Հայերեն   English   Русский  

Հակոբ Մկրտչյան. «Հաղթանակը լրացուցիչ խթան է նորանոր հաջողություններ գրանցելու ճանապարհին»


  
դիտումներ: 1138

Թաիլանդում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում գյումրեցի ծանրորդ Հակոբ Մկրտչյանը 89 կգ քաշային կարգում հռչակվեց չեմպիոն` երկամարտում գրանցելով 375 կգ (167+208) արդյունք:

Նորընծա չեմպիոնն այժմ ծանրամարտի հավաքականի հետ Աբովյանում մասնակցում է ուսումնամարզական հավաքի` պատրաստվելով Բուխարեստում կայանալիք Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:
Անկախի հետ զրույցում Հակոբ Մկրտչյանը կիսվում է աշխարհի առաջնությունից ստացած տպավորություններով` կարևորելով յուրաքանչյուր հաղթանակ նոր նվաճումների ձեռքբերման ճանապարհին:


-Շնորհավորում ենք Թաիլանդում Ձեզ լավագույն կողմերով դրսևորելու և չեմպիոնի կոչումը նվաճելու կապակցությամբ:


-Շնորհակալ եմ: Լավ նախապատրաստական շրջան էի անցել` հագեցած ուսումնամարզական հավաքներով: Մեկնել

Հակոբ Մկրտչյան 2019

էի մրցավայր բարձր և մարտական տրամդրվածությամբ` հաղթելու նպատակով: Քրտանջան, ամենօրյա մարզումներն իրենց արդյունքը տվեցին:
Թաիլանդում ամեն բան ընթացավ նախատեսածին համաձայն: Մոտեցումից մոտեցում վստահությունս կրկնապատկվում էր: Ուրախ եմ, որ ամեն բան հաջող ընթացավ:


-Թիմային հաշվարկում 4 մեդալով (2 ոսկե, մեկ արծաթե, մեկ բրոնզե) ծանրամարտի հավաքականը 2-րդ տեղը զբաղեցրեց աշխարհի ուժեղագույնների պայքարում: Նկատելի է, որ թիմում համերաշխ մթնոլորտ է տիրում:


-Թիմային լավ հարաբերություններն օգնում են բոլորիս. ելույթներից առաջ միմյանց ոգեշնչում ենք, վստահություն հաղորդում: Մենք ցանկանում ենք հաղթանակներով ուրախություն պարգևել հայրենակիցներին:


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը:


-Հաղթանակը լրացուցիչ խթան է կարիերայումս նորանոր հաջոություններ գրանցելու և նվաճումներ ձեռք բերելու համար: Սա դեռ սկիզբն է, ամեն բան առջևում է, դեռ նոր հաղթանակներ ունեմ կերտելու: Մարզիկն իր ուսերին է վերցնում երկիրը պատվով ներկայացնելու առաքելությունը: Հաղթանակից հետո մեծ է երջանկությունը, երբ գիտակցում ենք, որ հայրենիքի համար արժեքավոր բան ենք արել, երկրի պատիվը բարձր ենք պահել, ծածանել ենք հայոց եռագույնը:
Այժմ Աբովյանում հավաքականի հետ մասնակցում ենք ուսումնամարզական հավաքների` բարձր տրամադրությամբ նախապատրաստվելով Բուխարեստում կայանալիք Եվրոպայի Մ-23 տարեկանների առաջնությանը:
Եվրոպայի առաջնությունից հետո անպայման պետք է փոխեմ քաշս. հանդես կգամ 96 կգ քաշային կարգում, որ կարողանամ մասնակցել օլիմպիական խաղերին:


Հակոբ Մկրտչյան 2019

-Ինչպե՞ս սկսեցիք զբաղվել ծանրամարտով, ո՞րն է հաջողության Ձեր գրավականը:


- Եղբայրս է տարել: Սկզբից պարզապես մարզվում էի: Մի քանի ամիս մարզվելուց հետո ոգեշնչվեցի, սիրեցի մարզաձևը: 2014 թ. Լեհաստանում Եվրոպայի պատանեկան առաջնությունում բրոնզե մեդալ նվաճեցի, այնուհետև պատանեկան օլիմպիական խաղերում չեմպիոն դարձա:
Մարդ պետք է սիրի այն գործը, որով զբաղվում է,անձնվեր աշխատի ու հաստատ կհասնի իր նպատակին:


-Մրցելույթից առաջ լարվածությունն ինչպե՞ս եք հաղթահարում:


-Բազմաթիվ մրցումների եմ մասանակցել` աշխարհի, Եվրոպայի առաջնություններ, միջազգային ստուգատեսեր: Ժամանակի ընթացքում կոփվել եմ, ելույթից ելույթ վստահություն ու փորձ ձեռք բերել: Ուստի կարողանում եմ հաղթահարել լարվածությունը, վստահ դուրս գալ մրցահարթակ և անել այն, ինչն ինձ մոտ ստացվում է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: