկավարների խորհրդականները մի շարք խորհրդակցություններից հետո պայմանավորվեցին, որ «Շտայնմայերի բանաձևի» նկարագրությամբ տեքստը պետք է ստորագրվի Շփման խմբի բոլոր մասնակիցների կողմից որպես Մինսկի համաձայնությունների մյուս դրույթների աստիճանական իրականացման և Գերմանիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Ֆրանսիայի առաջնորդների նոր հանդիպման պատրաստության առաջին քայլ: Եվ այդ քայլն արվեց:

Դոնբասում կոնֆլիկտի կարգավորման Շփման խմբում Ուկրաինայի լիազոր ներկայացուցիչ Լեոնիդ Կուչմայի մամլո քարտուղարը հրապարակեց խմբում ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Մարտին Սայդիկին ուղղված նամակի պատճենը, որում ասվում է «Շտայնմայերի բանաձևին» Կիևի հավանություն տալու մասին:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ խոստովանեց, որ Կիևն իրականում պատասխանել է Սայդիկի նամակին և համաձայնեցրել է բանաձևի տեքստը, սակայն ավելացրեց, որ այժմ Ուկրաինան դեռ պետք է ներառի այն տարածաշրջանի հատուկ կարգավիճակի մասին նոր օրենքում: Ըստ նրա՝ այդ օրենքն ընդունվելու է խորհրդարանի կողմից նոր խմբագրությամբ մինչև տարվա վերջը, հասարակայնության հետ քննարկելուց հետո:

Սակայն այս քայլը, ամենայն հավանականությամբ, թանկ կնստի Զելենսկու համար: Հասարակությունը արձագանքեց դրան անցած կիրակի բազմահազարանոց հանրահավաքով ընդդեմ «Շտայնմայերի բանաձևի»: ԲիԲիՍի-ի թղթակցին հաջողվել է զրուցել հանրահավաքի մի շարք մասնակիցների հետ, և բոլորն էլ դժվարացել են պատասխանել, թե ինչ է այդ «Շտայնմայերի բանաձևը»: Սակայն համոզմունք են հայտնել, որ դա նշանակում է հանձնվել Կրեմլին: Նրանք խոստովանել են, որ կորցրել են անվտանգության զգացումը և վստահությունը վաղվա օրվա նկատմամբ:

Անցած շաբաթ աշխարահի ամենաթեժ կետերից էին, թերևս, Իրաքը և Հոնկոնգը:

Հոկտեմբերի 1-ին Իրաքում հակակառավարական ցույցեր սկսվեցին որպես ընդվզում աղքատության, գործազրկության և կոռուպցիայի դեմ: Բաղդադի և մյուս քաղաքների փողոցներ դուրս եկած մարդիկ պահանջում էին կառավարության հրաժարականը, իսկ մի շարք վայրերում, ներառյալ Բաղդադը, սկսված խաղաղ ցույցերը վերածվեցին զանգվածային անկարգությունների և բախումների ուժայինների հետ: Լույս հինգշաբթի գիշերը Բաղդադում, ինչպես նաև Էն Նասիրիա, Էլ Հիլլա և Էլ Ամարա քաղաքներում պարետային ժամ մտցվեց: Մարդկանց տեղաշարժման և երթևեկության սահմանափակման համանման միջոցներ կիրառվեցին այնուհետև մի շարք այլ քաղաքներում, հիմնականում՝ երկրի հարավում:

Ավելի քան 270 ցուցարար բերման ենթարկվեց այդ բողոքի ցույցերի ընթացքում և մոտ 100 մարդ զոհվեց:

Ավելի քան 30 մարդ էլ վնասվածքներ է ստացել Հոնկոնգում վերջին օրերին հերթական զանգվածային անկարգությունների ալիքի հետևանքով:

Ուրբաթ երեկոյան Հոնկոնգում կրկին բռնկվեցին զանգվածային անկարգություններ վարչակազմի ղեկավար Քերրի Լամի որոշումից հետո, որով արգելվեց բողոքի ցույցերի մասնակիցներին դիմակներ դնել: Արմատականները փակեցին ճանապարհները, վանդալիզմի գործողություններ կատարեցին խանութներում, կառավարական օբյեկտներում, մետրոյի կայարաններում, հրկիզումներ արեցին, իրավապահների վրա պայթուցիկ խառնուրդներով լցված շշեր շպրտեցին:

Անկարգություններից հետո քաղաքում փակվեցին մշակութային հաստատությունները, բանկերը, բազմաթիվ առևտրի կենտրոններ: Անորոշ ժամանակով դադարեցվեց աշխատանքը մետրոպոլիտենի բոլոր գծերում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: