Հայերեն   English   Русский  

​Կոմիտասի ժառանգությունն անգնահատելի է. Ա.Հարությունյան


  
դիտումներ: 549

Բեռլինի Հումբոլտի անվան համալսարանում այսօր մեկնարկել է «Կոմիտասը և իր ժառանգությունը» միջազգային գիտաժողովը`

նվիրված Վարդապետի 150-ամյակին: Գիտաժողովի բացման արարողությանը ներկա են եղել և ելույթ ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության դաշնային նախարարության պետքարտուղար Մարիա Ֆլախսբարթը, Բեռլինի Հումբոլտի համալսարանի փոխնախագահ, պրոֆեսոր Լյուդվիգ Քրոնթհալերը:

«Կոմիտաս Վարդապետն իր անփոխարինելի տեղն է զբաղեցնում հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ: Նրա ժառանգության դերը հայ ազգային երաժշտության մեջ անգնահատելի է, իսկ յուրօրինակ և չկրկնվող կոմպոզիտորականոճը չի ենթարկվում որևէ դասակարգման»,-ասել է նախարարը:

Ա. Հարությունյանն արձանագրել է, որ Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված գիտաժողովն ունի կարևորագույն նշանակություն ինչպես ոլորտի մասնագետների, այնպես էլ հանրության համար: «Վստահ եմ, որ այն կծառայի իր նպատակին և այս օրերի ընթացքում կլինի լավագույն փորձի փոխանակում, միջմշակութային երկխոսության խորացում և համագործակցային սերտ կապերի հաստատում»,-ասել է նախարարը: Ա. Հարությունյանը նաև շնորհակալություն է հայտնել գիտաժողովի կազմակերպիչներին` Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը, Բեռլինի Հումբոլտի անվան համալսարանին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտին, Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությանը, Բեռլինի պետական գրադարանին և Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանին:

Միջազգային համաժողովի մասնակիցներն այցելել են նաև այն ֆակուլտետ, որտեղ սովորել է Կոմիտասը, ծաղկեպսակ են դրել նրա հուշատախտակին՝ հարգանքի տուրք մատուցելով Վարպետի հիշատակին:

Գերմանիայում Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի շրջանակում նախատեսված են նաև ցուցահանդես, նրա ստեղծագործությունների ունկնդրումներ: Ներկայացուցչական հավաքի աշխատանքները կամփոփվեն հոկտեմբերի 10-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: