Հայերեն   English   Русский  

​ԵՄ երկրների առաջնորդները քննարկելու են Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը


Դա տեղի կունենա եկող շաբաթ


  
դիտումներ: 207

Եվրոպական միության (ԵՄ) անդամ պետությունների առաջնորդները եկող շաբաթ քննարկելու են Սիրիայում ծավալված ռազմական գործողության պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը:

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին այսօր France Inter ռադիոկայանի եթերով հայտնել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությանն առընթեր պետական քարտուղար Ամելի դը Մոնշալենը:

«Ակնհայտ է, որ այդ հարցը քննարկվելու է,- ասել է նա ի պատասխան լրագրողների հարցին:- Դա քննարկվելու է եկող շաբաթ Եվրոպական խորհրդի հանդիպման ընթացքում»:

Մինչ այս ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունում հայտնել էին, որ Անկարայի դեմ պատժամիջոցների հարցը քննարկվելու է նաև Եվրամիության խորհրդի նիստում ԱԳՆ-ների ղեկավարների մակարդակով, որը տեղի կունենա Լյուքսեմբուրգում հոկտեմբերի 14-ին:

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարեց Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» գործողությունն իրականացնելու մասին, որը սկսվեց Թուրքիայի ռազմաօդային ուժերի ավիահարվածներով քրդական խմբավորումների դիրքերի վրա: Գործողության նպատակը Սիրիայում բուֆերային գոտու ստեղծումն է, որը պետք է դառնա պաշտպանական շերտ թուրքական սահմանի համար: Այնտեղ, ըստ Թուրքիայի, կարող են վերադառնալ Թուրքիայից սիրիական փախստականները: Սիրիայի պետական SANA գործակալությունը գործողությունը ագրեսիա է որակել, իսկ միջազգային հանրությունը դատապարտել է Անկարայի գործողությունները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: